«Չե՛ս կարա դու ինձ դեպորտ անես». Ինչու և ինչպես Ֆրանսիայից արտաքսեցին հայ ընտանիքին

«Չե՛ս կարա դու ինձ դեպորտ անես». Ինչու և ինչպես Ֆրանսիայից արտաքսեցին հայ ընտանիքին
«Չե՛ս կարա դու ինձ դեպորտ անես». Ինչու և ինչպես Ֆրանսիայից արտաքսեցին հայ ընտանիքին
Հեղինակ MediaLab

Օրերս համացանցում մեծ տարածում գտած տեսանյութում Ֆրանսիայի հյուսիս-արևելքում գտնվող Նանսի քաղաքում բավականին անսովոր ու ստորացուցիչ հանգամանքներում կալանավորված այնուհետև Հայաստան արտաքսված ընտանիքի դաժան տեսարանը բուռն արձագանք ստացավ: Ականատես հարեւանի կողմից բջջային հեռախոսով նկարահանված տեսանյութը լայնորեն տարածվեց ինչպես հայկական, այնպես էլ ֆրանսիական ամենահայտնի լրատվամիջոցներում:

Ֆրանսիայում պատմությունը մեծ աղմուկ հանեց, հայտարարություններով հանդես եկան մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ և նույնիսկ իշխող սոցիալիստական կուսակցությունը՝ դատապարտելով ոստիկանական կոպիտ միջամտությունը:

http://www.youtube.com/watch?v=-R8JNGOs1ZY

Սոցիալական ցանցերում սկսվեցին քննարկումներ, որտեղ հիմնական հարցը այն էր, թե  ի՞նչ էր նման դաժան վերաբերմունքի պատճառը հայ ընտանիքի հանդեպ մի երկրում, որը հայտնի է հանդուրժող եւ մարդասեր վերաբերմունքով հարյուր հազարավոր անօրինական ներգաղթյալների, այդ թվում հազարավոր հայերի նկատմամբ:

Մարկոսյանների (անուն-ազգանունը փոխված է) ընտանիքը` ամուսինը Հակոբը` 29, իսկ կինը` Աննան 26 տարեկան, Ֆրանսիա էին տեղափոխվել 2011 թվականին` քաղաքական ապաստան հայցելով:

Քաղաքական ապաստարանի և կեցության իրավունքի նրանց բոլոր դիմումները մերժվել էին և 2013 թվականի օգոստոսի 8-ին վերջիններս ստացել էին Ֆրանսիան 30 օրվա ընթացքում լքելու որոշումը պրեֆեկտուրայից (տեղական կառավարման բարձրագույն մարմին):

Մարկոսյաններն ունեն երկու երեխա մեծը 7 տարեկան է իսկ փոքրը 8 ամսեկան:

Որոշումից մոտ մեկ տարի անց, 2014 թվականի օգօստոսի 5-ին ՝առավոտյան ժամը 6-ին, փախստականների համար նախատեսված կացարանի նրանց սենյակի դուռը թակել են ոստիկանները:

Ըստ ականատեսների, ոստիկանները ամուսնուն առաջարկել են գնալ իրենց հետ ՝ պայմանով, որ չեն անհանգստացնի ընտանիքի մյուս անդամներին: Հակոբին ոստիկանական մեքենայով բաժանմունք տեղափոխելուց հետո, սակայն, մեկ ժամ անց, Մարկոսյանների դուռը կրկին թակում են ոստիկանները: Նրանց հետ են լինում նաև բարձր պաշտոնյաներ՝ պրեֆեկուրայի գլխավոր քարտուղար Ժան-Ֆրանսուա Րաֆֆին և քաղաքապետի տեղակալ Պասկալ Լորանը:

Աննան չի բացում դուռը և ոստիկանները հատուկ միջոցներով բացելով դուռը, ոտքերից ու ձեռքերից բռնած երրորդ հարկից իջեցնում են դիմադրող ու ճչացող Մարկոսյանների կնոջը: Երեխաները սարսափած ճչում եւ լացում են, հարեւանները` հայհոյում: 

Ընտանիքին տեղափոխում են հատուկ կենտրոն-կալանավայր, որտեղ ընտանիքի ամուսնու մոտ էպիլեպսիայի նոպաներ են սկսվում, սակայն դա չի խանգարում որպիսի նրանք արդեն հաջորդ օրը հայտնվեն Փարիզի օդանավակայանում և նույն օրը վայրէջք կատարեն Երևանում:

Ֆրանսիայի օրենսդրության տեսանկյունից, առաջին հայացքից թվում է թե, որեւէ արտառոց բան տեղի չի ունեցել. Ընտանիքին ծանուցել են երկիրը լքելու մասին, վերջիններս չեն հեռացել եւ արտաքսումը տեղի է ունեցել պարտադրաբար: Սակայն, ըստ տեղական օրենսդրության, արգելվում է երեխաներին`հատկապես մանկահասակ, զրկել ազատությունից: Այս մասին ամսիներ առաջ խոսել էր նույնիսկ նախագահ Ֆրանսուա Օլանդը:

Հաշվի առնելով օրենսդրական խոչնդոտները և բարձրացված աղմուկը անհասկանալի է դառնում պրեֆեկտուրայի և ոստիկանների` հայ ընտանիքի արտաքսմանն ուղղված նմանօրինակ հետեվողական և անհողդողդ գործողությունները, որն իր տեսակով աննախադեպ է:

Որպես անօրինական ներգաղթյալ ընտանիքներին սարսափեցնելու տպավորիչ օրինակ այս դեպքը իհարկե բավականին արդյունավետ գտնվեց, քանի որ արդեն լուրը տարածվելուն պես քաղաքում «անթուղթ» հայերը  տագնապի մեջ են. Մարկոսյաններին չփրկեց նույնիսկ Ֆրանսիայում ծնված երեխան:

Սոցիալական ապահովություն եւ մարդասիրական վերաբերմունքով հայտնի Ֆրանսիայում,  շատ ներգաղթյալ հայ ընտանիքները երբեմն որոշում են երեխա ունենալ` դրանով իսկ փորձելով ամրապնդել իրենց դիրքերը երկրում:

Իրականում նման դեպքերը բացառիկ են հայազգի ներգաղթյալների նկատմամբ, սակայն ամիսներ առաջ Ֆրանսիայի հարավում գտնվող Կլերմոնտ Ֆերանտ քաղաքում նմանատիպ դեպք տեղի ունեցավ հայազգի երկու դպրոցական որդիների և նրանց հոր հետ: Ականատեսը նկարահանել էր նրանց բերման ենթարկելու դրամատիկ տեսարանը, որը միևնույն է անհամեմատելի է Մարկոսյանների վերապրածի հետ:

Ինչու՞ հենց Մարկոսյանների ընտանիքը արժանացավ այս բացառիկ պատժին: Պատահակա՞ն էր ընտրված:

«Մեդիալաբը» փորձեց հենց տեղում պարզել դեպքի մանրամասները: Փախստականների հարցերով զբաղվող սոցիալական աշխատողները «Մեդիալաբին» տեղեկացրեցին, որ  նրանցից առանձնապես դժգոհ չէին: Սակայն հավելեցին, որ ընտանիքի հայրը բռնկուն բնավորություն ուներ, սիրում էր տարբեր տեսարաններ սարքել և հեշտ է հունից դուրս գալիս:

Չհաստատավեցին նաեւ շատերի կանխատեսումները, թե հնարավոր է Մարկոսյանների ընտանիքը Եվրոպա տեղափոխված շատ ներգաղթյալների նման գողություն անելիս բռնվել է: Այս փաստը եւս չհաստատվեց սոցիալական աշխատողների կողմից, սակայն եթե նույնիսկ այդպես լիներ, Ֆրանսիայում երշիկ կամ պանիր գողանալու համար չեն արտաքսում:

Այդ դեպքում ի՞նչ է տեղի ունեցել:

«Մեդիալաբի» տեղեկությունների համաձայն, իրավիճակի հանգուցալուծման եւ ընտանիքի արտաքսման պատճառը Հակոբի անընդունելի բռի վերաբերմունքն է եղել պետական մարմնի նկատմամբ:

Մի քանի ամիս առաջ նույն այդ կացարանում հանդիպում է տեղի ունեցել, բնակիչների՝ այսինքն կեցության համար դիմած ներգաղթյալների և պրեֆեկտուրայի բարձրաստիճան պաշտոնյայի՝ նույն այն պարոն Ռաֆֆի հետ, որը անձամբ ներկա է եղել Մարկոսյանների արտաքսման պահին:

Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Մարկոսյանները:

Պաշտոնյան, որը պետության կողմից անօրինական ներգաղթյալների կեցության վերաբերյալ որոշումներ կայացնելու բացառիկ իրավունքով է օժտված, պատասխանել է հավաքվածների հարցերին, ներկայացրել ում գործը ինչ ընթացքում է: Երբ գործը հասել է Մարկոսյանների ընտանիքին, վերջինս տեղեկացրել է, որ դրական որոշման սպասելու ոչ մի հիմք ընտանիքը չունի: Հակոբ Մարկոսյանի և Ժան-Ֆրանսուա Րաֆֆին միջև վիճաբանություն է սկսվել:  

Պաշտոնյան առաջարկել է ինքակամ լքել երկիրը, բացատրելով, որ հակառակ դեպքում ստիպված կլինեն դիմել ծայրահեղ միջոցների, իսկ եթե կամավոր լքեն նույնիսկ դրամական փոխհատուցում է նախատեսված:

«Չե՛ս կարա դու ինձ դեպորտ անես»,- ինքավստահ ասել է Հակոբը` գոռգոռալով եւ վիրավորական արտահայտություններ հնչեցնելով ֆրանսիացի պաշտոնյայի հասցեին:

«Կարամ, կանե՛մ կհամոզվես, ավելին՝ անձամբ կանեմ»,- հնչել է պատասխանը:

Ըստ երևույթի Մարկոսյանի «տաքարյուն և բռնկուն խայսաթը» իրենն արել է: Հնչել են վիրավորանքներ, սպառնալիքներ, ընդհատված հանդիպում, անհարմար իրավիճակ:

«Անձամբ կանեմ»,- խոստացել է պաշտոնյան հեռանալիս, ինչը եւ արել է` հնարավորինս արագ կազմակերպելով Մարկոսյանների արտաքսման գործընթացը` խոչընդոտների չհանդիպելու համար եւ ներկա գտնվելով ողջ ընթացքին:

Վահե Ներսեսյան

Նանսի, Ֆրանսիա 

© Medialab.am