Արա Այվազյանի խոսքը և պատասխանները լրագրողների հարցերին Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսին

Հարց. Առաջին հարցս, պարոն Այվազյան, Ձեզ է ուղղված։ Արդեն իսկ բազմաթիվ են Ադրբեջանի կողմից Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմի դեպքերը, որոնք դրսևորվում են ինչպես ինքնության խեղմամբ, այնպես էլ եկեղեցու հիմնահատակ ոչնչացմամբ, ինչպես տեսանք:

Օրերս էլ տեղեկություն տարածվեց Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու արտաքին տեսքի փոփոխման մասին։ Բացի ԱԳՆ հայտարարություններից ի՞նչ այլ քայլեր են ձեռնարկվում Արցախում հայկական պատմամշակութային ժառանգությունը պահպանելու ուղղությամբ։

Արա Այվազյան. Շնորհակալություն։ Ձեր հարցի կապակցությամբ պետք է նշեմ, որ Արտաքին գործերի նախարարությունn արդեն բազմիցս անդրադարձել է, և այսօր կարող եմ վերահաստատել և արձանագրեl, որ Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության հարցը դարձել է նաև խաղաղ կարգավորման մաս։

Ապրիլի 13-ին Մինսկի խմբի համանախագահները իրենց հայտարարության մեջ անդրադարձել են նաև պատմամշակութային ժառանգության պաշտպանության և պահպանման անհրաժեշտությանը։ Մենք սերտորեն համագործակցում ենք UNESCO-ի հետ՝ ակնկալելով, որ առաջիկայում տեղի կունենա գնահատման առաքելության այցը տարածաշրջան, և լիահույս ենք, որ UNESCO-ն գործուն քայլեր կձեռնարկի այդ առաքելությունը կյանքի կոչելու ուղղությամբ։

Տեսեք, պատմամշակութային ժառանգության պաշտպանությունը, ընդհանրապես, նախ և առաջ, մարդու իրավունքների պաշտպանության մասին է, և պատահական չէ, որ դեռևս այս տարվա փետրվարի 2-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հատուկ զեկուցողներն այդ հարցին անդրադարձել են իրենց՝ Ադրբեջանին ուղղված կոչով։

Իրենց նամակում նրանք ընդգծել են հոկտեմբերի 8-ին Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր Տաճարի թիրախավորված ռմբակոծության հետաքննության անհրաժեշտությունը և միևնույն ժամանակ նրանք կարևորել են Մայր Տաճարի վերակառուցման աշխատանքներում Հայ առաքելական եկեղեցու դերակատարումը։

Այսօր մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն անպատասխան է թողել ՄԱԿ-ի փորձագետների կոչը, ավելին՝ նա միակողմանի կոպիտ միջամտությամբ ի ցույց է դնում, որ արհամարհում է միջազգային կառույցների, հատկապես՝ ՄԱԿ-ի, միջազգային հանրության և միջազգային իրավունքի նորմերը։

Պետք է հստակ նշեմ, որ Շուշիի Մայր Տաճարը, որը հանդիսանում է հայկական ամենախոշոր եկեղեցիներից մեկը, պետք է մնա Հայ առաքելական եկեղեցու պաշտանմունքի վայր։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ կայքից։