Լիլիթ Մակունցը ծանոթացել է Յուտա նահանգի բարձր տեխնոլոգիական ոլորտի հնարավորություններին

Ապրիլի 6-7-ը Յուտայի Համաշխարհային առևտրի կենտրոնի հրավերով ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը երկօրյա աշխատանքային այցով գտնվում էր Սոլթ Լեյք Սիթի քաղաքում (նման այցեր պարբերաբար կազմակերպում են ԱՄՆ-ում հավատարմագրված դեսպանների համար – դեսպ.)։Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ 

«Այցի նպատակն էր վերհանել Հայաստան-Յուտա տնտեսական և առևտրային հարաբերությունների հաստատման հնարավորությունները, ներկայացնել Հայաստանի տնտեսության առաջնահերթությունները, նախանշել երկկողմ համագործակցության այլ ուղղություններ։ 

Այցի ընթացքում դեսպան Մակունցը հանդիպումներ ունեցավ Յուտայի նահանգապետի տեղակալ Դեիդըր Հենդերսոնի, նահանգային օրենսդիր մարմնի ներկայացուցիչ սենատոր Քըրթիս Բրամբելի հետ, այցելեց Յուտայի համաշխարհային առևտրի կենտրոն, հանդիպում-քննարկում ունեցավ գործարար շրջանակների, հայ համայնքի ներկայացուցիչների հետ, Յուտայի համալսարանի Քեմ Գարդներ քաղաքականության մշակման ինստիտուտում մասնակցեց կին առաջնորդների քննարկմանը, ծանոթացավ նահանգի բարձր տեխնոլոգիական ոլորտի հնարավորություններին, հանդիպեց Յուտայի Հիսուս Քրիստոսի եկեղեցու նախագահ Ռասել Նելսոնի հետ»,- ասված է հաղորդագրությունում։