«Պատիվ ունեմ»-ը, ամենայն հավանականությամբ, կգնա խորհրդարան. դաշինքի անդամ

Serzh Sargsyan and Artur Vanetsyan singed a memorandum on the formation of ‘I have honor’ coalition in ‘Tsirani’ Complex of Yerevan, Armenia

«Արդեն ասվել է, որ, եթե թիմը գնաց խորհրդարան՝ պարոն Վանեցյանը ևս գնալու է, բայց այս պահին պաշտոնական հայտարարություն չեմ կարող անել, արդյոք դաշինքը կգնա խորհրդարան, թե չէ: Շատ հավանական է, որ գնա, բայց այս պահին պաշտոնական որևէ բան չեմ կարող ասել»,-  «Մեդիալաբին» ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Սոս Հակոբյանը՝ հավելելով, որ վերջնական որոշում կայացնելու համար դաշինքը դեռ քննարկումներ է անցկացնում:

Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» դաշինքում պատգամավորական մանդատները վերցնել-չվերցնելու մասին հստակ դիրքորոշում չէին արտահայտում՝ սպասելով Սահմանադրական դատարանի որոշմանը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղարկելու վերաբերյալ:

Սահմանադրական դատարանը վեց օր տևած քննարկումից հետո որոշեց անփոփոխ թողնել սույն թվականի հունիսի 21-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն նորընտիր խորհրդարանը կազմված է երեք քաղաքական ուժից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, «Հայաստան» և  «Պատիվ ունեմ» դաշինքներ: