Սեյսմիկ պաշտպանության վարչությունը շարունակելու է գործել որպես ՊՈԱԿ՝ ինչպես նախկինում

Վարչապետի հուլիսի 2-ի որոշումը, ըստ որի՝ դադարեցվում է Արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության վարչության գործունեությունը, սոցիալական ցանցերում մեծ աղմուկ է բարձրացրել, գրում է Fip.am-ը:  

Մի շարք ֆեյսբուքյան էջեր, արձագանքելով լրատվամիջոցների տված տեղեկատվությանը, հեգնել են՝ «Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ապագա ցնցումներից խուսափելու համար, դադարեցվում է սեյսմիկ պաշտպանության վարչության գործունեությունը», «Նիկոլի հրամանով Հայաստանում էլ երկրաշարժ չի լինելու», «Հայաստանը սեյսմիկ գոտում այլևս չի գտնվում» և այլն։ 

Մինչդեռ, նույն որոշմամբ պարզաբանվում է, որ ուժը կորցրած է ճանաչվում 2018 թ. որոշումը, ըստ որի՝ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ը պետք է դառնա վարչություն։ 

Արտակարգ իրավիճակների նախարարությունից ևս պարզաբանում են տարածել՝ նշելով, որ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը» շարունակելու է գործել որպես ՊՈԱԿ՝ ինչպես նախկինում։ 

«Հաշվի առնելով «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի գործառույթները՝ մասնավորապես հարաբերությունները տարբեր միջազգային կազմակերպությունների հետ, դիտացանցի աշխատանքների կարևորությունը, ինչպես նաև մասնագիտական այլ գործառույթներ, կառավարությունն առավել նպատակահարմար է համարել, որ Արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության վարչությունը շարունակի գործել նախկին կարգավիճակով՝ որպես ՊՈԱԿ»:

Այսպիսով, մտահոգությունները, թե դադարեցվում է Սեյսմիկ պաշտպանության վարչության գործունեությունը, տեղին չեն, քանի որ վարչությունը կշարունակի գործել նախկինի պես՝ որպես ՊՈԱԿ։