«Տեսնում ենք, որ բանակը և ժողովուրդը ճակատում արտաքին թշնամու դեմ են կռվում, իսկ ներքին թշնամին ներսում է օտարի օգտին քայլեր կատարում»․ Վարուժան Ավետիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է «Ազգային ժողովրդավարական բևեռի» նախաձեռնող խմբի անդամ, պահեստազորի սպա Վարուժան Ավետիսյանը

– Պարոն Ավետիսյան, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը մի քանի օր է՝ լարված է, ինչո՞վ է պայմանավորված այս փուլում ադրբեջանական կողմից այս ագրեսիան։

– Մեր գործընկեր Ժիրայր Սեֆիլյանն ասել է մեր դիրքորոշման մասին։ Պետք է հասկանանք, որ մեր տարածաշրջանն էլ արդեն քաոսային վիճակի մեջ է մտնում։ 

Այնպես որ, պետք է այս ամենն ընկալելով պատկերացնենք իրավիճակը և հասկանանք, որ լուծումը Հայաստանի Հանրապետության վերակերտումն է՝ առաջին հանրապետության իրավահաջորդության հիման վրա՝ իր բոլոր բաղադրիչներով։ 

Այլևս Լենին-Աթաթուրք դաշինքի և դրա ռելիեֆի վրա ձևավորված ստալինյան տրամաբանությամբ ու սահմաններով, ստալինյան սահմանադրության ոգով և բովանդակությամբ, այսպես կոչված, երրորդ հանրապետության թատրոնը խաղալու ժամանակներն անցնում են։ 

Եթե մենք սա չգիտակցենք և չգնանք առաջին հանրապետության իրավահաջորդության վրա հիմնված ռազմավարությամբ ՀՀ-ն վերակերտելու ճանապարհով, այդ թվում՝ սահմանների հարցը լուծելու, ապա մենք կարող ենք ազգային աղետի առաջ կանգնել։

Փառք Աստծո, մենք տեսնում ենք, որ այդ ներուժը հիմա ունենք։ Մեր բանակի անձնուրաց և շատ գրագետ գործողությունների շնորհիվ մենք կարողանում ենք առայժմ գերակշռող դիրք ունենալ հակառակորդի նկատմամբ։ 

Եվ տեսնում ենք, որ թեև հակառակորդը հզոր զենքեր ունի, բայց ներսից փտած է, շատ թույլ է։ Եվ միաժամանակ թշնամին արդեն դիմում է մարդկության դեմ ուղղված պատերազմի հանցագործությունների՝ թիրախավորելով բնակավայրեր, անգամ մանկապարտեզներ։ Մենք լիուլի առիթ ու իրավունք ունենք իրականացնելու այն, ինչի կոչված ենք։ Կրկնում եմ՝ վերակերտել Հայաստանի Հանրապետությունը 100 տարի առաջ միջազգայնորեն ճանաչված իր սահմաններով։ 

Առաջին փուլով, ինչպես պարոն Սեֆիլյանն է այս օրերին նշել մի քանի անգամ, մենք պետք է Ստալինի կամայական ու զիգզագ սահմանները շտկենք, ռազմավարական նպաստավոր բարձունքները գծելով՝ գոնե պետք է ապահովագրենք մեր սահմանները, ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը ուղիղ նշանակետից։ 

Հետո մնացածի մասին կմտածենք։ Այսինքն՝ այսպիսի ռազմավարական, մեծ տրամաչափի մտածողությամբ պետք է հարցեր լուծենք, ոչ թե մեկ փոքր հաջողությամբ բավարարվենք ու նստենք սպասենք, թե հակառակորդը քանի գրոհ է մեզ վրա ձեռնարկելու, և մենք ինչպես ենք պաշտպանվելու։ Այս մոտեցումը լուծման չի տանելու։ 

Սողացող պատերազմը կշարունակվի, և մենք կշարունակենք արյունաքամ լինել, ինչպես արյունաքամ ենք լինում 1994 թվականի այս կեղծ և անհեթեթ հրադադարի ռեժիմից հետո։

Մենք պետք է հասկանանք, որ մեծ լուծումների ու մտածելու ժամանակն է։ Բախտը նորից ժպտում է մեզ, և մենք պետք է այդ հնարավորությունը բաց չթողնենք։ Այստեղ, իհարկե, առաջին ու հիմնական խոսքը երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանն է, որը պետք է համահունչ ու ներդաշնակ լինի ժամանակի մեծությանը, այդ մեծության ոգուն ու տրամաբանությանը և չխճճվի առօրյա ճղճիմության, կենցաղային մակարդակի գործընթացների մեջ։ Պետք է պատռել այդ արհեստական պատյանները, պատնեշները հաղթահարել մտքով ու կամքով և դուրս գալ։ 

Մեր ժողովուրդը պատրաստ է, տեսնում ենք, որ ժողովուրդը զանգվածաբար պատրաստ է կամավորագրվելու։ Մենք գիտենք, որ նման դեպքերում հայ ազգը մոբիլիզացիայի հզոր ռեսուրս ունի։ Այդ հրաշքից պետք է լիուլի օգտվել։

Մենք կարող ենք գրեթե առանց կորուստների խուսափել սողացող պատերազմի արյունալի հետևանքներից և ոչ միայն բացառել աղետը, այլ նաև թռիչքային զարգացման հնարավորություն ստեղծել մեր ազգի համար։ Բախտորոշ ժամանակաշրջան է, պետք է դրան համահունչ քայլել։

– Այս օրերին որոշ շրջանակներ բանակի հաղթանակը փորձում են կապել նախկին իշխանությունների հետ՝ նսեմացնելով ներկա իշխանության դերը։ Օրինակ՝ բանակի հաջողված գործողությունները Խաչատուրովին են վերագրում և այլն։ Ի՞նչ նպատակ ունի այս քարոզչությունը։

– Որպես նախկին զինվորական՝ ես կասեմ, որ այսպիսի գործողությունները չպետք է առանձին անձերի վերագրել։ Մենք տեսնում ենք, որ պետության ամբողջ ռազմաքաղաքական համակարգն է ներգրավված, այլ կերպ չէր կարող լինել, պետությունը չի կարող մասնակի աշխատել։ Այնպես որ, որևէ զորամիավորման հրամանատար չի կարող վճռորոշ նշանակություն ունենալ։ Ամբողջ երկիրն է դիմադրում, ժողովուրդն է դիմադրում։

Հասկանալի է, թե ինչու է նրանց այս քարոզչությունը, քաղաքական որոշակի նպատակներ ունեն։ Ընդհանրապես այդ նախկինների վերաբերյալ մենք արդեն երկու տարի անդադար կրկնում ենք, որ մինչև այդ քաղցկեղը մեր պետության, հանրային կյանքի օրգանիզմից չհեռացվի հայկական Նյուրնբերգի և ամբողջական լյուստրացիայի միջոցով, մենք չենք կարող ձեռք բերել կենսունակություն և դիմադրողականություն չենք ունենալու։ 

Ահա տեսնում ենք, որ բանակը և ժողովուրդը ճակատում արտաքին թշնամու դեմ կռվում են, իսկ ներքին թշնամին ներսում է փորձում դրանից շահաբաժիններ ստանալ և օտարի օգտին քայլեր կատարել։ Առավել ևս հաշվի առնելով պատերազմական վիճակը՝ պետք է կտրուկ և արդյունավետ միջոցներ ձեռնարկվեն՝ այդ քաղցկեղը ապամոնտաժելու համար։

– Այսինքն՝ իշխանությունները հանդուրժո՞ղ են նրանց նկատմամբ։

– Հանդուրժելն իր հերթին, պարզապես փորձ արվեց և դեռ այս մարտավարությամբ է ղեկավարվում գործող իշխանությունը, որ հեշտ է նախկիններին թողնել և ամեն անգամ նրանց մատնացույց անել և ասել՝ տեսեք, եթե մենք չլինենք, նրանք կգան։ 

Սա վտանգավոր խաղ է։ Եվ պետությունը ազգին պահում է անցյալի ու ներկայի միջև։ 

Մինչդեռ մարդն ընդհանրապես պետք է լինի ներկայի ու ապագայի միջև։ Անցյալը, ինչպես Գևորգ Չաուշն էր ասում, մի հայելի է, որ նայում ես նրա մեջ ու տեսնում ապագան։ Այսինքն՝ անցյալին պետք է անդրադառնալ միայն ապագան տեսնելու նպատակով, ոչ թե անցյալում դոփենք։

Սա ևս ասածս մասշտաբային անհրաժեշտ լուծումների տրամաբանության մեջ է։ Երբ ասում եմ՝ ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է իրավիճակը հայանպաստ ձևով հանգուցալուծի, ապա ներքին տականքից ու կեղտից երկիրը մաքրելը դրա մի բաղադրիչն է։ Շատ հեշտությամբ կարող են այս հարցը լուծել՝ այսօր արդեն պատերազմի վիճակի տրամաբանության մեջ։ Իհարկե հարցը պետք է լուծել անցումային արդարադատության ամբողջական գործիքի օգտագործմամբ։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am