«Պայթյունավտանգ իրավիճակ է, որովհետև Հայաստանում երբևէ քարոզարշավն այսքան ատելության, բռնության բառապաշարով չի ուղեկցվել». իրավապաշտպան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը

Տիկի՛ն Հովհաննիսյան, արդեն մեկ շաբաթ է՝ ընթանում է քարոզարշավը: Ինչպե՞ս եք գնահատում քաղաքական ուժերի ղեկավարների ու թիմակիցների հռետորաբանությունը: Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը մուրճով սպառնում է իր քաղաքական հակառակորդներին, Ռոբերտ Քոչարյանը կազմակերպություններ փակելու մասին է զգուշացնում:

– Ցավալիորեն մի իրավիճակում ենք, որը կարելի է նույնիսկ պայթյունավտանգ որակել, որովհետև Հայաստանում երբևէ քարոզարշավն այսքան ատելության խոսքով, բռնության բառապաշարով և սպառնալիքներով լեցուն չի եղել:

Սա ամեն օրը հանրությանը մոտեցնում է բավական խոր ճգնաժամի և պայթյունավտանգ իրավիճակի, որ այդ բոլոր սպառնալիքները կարող են նույնիսկ իրականություն դառնալ և դուրս գալ այլ տիրույթ, որն ամենևին վիրտուալ չէ:

Այն, որ այսօր ընտրարշավին մասնակցում են Հայաստանի անկախացման տարիներին որևէ ներդրում ունեցած քաղաքական հիմնական դերակատարներն իրենց թիմերով, ինքնին էլ ավելի է լարում իրավիճակը:

Այն, որ բոլոր խմբերը, առանց բացառության, հնչեցնում են ատելության խոսք և նույնիսկ սպառնալիքներ, հստակ է, բայց այս ամբողջ գործընթացում պետք է առանձնացնել պետության դերը: Եթե դրան ներառվում է պետության փաստացի ղեկավարող խումբը, ապա դա արդեն վտանգներով լի է, որովհետև պետությունը պետք է լիներ այն զսպիչ մարմինը, որը պետք է կարգավորեր թե՛ ատելության խոսքը, թե՛ սպառնալիքների միջոցով բռնության գործադրումը:

Կարծում եք՝ քաղաքական ուժերի ղեկավարները միտումնավո՞ր են այս գործելաոճը որդեգրել:

– Հայաստանում ինքնին քաղաքական մշակույթը շատ ցածր է, որովհետև մենք բոլոր ընտրությունների ժամանակ տեսել ենք նման բազմաթիվ երևույթներ, երբ բովանդակային քննարկումներից դուրս եղել են մեդիա միջոցներով ընտրազանգվածի վրա հոգեբանական ճնշումներ գործադրելու տարբեր փաստեր:

Ես կարծում եմ, որ սա այդ մշակույթի տրամաբանական շարունակությունն է, երբ բովանդակային քննարկումներից խուսափելով՝ ավելի շատ կենտրոնանում են անձանց վրա, անցյալի, ներկայի, որոնք բերում են ոչ թե բովանդակային քննարկումների, այլ՝ անձնական և խմբային տիրույթում մարդկանց միջև բախումների:

– Տիկի՛ն Հովհաննիսյան, եթե քաղաքական ուժերը բովանդակային քննարկումներ չեն ծավալում, ըստ էության, ծրագրեր չեն առաջարկում՝ ի՞նչ է ստացվում, որ հանրությունը պետք է ընտրի այն քաղաքական ուժին, որն ավելի լա՞վ է սպառնում իր հակառակորդներին, թե՞ որն ավելի եռանդով է ատելության խոսք տարածում: Այս կերպ քաղաքական ուժերը ո՞ւր են ուզում հասնել և հասցնել պետությունը:

– Իրենց հասանելի կետը հասկանալի է՝ ավելի շատ քվե ստանալ ցասման, ատելության և զայրույթի միջոցով: Բայց նրանք անտեսում են մի ասպեկտ, որը հանրային դաշտում միմյանց նկատմամբ ատելությունն է կամ խմբային բախումներն են, որոնք կարող են տեղի ունենալ, և կարճաժամկետ խնդիր լուծելու պարագայում իրենք հասարակությանը հասցնում են լարվածության մի կետի, որը կարող է ուղղակի բախումների բերել, հենց իրենք նպաստելու են այն լարման հանգուցալուծմանը, որը բախումները կարող է բավական իրական դարձնել:

– Հնարավոր համարո՞ւմ եք, որ այդ հանգուցալուծումը լինի հունիսի 21-ը, երբ Նիկոլ Փաշինյանը մարդկանց հրավիրում է Հանրապետության հրապարակ՝ ընտրությունների արդյունքներն ամփոփելու: Առհասարակ, այս մթնոլորտը կարո՞ղ է հանգեցնել քաղաքացիական պատերազմի:

– Չեմ ցանկանում այդ լարվածությունը գեներացնողների ևս մեկ օղակը հանդիսանալ: Այսինքն՝ կարծում եմ, որ հանրությունն ավելի խելամիտ և հասուն է, քան այն քաղաքական գործիչները, որոնք տարբեր մանիպուլյացիաներով փորձում են հասնել իրենց կարճաժամկետ նպատակներին:

Կարծում եմ, որ հանրությունը զերծ կմնա հնարավոր բախումներից, ուստի չեմ ուզում բացասական կանխատեսումներին ևս մեկն ավելացնել: Բայց որ քաղաքական ուժերի ձգտումը միանշանակ դա է, որ հնարավոր լարումները, գերպրկված իրավիճակը իրենց քաղաքական դիվիդենտներ բերի, ակնհայտ է:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am