3+3 ձևաչափը մեզ ոչինչ չի տալու, և դա կապացուցի ժամանակը․ քաղաքագետ

Քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Թե որքան է մեզ անհրաժեշտ ռազմավարական խորք…

1991թ. անկախացումից ի վեր Հայաստանը, ելնելով անվտանգության նկատառումներից,

  1. անդամակցեց ՀԱՊԿ-ին,
  2. անդամակցեց ԵԱՏՄ-ին։
    Այս ամենը պատճառաբանվում էր անվտանգության գործոնով։
    Տարածաշրջանի մյուս պետություններըՎրաստանը և Ադրբեջանը, չեն անդամակցում ո՛չ առաջինին, ո՛չ էլ երկրորդին։ Արդյո՞ք ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին անվտանգության նկատառումներից բխող Հայաստանի անդամակցությունն արդարացրեց մեր ակնկալիքները։ Իհարկե ոչ։
  3. Անվտանգության փոխարեն մենք ստացանք սողացող պատերազմ, որը մինչ օրս շարունակվում է։
  4. Պատերազմից բացի այդ կառույցներում մենք ստանձնեցինք բազմաթիվ պարտավորություններ, որոնք այսօր էլ սահմանափակում են մեր անկաշկանդ գործելու և այլ սուբյեկտների հետ փոխշահավետ համագործակցելու հնարավորությունները։
    Արդյո՞ք այդ կառույցներին մեր ինտեգրումը քաղաքակրթական էր։
    Իհարկե` ոչ։
  5. Սա է նաև պատճառներից մեկը, որ մեր անվտանգության խնդիրներն այդպես էլ մնացին չլուծված, քանի որ այդ կառույցներում ներառված պետությունների քաղաքակրթական արեալը չի համապատասխանում մերին։ Ապացույցն այդ պետությունների սերտ ու բազմաշերտ համագործակցությունն է Ադրբեջանի հետ։
  6. Ուշագրավ է, որ Ադրբեջանը, դե յուրե չանդամակցելով ո՛չ ՀԱՊԿ-ին, ո՛չ ԵԱՏՄ-ին, դե ֆակտո նրանցից ստանում է իրեն շահավետ օրակարգեր և ազդակներ` միևնույն ժամանակ իրեն չպարուրելով համապատասխան պարտավորությունների շղթայով, ինչը անում ենք մենք։
    Ադրբեջանն ավելի ազատ է գործում և ստանում է համագործակցության ավելի գործնական առաջարկեր, որոնք կյանքի է կոչում։
  7. Համագործակցային ազատությամբ Ադրբեջանը լուծում է իր անվտանգության խնդիրը, ինչը մեզ չի հաջողվում անել` այդ կառույցներում պարտավորություններով սահմանափակված լինելու պատճառով։
  8. ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ պետությունների հետ Ադրբեջանն ունի լավագույն տնտեսական և ռազմական համագործակցություն։ Նույնիսկ նրանցից ստանում է շնորհավորանքներ պատերազմում հաղթելու առթիվ, իսկ մեզ օգնելու փոխարեն, լավագույն դեպքում ցավակցում են։
  9. Ըստ էության, հարաբերական չեզոքությունը Ադրբեջանին և Վրաստանին տվեցին ավելի շատ անվտանգություն, քան Հայաստանին իր դե ֆակտո միավեկտոր քաղաքականությունը։

    Վաղը պետք է տեղի ունենա 3+3 ձևաչափի առաջին հանդիպումը, որին, ըստ տեղեկությունների, մասնակցելու է Հայաստանը, բայց որից արդեն հրաժարվել է Վրաստանը։
    Մենք այս անգամ էլ հավանաբար այդ ձևաչափին մասնակցելու հարցը կպատճառաբանենք անվտանգության արդի մարտահրավերներից ելնելով։ Բայց փորձը ցույց է տվել, որ մենք նախորդիվ միայն ստացել ենք նոր մարտահրավերներ և ոչ թե դրանց համար գտել ենք լուծումներ։
    3+3 ձևաչափը մեզ ոչինչ չի տալու, և դա կապացուցի ժամանակը, մանավանդ, որ այդտեղ մենք չենք կարողանալու օրակարգ ձևավորել, ինչպես դա չենք կարողացել անել ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում առավել ևս, որ 3+3 ձևաչափում կան Թուրքիա և Ադրբեջան` որպես քաղաքակրթական ընդհանրական ինքնություն։
    Եվ որքան է մեզ անհրաժեշտ ռազմավարական խորք…»։