Հրայր Թովմասյանը պետք է ամաչեր, որ աճպարարության հետևանքով հայտնվել է Սահմանադրական դատարանի նախագահի աթոռին․ Սոս Ավետիսյան

«Մեդիալաբի» հարցազրույցը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի հետ

– Պարո՛ն Ավետիսյան, երեկ խորհրդարանում Սահմանադրության փոփոխությունների ընդունումից հետո ՀՀԿ-ն հայտարարություն տարածեց՝ նշելով, որ տեղի ունեցածը Հայաստանում իշխանության յուրացում է, և որ պետք է Փաշինյանը շուտ հեռանա իշխանությունից։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։

– Ինձ համար դժվար է ինչ-որ ցնդաբանություններ մեկնաբանելը։ Երեկ տեղի ունեցածը շատ պարզ իրավունք էր, որը Ազգային ժողովն ուներ և իրացրեց։

Մեր միջազգային գործընկերների հետ համագործակցային և կոնսուլտացիոն ոճով ընտրվել է 2015 թվականի Սահմանադրության անցումային դրույթների իրականացումը։ Այսինքն՝ արվում է այնպես, որ մարդիկ, որոնք երկար ու ձիգ տարիներ՝ 12 տարի, աշխատել են, դուրս գան։

– Իշխանության յուրացման առերևույթ տարրեր են տեսնում ձեր ընդդիմախոսները ԱԺ-ի կողմից երեկ որոշում ընդունելու մեջ։

– Դուք հարցնում եք ինձ մի կուսակցության մասին, որն իր բնույթով շատ ավելի մոտ է կանգնած եղել այդ ամենին, ունեցել է ռեկետարարության աղաղակող դեպքեր և փորձում է ժողովրդի քվեի միջոցով լեգիտիմորեն ձևավորված իշխանությանը անհիմն բանի մեջ մեղադրել։ 

– Շատ լավ, այսօր Սահմանադրական դատարանի դատավորների, ինչպես նաև ՍԴ նախագահի հայտարարություններում կարմիր թելով անցնում էր այն, որ չեն պատրաստվում կատարել Սահմանադրության նոր փոփոխություններով պահանջը։

– Ազգային ժողովը երեկ իր մեծամասնությամբ այնպես, ինչպես նախատեսվում է ՀՀ Սահմանադրությամբ, ընդունել է Սահմանադրական փոփոխություն։

Այդ Սահմանադրական փոփոխությանը պետք է ենթարկվի ցանկացած ոք, ով ՀՀ քաղաքացի է։ Անհամաձայնություն կարող են ունենալ, իրենց իրավունքն է դիմել դատարան և այլն, բայց չենթարկվել չեն կարող։

– Հրայր Թովմասյանը նաև ասաց, թե որպես իրավաբան ամաչում է ԱԺ-ում երեկվա քննարկումների համար։

– Լավ է, որ Հրայր Թովմասյանի մեջ ամոթի զգացում է առաջացել առհասարակ։ Ես կարծում էի, թե նա էմոցիաներից զուրկ անձ է։

Եթե Հրայր Թովմասյանը ամաչելու բան ունի, ապա նա պետք է ամաչեր, որ աճպարարության հետևանքով հայտնվել է Սահմանադրական դատարանի նախագահի աթոռին։ Ա՛յ այդ հարցում պետք է ամաչի։

Պետք է ամաչի նաև այն Սահմանադրության համար, որը այսքան ժամանակ այսպիսի խնդիրներ է ստեղծում։ Ա՛յ դա ամաչելու բան է։

– Պարո՛ն Ավետիսյան, սոցիալական ցանցում մասնագիտական շրջանակներից մի հատված թերահավատ է ՍԴ-ի համալրման հարցում, կարծիք կա, թե չկան մասնագետներ։

– Ես լավ չեմ պատկերացնում՝ ովքեր են այդ մասնագետները, որ նման պնդումներ են անում։ Բայց քաղաքական մեծամասնության այլընտրանքը այն է, որ դատական իշխանության նկատմամբ մեր հանրության վստահությունը պետք է բարձրացնենք, վերականգնենք։ Սա է եղել մեր նպատակը այս ամբողջ ընթացքում։ Մենք հանձնառու ենք այդպիսի դատավորներ ներկայացնել հանրությանը։

– Երեկ վարչապետը հայտարարեց, որ հպարտ է ձեր խմբակցությունով։ Ի՞նչ եք զգում այդ առումով։

– Ես կարծում եմ, որ վարչապետը իրական գնահատական է տվել։ Մենք քանիցս ասել ենք, որ Ազգային ժողովը ոչ միայն վերահսկող է, այլ նաև թիկունք է։ Այդ առումով կարևոր արձանագրում է։

Գիտեք՝ մի բան ասեմ՝ սոցիալական ցանցի տարբեր գովազդային էջերով, այս կամ այն խոհանոցային հատվածներից աղեկտուր տեղեկություններ էին տարածում, թե, ա՛յ, էս ա, բան չմնաց, «Իմ քայլը» կտրոհվի։

Ես իրապես ցավում եմ, որ այդ մարդիկ այդքան ռեսուրսներ են ծախսում, ժամանակ են ծախսում։ Սակայն մյուս կողմից էլ՝ կա սոցիալական ցանցի մեկ այլ հատված, որը գալիս ու գոռում է՝ վա՛յ, տեսեք, բոլորը միաձայն նույնը քվեարկեցին։

Ես ուզում եմ մեկ բան մեկընդմիշտ ասել՝ «Իմ քայլը» դաշինքում ժողովրդավարական քննարկումների պակաս երբևէ չի եղել։ Եղել են շատ լուրջ դեբատներ, և իրականում շատ ծրագրերի դանդաղումը եղել է քննարկումների պատճառ։

Ինչ վերաբերում է մեր համընդհանուր օրակարգին, այն, ինչը մենք խոստացել ենք մեր դաշինքի նախընտրական ծրագրում, մեր հեղափոխական օրակարգում, այդ ամենը ունենալու է միշտ միահամուռ աջակցություն, որովհետև այդպիսին է այն հենքը, որի վրա մենք կանգնած ենք։

– Ձեզանից նաև սպասում են քաղաքական գնահատական նախորդ տարիներին: 

– Եկեք ակներև հետևենք պատմական հետագա հնարավոր զարգացումներին և կտեսնենք՝ ինչ կլինի

– Չե՞ք բացառում, որ կլինի նման բան։

– Ես չգիտեմ, ես իրապես չգիտեմ։ Բայց ես կարծում եմ, որ մենք միշտ հետևողական ենք մեր բոլոր հանձնառություններում, դրանք օբյեկտիվ իրականության և որոշ սահմանափակումների բախվելով կարող են մի քիչ դանդաղ թվալ, բայց մեր ծրագրերը, հանձնառությունները ուժի մեջ են։ 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am