Ռուբեն Վարդազարյանին թվացել էր՝ օգնելու էր նախորդներին վերազավթել իշխանությունը. Լուսինե Հակոբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԵՄ Արևելյան գործընկերության Քաղաքացիական ֆորումի Հայաստանի ազգային համակարգող, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը

– Տիկի՛ն Հակոբյան, Ազգային ժողովում երկու ժամից ավելի «Իմ քայլի» պատգամավորները Ռուբեն Վարդազարյանից պարզաբանում էին պահանջում՝ ինչո՞ւ է նոյեմբերի 15-ին քաղաքական հայտարարությամբ հանդես եկել՝ լինելով ԲԴԽ նախագահ: Սակայն նա ասաց, որ քաղաքական հայտարարություն չի արել և կտրուկ հրաժարվեց պատասխանել այդ մասին պատգամավորների հարցերին: Ինչպե՞ս եք գնահատում նրա վարքագիծը:

– Երբ Ռուբեն Վարդազարյանն անում էր իր նախորդ տարվա նոյեմբերի 15-ի հայտարարությունը, նա, ըստ երևույթին, չէր կանխատեսել, որ այս իշխանությունն այնքան համառ կգտնվի, որ ինքը ստիպված կլինի երեքուկես ամիս անց կանգնել Ազգային ժողովում և պատասխանել այդ նույն իշխանության ներկայացուցիչների` այդ հայտարարությանը վերաբերող հարցերին:

Ըստ երևույթին նրան թվացել էր, որ միացնելով իր ձայնը մեր պետությունում գործող, բայց ժողովրդից բացարձակապես օտարված շատ տարբեր ինստիտուտների` այսպես կոչված գիտական շրջանակներին, եկեղեցուն, փաստաբանությանը և այլն, նա օգնելու էր նախկիններին վերազավթել իշխանությունը:

Դա մի ժամանակ էր, երբ մահափորձ էր կատարվել ԱԺ նախագահի նկատմամբ, նախկինների կողմնակիցները ներխուժել և ջարդուփշուր էին արել կառավարության և Ազգային ժողովի նստավայրերը և վարչապետի կեցավայրը:

Հանրությունը խստիվ դատապարտում էր այդ ամենը: Եվ ահա Ռուբեն Վարդազարյանը ճիշտ այն օրը, երբ դատարանները քննության են առնում այդ հանցագործությունների առերևույթ կազմակերպիչներից մի քանիսին կալանքի տակ առնելու մասին քննչական մարմնի միջնորդությունները, որոշում է նման հայտարարությամբ հանդես գալ: 

– Ի դեպ, դուք նույնպե՞ս այդ հայտարարությունը քաղաքական եք համարում: Պատգամավորներից մեկը դա որակել էր մարտակոչ: Հիշեցնեմ՝ Վարդազարյանը, դիմելով դատավորներին, ընդգծել էր՝ «այսօր այն վճռական օրն է, որ մենք պետք է վերջնական պատասխան տանք՝ մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»:

– Որ հայտարարությունը քաղաքական էր, դրանում ես կասկած չունեմ: Հակառակ դեպքում ինչո՞ւ պետք է քաղաքական նման լարված իրավիճակում ԲԴԽ նախագահը նման հայտարարություն աներ` ակնհայտորեն բացասական կոնոտացիայով օգտագործելով Նիկոլ Փաշինյանի մի տխրահռչակ արտահայտություն, եթե դրանով նպատակը քաղաքական գործընթացները հօգուտ նախկինների հանգուցալուծելը չէր:

Ակնհայտ էր, որ այդկերպ նա հեգնում էր Փաշինյանին և կոչ անում դատավորներին իրենց խոսքն ասել այդ լարված քաղաքական իրավիճակում հօգուտ նախկինների: Եվ դա միայն իմ կարծիքը չէ: Եվ կարծում եմ, որ նրա վարքագիծը պետք է ավելի որոշակի գնահատականների արժանանա, քան ԱԺ ամբիոնից հարցերի միջոցով հնչեցված քննադատությունը:

Այդ նրա նկատմամբ է պետք լիազորությունների դադարեցման գործընթաց հարուցվի, սակայն տեսնում ենք, թե ինչպես է նա իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող դատավորներից մեկի միջոցով, որի հետ սովորաբար սրճում է երևանյան սրճարաններում, լիազորությունների դադարեցման գործընթաց փորձում հարուցել Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ:

– Վարդազարյանն ասաց նաև, որ այսօր դատական համակարգն անկախ է: Ինչ եք կարծում՝ ի՞նչ նկատի ուներ նա:

– Ինչպե՞ս կարող է դատական համակարգը, որի բուրգի գագաթին կանգնած Արման Մկրտումյանի վերաբերյալ ՄԻԵԴ-ի վճռով հաստատվել էր, որ փորձել է ճնշում գործադրել դատավարության կողմի վրա, որը մինչև ականջների ծայրը թաղված է եղել կոռուպցիայի ու կաշառակերության մեջ, որը քաղաքական պատվերներ էր կատարել և այդ մասին կան բազմաթիվ վկայություններ, զեկույցներ և գնահատականներ, այդ թվում` տեղական և միջազգային կազմակերպությունների, նախկին ՄԻՊ-ի, արդեն ՄԻԵԴ-ի և այլնի կողմից, կախարդական փայտիկի մի զարկով դառնալ անկախ, եթե առայսօր այդ համակարգի անկախացման ուղղությամբ արված քայլերը, ըստ տարբեր փորձագետների գնահատականների, միայն կոսմետիկ կարելի է համարել:

– Այսօր իշխանական խմբակցությունը քննադատում էր Վարդազարյանին իր այդ հայտնի հայտարարության համար: Կուզենայի գնահատեիք նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների վարքագիծը:

– Այդ քննադատության հիմքը իր իսկ հայտարարությունն էր, ինչը թույլ է տալիս եզրահանգել, որ առավել ևս դատավորը պետք է մտածի, թե ինչ է նետում հրապարակ, նոր միայն խոսի:

Իսկ ինչ վերաբերում է իշխանական խմբակցությանը, միանշանակ քննադատելի է այն, որ այս ողջ ժամանակահատվածում նրանք ականջալուր չեղան քաղաքացիական հասարակության, այդ թվում` փաստաբանական համայնքի մի շարք ողջամիտ ներկայացուցիչների և այլ քաղաքական ու հանրային գործիչների խոսքին և դատական համակարգի տարբեր օդիոզ ներկայացուցիչների վերանշանակեցին առանցքային պաշտոններում:

Այդ ամենի գագաթնակետը, իհարկե, Երվանդ Խունդկարյանի նշանակումն էր Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում: Երբ մարդկանց բացատրում էինք, որ չի կարելի դա անել, մեզ վարչապետի մակարդակով հակադարձեցին, թե ուզում ենք մեր կատարածուներին պաշտոնների նշանակել:

Հետո ինչ-որ անհասկանալի բացատրություն հետևեց հետևողական սխալների ճիշտ լինելու մասին: Հիմա, հուսով եմ` վերագնահատվում են այդ իրողությունները, և, հուսով եմ` դեռ ուշ չէ իրավիճակը շտկելու համար:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am