«UWC Դիլիջան» դպրոցում կայացավ վիզուալ արվեստների ցուցահանդեսի բացումը. Լուսանկարներ

«UWC Դիլիջան» դպրոցում տեղի է ունեցել «Ֆաուհաուս. hետահայաց» խորագրով վիզուալ արվեստների ցուցահանդեսի բացումը, որի շրջանակում ներկայացվեցին 27 նկարիչների գործեր աշխարհի տարբեր երկրներից (Հայաստան, Սիրիա, Էստոնիա, Միացյալ Թագավորություն, Վիետնամ, Իտալիա, Ռուսաստան, Բրազիլիա, Չինաստան, Նեպալ, Արգենտինա, Պերու, Կոլումբիա, Նորվեգիա, Վրաստան, Մեքսիկա, Ուկրաինա): 

Կորոնավիրուսի համավարակը և Արցախյան պատերազմը խորապես ազդել են UWC Դիլիջանի դպրոցական համայնքի վրա՝ ստիպելով շատ իրողությունների նայել այլ տեսանկյունից, առաջադրելով սուր հարցեր  կյանքի իմաստի, ընտանիքի, հասարակության, բնության, պատմության, մշակութային ժառանգության և արվեստի մասին: Ցուցադրվող աշխատանքներն, ըստ էության, այս հարցերի պատասխանները փնտրելու փորձ են: Ցուցահանդեսը ստիպում է այցելուներին մտորել այս կարևոր հարցերի շուրջ:

Վիզուալ արվեստների ցուցահանդեսն ամենամյա միջոցառում է, որն անցկացվում է դպրոցի բացումից ի վեր (2014 թ.) և ներկայացվում որպես ամփոփում՝ վիզուալ արվեստների դասընթացի:  «Վիզուալ արվեստ» առարկայի միջոցով ուսանողներն ինքնարտահայտվում են՝ ընտրելով արվեստի տարբեր ուղղություններ. նկարչություն, կոլաժ, լուսանկարչություն, տպագրություն և այլն: Ուսանողները կարող են փորձել արվեստի գործերի ստեղծման բոլոր մեթոդները, ընտրել, թե որ աշխատանքներն են իրենց համար լավագույնը և կերտել իրենց ուրույն ստեղծագործական ուղին:

Այս տարի ուսանողներն իրենց առջև բարդ խնդիր են դրել՝ ֆովիստներից (20-րդ դարասկզբի մոդեռնիստական արվեստի ուղղություն) ոգեշնչված վառ և վայրի անհատականությունը համադրել Բաուհաուսի (գերմանական արվեստի ազդեցիկ դպրոց) տեխնիկայի և վարպետության խիստ կանոններիի հետ: Արդյունքը այս հավաքածուի գործերն են:

«Կարևոր է հասկանալ, որ վիզուալ արվեստների դասընթացը պարզապես արվեստանոց չէ, որտեղ ստեղծվում են արվեստի գործեր, այն ստեղծարար լաբորատորիա է, որտեղ ուսանողներն ազատ են փորձարկումներ անելու, հարցեր տալու, ձախողելու և կրկին փորձելու, սովորելու անցյալից, ներկայից և պատկերացնելու ապագան»,-ասում է «UWC Դիլիջան» միջազգային դպրոցի Գեղարվեստի բաժնի ղեկավար Յարոսլավ Զաբավսկին,-«Վստահ եմ, այս հմտությունները մեծ արժեք կունենան վաղվա անորոշ աշխարհում, որը պահանջելու է ճկունություն, հարմարվողականություն և ստեղծագործ մտածողություն: Համավարակի հետևանքով ստեղծված անորոշության և Արցախյան պատերազմի ընթացքում ես ինքս ինձ հարց էի տալիս՝ արդյոք մեր ջանքերը վիզուալ արվեստում տեղին են և իմաստալից, արդյոք մեր ստեղծագործական ինքնարտահայտման փնտրտուքը կարող է հակազդել իրականությանը: Կրկին և կրկին, ես հայտնաբերեցի հետևյալը ճշմարտությունը. ստեղծագործական ինքնարտահայտման ցանկությունը ամենաբնական և մարդկային որակներից մեկն է, որ մենք ունենք: Հետևաբար, երբ ժամանակներն անորոշ են և խրթին, արվեստն ու ստեղծարարությունը կարող են օգնել մեզ գտնելու մեր ճանապարհը դեպի ապագա»: