Սա մի յուրօրինակ փորձություն է, որի միջով պետք է անցնել․ ՍԴ դատավորի թեկնածու

Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում կառավարության առաջադրած թեկնածոը Վահրամ Ավետիսյանը այսօր շուրջ երեք ժամ հանդիպում է ունեցել ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավորների հետ։

Հանդիպումից հետո նա պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է, որ որպես ՀՀ քաղաքացի իր դիրքորոշում է հայտնել 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների մասին։

«Խմբակցության հետ քննարկումների ժամանակ հնարավորություն եմ ունեցել առավել չակերտները բաց ներկայացնել այդ մոտեցումները, բայց ուզում եմ մի բան հաշվի առնեք, որ ՍԴ դատավորի թեկնածուի նկատմամբ կիրառելի են ՍԴ դատավորի վարքագծի կանոնները, և ես չեմ կարող հրապարակային կարծիք արտահայտել այնպիսի հարցերի վերաբերյալ, որպիսիք կարող են հետագայում քննարկման առարկա դառնալ ՍԴ-ում» -ասել է Վահրամ Ավետիսյանը:

Հարցին, թե սպասո՞ւմ էր, որ իր թեկնածությունն առաջադրելուց հետո իր եւ իր հոր՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ Դավիթ Ավետիսյանի վերաբերյալ նման բուռն արձագանք կլինի, նա պատասխանել է. «Անկեղծ ասած՝ ոչ: Ես երբեւէ հասարակական գործունեությամբ չեմ զբաղվել եւև ՍԴ դատավորի գործունեությունը չեմ համարում այդպիսին: Առաջին 3 օրերի ընթացքում շոկային իրավիճակ էր և վերաիմաստավորելով այս պրոցեսները, հասկացանք, որ սա մի յուրօրինակ փորձություն է, որի միջով պետք է անցնել, որպեսզի հետագայում սպասվող առավել դաժան փորձություններին հնարավոր լինի դիմակայել»:

Արձագանքելով դիտարկմանը, թե իր հայրն է ժամանակին դակել քաղաքական դատավարությունների, այդ թվում՝ «Մարտի 1»-ի գործով մեղադրանքները, ինչի արդյունքում Հայաստանն ունեցել է քաղբանտարկյալներ, Ավետիսյանը ասել է․

«Այդ հարցը տարբեր ասպեկտներով քննարկվեց: Իմ մոտեցումը հետևյալն է, որ ես ամենևին չեմ ուզում արդարացնել նորանկախ Հայաստանում դատական համակարգում առկա խնդիրները: Նաև չեմ պատրաստվում դառնալ դատական համակարգի «մեղքերի» քավության նոխազը: Իմ հոր հետ կապված հարցադրումների առումով նշեմ, որ այստեղ անհրաժեշտ է հստակ պարզել վճռաբեկ դատարանի գործառույթը, արդյոք Վճռաբեկ դատարանը ըստ էության, գործ քննող դատարան է, թե ոչ: Արդյոք առկա են հստակ փաստեր, թե՞ խոսում ենք միայն ենթադրությունների մասին»: