Չենք կարող հանդուրժել ռասիստ պետության գոյությունը Եվրոպայի խորհրդում. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում

Հեղինակ MediaLab

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստում բարձրացրել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ու Ադրբեջանի ռասիստական քաղաքականության հարցը:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ Վարդանյանը հիշեցրել է, որ հրադադարից հետո ՄԻԵԴ-ը ընդունել է միջանկյալ միջոց կիրառելու մի շարք դիմումներ ՝ պահանջելով Ադրբեջանի իշխանություններից համապատասխան ինֆորմացիա տրամադրել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ: «Մինչև օրս ՄԻԵԴ-ը ոչինչ չի ստացել: Մինչև օրս Ադրբեջանը դժկամ է՝ տրամադրելու նվազագույն ինֆորմացիա՝ հայ գերիների ֆիզիկական վիճակի վերաբերյալ»,-ասել է պատգամավորը:

Նա հայտարարել է, որ այդ մարդիկ Ադրբեջանում են պահվում ոչ թե նրա համար, որ նրանք ինչ-որ հանցանք են գործել, այլ պարզապես, որ հայ են: «Կարո՞ղ եք պատկերացնել, որ 21-րդ դարում մենք կարող ենք ունենալ Եվրոպայի խորհրդի անդամ, որը հայերի նկատմամբ ռասայական խտրականության պետական քաղաքականություն ունի»,-ասել է Վարդանյանն ու հավելել, որ Ադրբեջանում հայ լինելը վտանգ է ներկայացնում ֆիզիկական գոյության համար:

Նա շեշտել է ՄԻԵԴ-ի վճիռների իրագործման կարևորությունը՝ նշելով, որ պետք է միավորել ջանքերը՝ Ադրբեջանում պահվող ռազմագերիներին ազատելու հարցում՝ այն հիմնավորմամբ, որ դա պարզապես ռասայական խտրականություն է:

«Ես կարծում եմ, որ մենք չենք կարող հանդուրժել ռասիստ պետության գոյությունը Եվրոպայի խորհրդում: Եվ Եվրոպայի խորհրդի բոլոր պետությունները պետք է հարգեն ՄԻԵԴ-ին և իր վճիռները»,-եզրափակել է պատգամավորը: