Մենք սեպտեմբերի հարձակման հետևանքով ունենք 240 զոհ, ունենք մեր սահման ներխուժած օտարերկրյա զորք. Ալեն Սիմոնյան

Հայաստանի Հանրապետության նկատմամբ սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 240 զոհ: Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Այս թիվը հրապարակել է խոսելով Հայաստանի անվտանգությանը սպառնացող արտաքին վտանգների մասին:

«Հայաստանի Հանրապետությունը ենթարկվում է հարձակման, Հայաստանի Հանրապետության անվտանգության համակարգը ակնհայտ խնդիրներ է ցուցադրում։ Ես ներողություն եմ խնդրում, բայց ինձ որևէ մեկի տրամադրությունը, բացի ՀՀ անվտանգությունից, հետաքրքիր չէ։ Ես իմ երկրի սահմանները պետք է պաշտպանեմ։ Եվ այն պարտավորությունները, որոնք գործընկեր երկրները վերցրել են, պետք է ի կատար ածվեն։ Դա է մեր հիմնական նպատակը։

Թե ինչ-որ մեկը կնեղանա, ինչ-որ պրոպոգանդայի բյուրոյի անդամ իրեն վատ կզգա, կամ լավ չի զգա դա շատ երրորդական, չորրորդական հարց է։ Հայաստանն ամեն օր ենթարկվում է հարձակման, իսկ մենք լսում ենք տարբեր հեքիաթներ այդ հեռուստաալիքների հայտնի դերակատարների կողմից։

Մենք սեպտեմբերի հարձակման հետևանքով ունենք 240 զոհ, ունենք մեր սահման ներխուժած օտարերկրյա զորք։

Եվ ՀՀ-ն այդքան մեծ չէ, որպեսզի հանդուրժի թեկուզ մեկ մետր։ Հայաստանը ոչ մի երկրի հետ չի փչացնում իր հարաբերությունները, Հայաստանն ուզում է, որ իր նկատմամբ լինեն արդար, իր սահմանների հետ կապված պարտավորությունները, որոնք վերցվել են, ի կատար ածվեն, և դրա համար անելու է ամեն ինչ: Ստեղ էմոցիա չկա, սիրել-չսիրելու հարց չկա, կան պարտավորություններ», – ասել է ԱԺ նախագահը:

Նշենք, որ մինչ այժմ բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով հայտարարվել էր, որ սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 207 զոհ, անհետ կորածների թիվը 29-ն է: