«YES HAY EM, YES I AM» խորագրով փառատոն Բելգիայում

Սեպտեմբերի 22-ին Բելգիայի Անտվերպեն քաղաքում «ԱՐԴԻԱ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և Բելգիայում ՀՀ դեսպանության անմիջական մասնակցությամբ տեղի ունեցավ «YES HAY EM, YES I AM» խորագրով փառատոն:
Միջոցառման առաջին մասը` գիտաժողովը, նվիրված էր հայի ինքնությանը բնորոշ հատկանիշներին ու առկա խնդիրներին: Ելույթներով հանդես եկան Բելգիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը, Բելգիայի Թագավորությունում հայ առաքելական եկեղեցու հովվապետ Զատիկ Վարդապետ Ավետիքյանը, «ԱՐԴԻԱ» հասարակական կազմակերպության նախագահ Սերգեյ Վարդանյանը, Հոլանդիայի «Աբովյան» մշակութային կենտրոնի նախագահ Մաթո Հախվերդյանը և այլք:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամլո հաղորդագրությունը:

Ըստ հաղորդագրության, բանախոսներն իրենց ելույթներում հիմնականում անդրադարձան ազգային ինքնության պահպանմանը, Հայրենիք-Սփյուռք կապերին, ինչպես նաև սփյուռքահայությանը հուզող այլ հիմնախնդիրներին:

Գիտաժողովին հաջորդեց մշակութային փառատոնը՝ երգի-պարի համույթների, հայ արվեստագետների և անհատ կատարողների մասնակցությամբ: Փառատոնի շրջանակներում ցուցադրվեց Արսեն Հակոբյանի հեղինակած «Արարատից Եվրոպա» փաստապատմագրական ֆիլմը:

Միջոցառմանն, ի թիվս Բելգիայում բնակություն հաստատած հայերի և բելգիահայությունը ներկայացնող կազմակերպությունների ղեկավարների, ներկա էին Գերմանիայից և Նիդերլանդներից ժամանած հայեր:

© Medialab.am