«Եթե անգամ կինը սպանվում է, մեղքը բարդում են նրա վրա, որ ինքն է հրահրել, ինքն է առիթ տվել. կնոջը թիրախավորելու մոտեցումը շատ տարածված է». իրավապաշտպան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը

– Տիկի՛ն Հովհաննիսյան, երեկ հանրապետությունը կրկին ցնցվեց ընտանեկան բռնության հերթական ահասարսուռ ողբերգությամբ։ Գյումրիում բռնության հետևանքով հայտնաբերվել է 43-ամյա կնոջ դի, նրա 13-ամյա աղջիկը ծայրահեղ վիճակով տեղափոխվել է մայրաքաղաք, որտեղ վիրահատության է ենթարկվել, գտնվում է ծանր վիճակում։ Դատախազի հաղորդմամբ՝ դեպքից 8 ժամ անց է ահազանգ եղել, այն էլ՝ բռնարարի մայրն է ահազանգել, միգուցե վախենալով նաև երեխայի կյանքի համար։ 8 ժամ լռություն։ Ինչի՞ մասին է խոսում հասարակության անտարբերությունը։

 – Այսինքն՝ հնարավոր էր կնոջ կյանքը փրկել, եթե ժամանակին լիներ կանխարգելման որևէ գործողություն: Իրականում ամբողջ ընտանեկան բռնության պատկերացումը հասարակության մեջ ձևավորվում է, որ դա անձնական կյանքի տիրույթ է, և եթե անձն ինքը չի բարձրաձայնում դրա մասին, ապա չպետք է դրան խառնվել: 

Երբ պետք է մարդկանց անձնական կյանքի մեջ մտնել, չեն մտածում, որ դա անձնական կյանքի տիրույթ է, չպետք է խառնվել մարդկանց անձնական կյանքին, թե ով ում հետ է ապրում կամ ով ում հետ է իրեն ավելի լավ զգում, կամ արդյոք մարդիկ ամուսնական հարաբերությունների մեջ են, թե ոչ, բոլորին դա հետաքրքրում է, և չեն համարում, որ դա էթիկայի խախտում է:

Մտնում են նրանց անձնական կյանքի տարածք, փորփրում են նրանց անձնական կանքը, բայց երբ հերթը հասնում է բռնության, և երբ պետք է հստակորեն գնահատական տան և նաև իրենց գործողություններն իրականացնեն տվյալ դեպքի կանխարգելման ուղղությամբ, նրանք տարօրինակ անտարբերություն, պասիվություն կամ ամենաթողություն են դրսևորում: 

Այսինքն՝ եթե տղամարդը կնոջ հետ որևէ հարաբերություն ունի, լիիրավ է նրա հետ անել ինչ ուզում է: Այսպիսի ընկալում կա հասարակության մեջ, որը, իհարկե, սարսափելի է: Մենք դրա հետևանքները առաջին անգամ չէ, որ տեսնում ենք:

– Երեկվանից սոցիալական ցանցերը պայթում են մահացած կնոջ հանդեպ տեղացող մեղադրանքներից։ Գլխավոր մեղադրանքներից մեկն այն է, թե 43-ամյա կինն ի՛նչ կապ ունի 28 տարեկան տղամարդու հետ։ Այսինքն՝ կրկին, բոլոր իրավիճակներում էլի կինն է մեղավոր։ Ինչո՞ւ։

– Կնոջը անընդհատ թիրախավորելու և մեղադրելու մոտեցումը շատ տարածված է հասարակության մեջ: Այսինքն՝ զոհին թիրախավորելու, նրա վրա մեղքը բարդելու, որ ինքն է մեղավոր, որ իր հետ կատարվել է նմանատիպ բան: Ցավոք, մեր հասարակությանը շատ բնորոշ է այդ մոտեցումը, որ ցանկացած վատ բան, որը կատարվում է, և անգամ կինը սպանվում է, մեղքը բարդում են կնոջ վրա, որ ինքն է հրահրել, ինքն է առիթ տվել: 

– Տիկի՛ն Հովհաննիսյան, ի՞նչ հավելյալ տեղեկություններ կան դեպքի հետ կապված։ 

– Գիտեմ, որ մեր Գյումրիի անդամ կազմակերպություններից փորձել են այցելել, առավել շատ տեղեկություն ունենալ, նախ՝ աջակցել փոքրիկին, որը բավական ծանր վիճակում է, և դեռևս որևէ հնարավորություն չի եղել, քանի որ երեխան շատ ծանր վիճակում է, և որևէ հարազատ ի հայտ չի եկել, որպեսզի նրա միջոցով հասկանանք, թե ինչ է կատարվում: Անգամ բույժքույրերն ասել են, որ ոչ ոք չի գալիս, չի գնում: Երեխային այս պահին այցելող չկա:

– Ի՞նչ լուծում ունի այս հարցը: Ի՞նչ պետք է լինի, որ նման դեպքերը չկրկնվեն։ 

– Լուծման միջոցներից կարևորագույնն այն է, որ փոխենք մեր պատկերացումները, և դրա համար պետք է ավելի լայն գործողություններ իրականացնել՝ տեղեկատվական արշավների տեսքով, օրենքների փոփոխության տեսքով:

Այն, որ ընտանեկան բռնությունը քրեականացված չի Հայաստանում, արդեն իսկ հանգիստ թույլ է տալիս, որ ցանկացած բռնարար իրեն կոնֆորտ զոնայում զգա և շարունակի գործել: Սա այս տարի զուգընկերոջ կողմից կնոջ նկատմամբ մահվան ելքով երկրորդ դեպքն է: Զուգընկեր հասկացությունը մեր օրենքով չի ամրագրվել որպես ընտանեկան միավոր: 

Ոստիկանությունը չունի գործուն մեխանիզմներ, մենք ունենում ենք նորից դեպքերի սրացում, կրկնում եմ՝ և օրենքը կարծես այդքան էլ միտված չէ, կամ մեխանիզմներն այդքան հստակ մշակված չեն, որ կանխարգելեն ընտանեկան բռնությունը և իրական պաշտպանություն տրամադրեն: 

Օրենքը պետք է փոխվի, միանշանակ է, ընտանեկան բռնությունը պետք է քրեականացվի, Քրեական օրենսգրքում պետք է որպես լրջագույն հանցագործություն դիտարկվի ընտանեկան բռնությունը, որպեսզի հստակ լինի, որ տվյալ անձը բռնության գործադրելիս քրեական պատասխանատվության կենթարկվի, և դա կլինի ոչ միայն պատժիչ, նաև ընտանեկան բռնության կանխարգելիչ գործողություն:

Երկրորդ՝ պետք է բոլոր հիմքերը հաշվի առնվեն, նաև զուգընկերային հարաբերությունները, փաստացի մենք ունենում ենք զուգընկերների կողմից դաժանագույն վերաբերմունք և ձևեր, բայց օրենքը դրանք չի դիտարկում որպես ընտանեկան հարաբերություններ և ընտանեկան բռնության դեպք:

– Ինչպես նախորդ դեպքերում, օրինակ՝ կացնահարված Թագուհի Մանսուրյանի դեպքում, նմանապես էլ շատ ողբերգական ընտանեկան բռնության դեպքում, հարևանները, մարդիկ որոնք ականատես են լինում, լսում են, որ կողքի տանը սպանություն է կատարվում, ոչ մի կերպ չեն ահազանգում իրավապահներին։ Ինչո՞ւ։ 

– Անտարբերությունը խլում է կյանքեր, անտաբերությունը խեղում է կյանքեր:

Թագուհի Մանսուրյանի դատավարությունը ցույց է տալիս, որ հենց շքամուտքում տեղի ունեցող գործողությունները գիշերվա կեսին, երբ բոլորը կարող էին լսել այդ գիշերվա հանդարտության մեջ, թե ինչ է կատարվում, անգամ այդ պարագայում որևէ հարևան չի փորձել խառնվել կամ կանխել, կանխարգելել, կարծես իրենց խնդիրը չէ: 

– Եվրոպական որոշ երկրներում ընտանեկան բռնության ականատես լինելու դեպքում, հատկապես երեխաների հանդեպ բռնության պարագայում, իրավապահներին չահազանգելու համար մարդը կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել։ Հենց նման օրենքների շնորհիվ այդ երկրներում կտրուկ փոփոխություններ են կատարվել, ինչպիսիք, օրինակ՝ Չեխիան է։ Մարդիկ հասկացել են, որ լռել չեն կարող։ 

– Կան նմանատիպ երկրներ, որոնք ցուցադրելով հասարակության անտարբերությունը, մատնանշել են, որ արատավոր երևույթի դեմ պայքարի մեթոդներից մեկը, իհարկե, նաև օրենքի խստացումն է և պահանջը, որ նմանատիպ պարագաներում հասարակությունը պարտադիր լինի ակտիվ սուբյեկտ և ահազանգի ոստիկանություն, իրավապահ մարմիններ և կանխարգելի, որովհետև խնդիրը մարդու կյանքի իրավունքի խախտման մեջ է, և եթե մարդու կյանքի իրավունքը խախտվում է, պատասխանատու է նաև ամբողջ հասարակությունը, որը տեսել է և չի փորձել կանխել:

Կան այդպիսի երկրներ, որոնք ցուցադրելով խնդրի ողջ խորությունը, նաև հասարակական արձագանքը, պահանջել են իրենց պետությունից օրենսդրական խստացումներ մտցնել, ինչը աշխատում է, որովհետև նախ՝ փոխվում է մտածելակերպը, որ դա քո խնդիրը չէ, դա հենց քո խնդիրն է, անմիջականորեն դառնում ես մեղսակից և պատասխանատու, երբ չես կանխարգելում այդ բռնությունը:

Նմանատիպ օրենքներով մարդկանց միջից հանում են անտարբերությունը, և երկրորդ՝ գործ տալու վախը, որ բոլորի մոտ կա, որ եթե զանգում ես և ոստիկանությանը հայտնում, որ նման դեպք է կատարվում, միանգամից պիտակավորում են, որ գործ ես տվել հարևանի դեմ, բարեկամի դեմ, այսինքն՝ իրավապահ մարմիններին դիմելու հանգամանքը շահարկվում է և օգտագործվում է տվյալ անձի դեմ, որը փորձել է կանխարգելել և զանգահարել ոստիկանություն:

Արփինե Արզումանյան

MediaLab.am