«Վարչապետի ու ԲՀԿ-ի հեռակա փոխադարձ կրակոցները բավական հեռու են քաղաքական գործընթաց կոչվելուց». Ռոբերտ Ղևոնդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը

– Պարո՛ն Ղևոնդյան, Ազգային ժողովում իշխանության ու ընդդիմության միջև կարծես անբովանդակ բանավեճ է ծավալվում ժամանակ առ ժամանակ։

Միմյանց հասցեին վիրավորանքներ ու մեղադրանքներ են հնչում, ԲՀԿ-ն պահանջում է կառավարության, իսկ ԼՀԿ-ն՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականը։ Ի՞նչ է կատարվում քաղաքական դաշտում։

– Եթե դուք նկատի ունեք վարչապետի ու ԲՀԿ-ի հեռակա փոխադարձ կրակոցները, պետք է նշել, որ դրանք բավական հեռու են քաղաքական գործընթաց կոչվելուց։ Եվ այդ երևույթը քաղաքական գործընթացների մակարդակի իջնելու հետևանք է։

Դա առաջին հերթին բխում է նրանից, որ իշխանությունը բավական հեռացել է այն օրակարգերից, որոնք առաջ են եկել հեղափոխության ժամանակ։ Եվ գործընթացներ են տեղի ունենում, որոնք չեն տեղավորվում հեղափոխության ժամանակ բարձրաձայնված և առաջ քաշված օրակարգերի տրամաբանության մեջ։

Որպես օրինակ՝ կարելի է նշել դատական համակարգում փոփոխությունների՝ եթե չասենք ընդհանրապես գոյություն չունենալը, ապա ակնհայտ դանդաղումը։ Կարող ենք օրինակ բերել Սահմանադրական դատարանի հետ կապված գործընթացները, երբ հեռացված դատավորների փոխարեն ընտրվեցին այնպիսի մարդիկ, որոնք բավական լուրջ խնդիրներ ունեն, կապված են նախկին իշխանության օրակարգի հետ։

Եվ հասարակ մի բան՝ իշխանության ներկայացուցիչները հենց իրենք էլ նշում են, որ, ճիշտ է, խնդիրներ կան, տվյալ թեկնածուի հետ կապված կիսում են մտահոգ մարդկանց կարծիքը, սակայն իրենք որոշել են համերաշխ լինել։ Սա բացարձակ չի տեղավորվում հեղափոխության արժեքների տրամաբանության մեջ։ Ի՞նչ է նշանակում համերաշխ լինել մարդկանց հետ, որոնք կասկածվում են հանցագործություններ կատարելու մեջ։

Եվ համերաշխ լինել հանցագործության կամ այն մարդկանց հետ, որոնք ունեն այնպիսի անցյալ, որը մերժվել է ժողովրդի կողմից, դա որևէ կերպ չի կարող համընկնել հեղափոխության արժեքների ու բերած օրակարգի հետ։

Այդ պատճառով էլ քաղաքական գործընթացները եկել ու հասել են այն մակարդակին, որ կարող է խորհրդարանում առաջին ու երկրորդ ուժերի ղեկավարների միջև տեղի ունենալ հեռակա անբովանդակ բանավեճ։

Եվ այդ հեռակա անբովանդակ բանավեճում որևէ քաղաքական դիվիդենդ Հայաստանի Հանրապետության համար չկա։ Ընդհակառակը, Հայաստանում քաղաքական դաշտն ավելի շուտ վերածվում է կրկեսի, որը հնարավոր չէ որևէ կերպ դրական զարգացում համարել Հայաստանի համար։

Նույնը կարելի է ասել նաև «Լուսավոր Հայաստանի» հետ կապված։ ԼՀԿ-ն վերցրել է մի օրակարգ, որը սպասարկում է որոշ անձանց շահերը։ Ընդ որում, վերցնելով այդ օրակարգը՝ ԼՀԿ-ն չի կարողանում նույնիսկ բացահայտել առկա խնդիրները ու դրանք ներկայացնել հանրության դատին։

Այսինքն՝ Հայաստանում քաղաքական գործընթացը ցածր մակարդակի է հասել։ Եվ սրա պատճառը մի կողմից այն իրավիճակն է, որ ընդդիմադիր դաշտում չկա կառուցողական ուժ, մյուս կողմից՝ այն է, որ իշխանությունը քայլ առ քայլ հեռանում է իր հռչակած հեղափոխական արժեքներից։ 

– Խորհրդարանական ընդդիմությունն այդ քայլերով ինչի՞ է ձգտում։

Խորքային առումով հնարավոր է, որ ընդդիմությունն ունի իր որոշակի ռազմավարությունը և նպատակները, որոնք կարող են համընկնել կամ չհամընկնել այլ մարգինալացված ուժերի հետ։

Սակայն այն գործընթացները, որոնք տեղի են ունենում, և որոնց մասնակցում է ձեր նշած ընդդիմությունը՝ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն, ցույց են տալիս, որ նրանց որդեգրած ռազմավարությունը հնարավոր թույլ օղակներին հարվածելով՝ իշխանության կազմաքանդումն է։

Կա այսպիսի դրույթ՝ ցանցակենտրոն պատերազմներ, որի իմաստն այն է, որ ցանցի թույլ օղակներին հարվածելով՝ հնարավոր է ցանցի կենտրոնական հատվածի նկատմամբ որոշակի գործողություններ իրականացնել, կենտրոնը քայքայել։

Այսինքն՝ խորհրդարանական ընդդիմություն կոչվածը փորձում է նույնկերպ թուլացնել իշխանության հիմքերը, կենտրոնին հարող որոշակի հատվածը, ինչը, ըստ նրանց պատկերացումների՝ կբերի ընդհանուր իշխանության կառուցվածքի ու ցանցի թուլացմանը, և հնարավոր կլինի իշխանության փոփոխություն իրականացնել։

Այստեղ շատ կարևոր է այն հանգամանքը, թե ընդդիմությունն իշխանության փոփոխություն իրականացնելու արդյունքում ինչպիսի նոր իշխանություն է տեսնում։ Ամենայն հավանականությամբ ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի դեպքում, կարծում եմ, ամեն մեկն իրեն է տեսնում նոր իշխանության դերում։

Սակայն քաղաքական դաշտում քաղաքական գործընթացների ընթացքն այդպիսի հնարավորություններն այս պահին բացառում է։

– Արտախորհրդարանական ուժերի հետ նրանց միավորվելը հնարավո՞ր է։

– Նրանք գուցե ունեն խորքային պատճառներ, որոնք նաև հարում են այլ ուժերի՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին նպատակներին։

Իհարկե հնարավոր է։ Մենք գիտենք, որ ԲՀԿ ղեկավարը բավական սերտ կապեր ունեի ներկայումս արդեն հավանաբար իր իշխանության վերջին ժամանակներն ապրող Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, կապեր ունի նաև Ռուսաստանում։

ԼՀԿ նախագահի՝ ռուսական շրջանակների հետ որոշակի կապերի մասին ևս տեղեկություններ կան։ Եվ կան նաև միջնորդավորված փոխհարաբերություններ ԲՀԿ-ի, ԼՀԿ-ի, Հայաստանում արտախորհրդարանական ուժերի և նրանց արտաքին հովանավորների միջև։

Իհարկե, այն բոլոր գործընթացներում, որոնք իրականացնում են այս երկու խորհրդարանական ընդդիմություն կազմող ուժերը, որոշակիորեն ներառված է նաև արտաքին հետքը։

Եվ այդ արտաքին հետքի դրսևորումները մենք տեսնում ենք որոշ դեպքերում, երբ, օրինակ՝ իրականացվում են գործընթացներ, որոնք չեն բխում քաղաքական զարգացման տրամաբանությունից։

Դրանցից է, օրինակ՝ վերջերս երկրորդական կուսակցության ու երկրորդական դերակատարի կազմակերպած հանրահավաքը, որն իրականում հանրահավաք էլ չէր, որովհետև այնտեղ այնքան քիչ մարդ կար։

Դա հավանաբար փորձ էր դրանից հետո ավելի մեծ հանրահավաք կազմակերպելու։ Եվ քանի որ ակնհայտ է, որ ավելի մեծ հանրահավաք կազմակերպելու շանսերն ավելի փոքր են, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը այդ դիսկուրսը այլևս չի տանում։ 

Այսինքն՝ կան որոշակի ծրագրված ու նախատեսված քաղաքական գործողություններ՝ թե՛ այս ուժերի կողմից, թե՛ նրանց փոխկապակցված այլ ուժերի պատվերով, որոնք քայլ առ քայլ փորձում են իրականացնել։

Թե դա ի՛նչ արդյունքների կհանգեցնի, կախված կլինի Հայաստանում քաղաքական իրավիճակի փոփոխությունից և իշխանության կողմից իրականացվող գործողություններից, ինչպես նաև ընդդիմադիր դաշտում նոր ուժերի ձևավորումից ու այդ նոր ուժերի կողմից կատարվող քայլերից։ 

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am