«Նոյեմբեր ամսվա համար տաք, անոմալ ջերմաստիճան է Հայաստանում». ի՞նչ ձմեռ է սպասվում

Weather in Yerevan. Looking forward to snow.

Հայաստանում կլիմայի փոփոխության վերաբերյալ հիդրոօդերևութաբանների 80-ից ավելի տարվա դիտարկումներն ու գնահատականները ցույց են տալիս, որ եղանակային սեզոնային ջերմաստիճանը տաքանում է: Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի կլիմայի ծառայության պետ Արթուր Գևորգյանն ասում է, որ ամենաուժեղը տաքանում է ամռան սեզոնի ջերմաստիճանը, վերջին տվյալների համաձայն՝ 1.7-1.8 աստիճանով: Իսկ աշնան սեզոնի ջերմաստիճանի աճը կազմել է մինչև 1 աստիճան:

«1935 թվականից մինչև 2021 թվականը կատարված դիտարկումների համաձայն՝ աշունը Հայաստանում տաքանում է, բայց ավելի դանդաղ, քան ամառը»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է Գևորգյանը:

Հայաստանում այս տարվա աշնանային վերջին ամսվա՝ նոյեմբերի կլիմայական պայմանները մասնագետը անոմալ է համարում: Նոյեմբերի 17-18-ից սկսած Հայաստանում ջերմաստիճանը բարձրացել է, թեպետ մինչ այդ էլ նորմայից բարձր է եղել 3-4 աստիճանով: Սակայն արդեն վերջին օրերին մենք ունենք նորմայից 7-8 աստիճանով բարձր օրական ջերմաստիճան՝ հիմնականում Լոռիում, Տավուշի շրջաններում, Շիրակում ու Սյունիքում:

Այս երևույթը, Արթուր Գևորգյանի խոսքով, պայմանավորված է մթնոլորտի շրջանառությամբ. կան հարավից փչող տաք քամիներ, որոնք այդ օդային զանգվածները շարժում են Հյուսիսային Աֆրիկայի շրջաններից, ինչի հետևանքով էլ դրանք ներթափանցում են դեպի ավելի հյուսիս, հասնում Հայաստան:

«Շեշտեմ, որ վերջին օրերին՝ նոյեմբերի 19-20-ից սկսած, առանձին շրջաններում դիտվել են բացարձակ առավելագույն ջերմաստիճաններ և նաև գերազանցել են այդ ռեկորդները, հետևաբար սա իրոք նոյեմբեր ամսվա կամ նոյեմբերի վերջի համար տաք, անոմալ ջերմաստիճան է Հայաստանի համար: Խոսքը օրական մինչև 22 աստիճան ջերմաստիճանի մասին է»,- ընդգծում է մասնագետը:

Նոյեմբեր ամսվա համար ամենաբարձր՝ մինչև 22 աստիճան ջերմաստիճանի մասին փաստացի տվյալներ են գրանցվել Տավուշի հովտային շրջաններում և Լոռու ցածրադիր շրջաններում, ինչպես նաև Մեղրիում ու Կապանում:

Հարցին, թե ընդհանուր առմամբ այս երևույթը պայմանավորված է տաք օդային զանգվածների ներհոսքո՞վ, թե՞ կլիմայի գլոբալ տաքացմամբ, մասնագետն արձագանքում է.

«Դրանք միմյանցից անկախ չեն: Ընդունված է ասել, որ կլիմայի փոփոխությունն ազդում է մթնոլորտի ընդհանուր շրջանառության վրա, և օդային զանգվածների կտրուկ փոփոխությունները ավելի հաճախակի են դառնում ներկայումս և կդառնան ապագայում: Այսինքն՝ կլիմայի փոփոխությամբ, տաքացմամբ պայմանավորված՝ առաջնահերթ փոխվում է մթնոլորտի ընդհանուր շրջանառությունը: Եվ ունենում ենք դեպքեր, երբ տարվա այս ժամանակահատվածում, օդային զանգվածները եթե հիմնականում արևմուտքից, հյուսիս-արևմուտքից և հյուսիս-արևելքից էին ներթափանցում Հայաստան, ապա այս օրերին ու նախորդող օրերին հատկապես ունեինք անմիջապես հարավից դեպի մեզ մոտ շարժվող օդային զանգվածներ»:

Այսպիսի անոմալ տաք նոյեմբեր դիտվել է 2007 և 2010 թվականներին: Հարցին, թե հնարավո՞ր է այս երևույթի հիման վրա կանխատեսել՝ ինչպիսին կլինի ձմեռը, Արթուր Գևորգյանն ի պատասխան ասում է, որ նման օրինաչափություն չկա: «Պատճառը պարզ է՝ այս ժամանակահատվածը մենք համարում ենք կարճ անոմալ երևույթ, ու դա փորձել պրոյեկտել ամբողջ ձմռան վրա, հնարավոր չէ»,- հավելում է նա:

Ինչպիսի ձմեռ է սպասվում. մասնագետն ասում է՝ դեռ վաղ է կանխատեսումների համար: Պատկերը կուրվագծվի նոյեմբերի վերջին օրերին: Մինչ այդ, նրա փոխանցմամբ, առաջիկա երկու օրերին կլինեն տեղումներ. Երևանում, քանի որ ջերմաստիճանը բարձր է, կլինեն անձրևի տեսքով, իսկ լեռնային շրջաններում հնարավոր է՝ թաց ձյուն:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am