ՀՀ նախագահի աշխատակազմը քաղաքական ուժերի հետ հանդիպման ձևաչափի մասին կհայտնի ավելի ուշ

Հաշվի առնելով, որ Հանրապետության նախագահի աշխատակազմը մարտի 13-ին Հանրապետության նախագահի նստավայրում հանդիպման վերաբերյալ այս պահի դրությամբ պատասխան է ստացել ոչ բոլոր հրավիրյալներից, հանդիպման ձևաչափի մասին կհայտարարվի ավելի ուշ:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 10-ին տարածած հայտարարությամբ երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի քննարկման և ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխընդունելի լուծումներ գտնելու նպատակով ՀՀ վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և Հայրենիքի փրկության շարժման ղեկավարներին մարտի 13-ին, ժամը 12:00-ին հրավիրել է հանդիպման նախագահական նստավայրում:

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստակամ է մասնակցելու նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնած հանդիպմանը՝ երկրում ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ քննարկման և լուծումներ գտնելու համար: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն արդեն արձագանքել է նախագահի հրավերին:

Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշել է, որ ընդունում են հրավերն ու պատրաստ են մասնակցել ցանկացած քննարկման, որտեղ հնարավոր կլինի վերականգնել քաղաքացիական համերաշխությունն ու ուղիներ գտնել երկիրը խորը ճգնաժամից հանելու համար: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպման հրավերի վերաբերյալ որոշում դեռ չի կայացրել: «Հայրենիքի փրկության շարժման» անդամ Իշխան Սաղաթելյանն «Արմենպրես»-ին հայտնել էր, որ հանդիպման հրավերի մասին քննարկում դեռ չեն ունեցել, կքննարկեն, որից հետո, եթե հարկ համարեն, հանդես կգան հայտարարությամբ: