«Կոմիտասով» եւ Սայաթ-Նովայով». Հայրենիքի համար 10․000 դոլար է հավաքվել` YouTube-ի տեսանյութերի դիտումներից

YouTube-ում Կոմիտասի, Սայաթ-Նովայի երգերը լսելով 10․000 դոլար գումար է հավաքվել և փոխանցվել Հայրենիքին։

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով ընթացող պատերազմական իրավիճակը և այս պայմաններում Հայրենիքին օգնելու ցանկությունը վիդեոբլոգեր Ռուբեն Եսայանին մղել են համացանցում գումար աշխատելու տարբերակներ փնտրել և ստացվող գումարը փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

Այդ նպատակով էլ ստեղծել և YouTube-ում հրապարակել է «ԻնստագրաԴ» անունով տեսանյութերի շարք։

«Մինչ այդ նախաձեռնությունը ուրիշ նախաձեռնությամբ էի զբաղված. դիմում էինք հանրահայտ մարդկանց Ինսթագրամում, որ խոսեն կամ մեր հիմնադրամի կայքը տարածեն, որ կարողանանք գումար բերել հիմնադրամին։ Հետո մտածեցի՝ դրսից ինչ միջոցներ կարելի է ձեռնարկել գումար աշխատելու և փոխանցելու հիմնադրամին։ Ես էլ, որ տարիներ շարունակ վիդեոբլոգինգով եմ զբաղվում, հիշեցի YouTube-ի մասին, որ վճարում է դիտումների համար, հասկացա, որ կարելի է միասնական բոլորով նայել տեսանյութեր ու աշխատած գումարը փոխանցել հիմնադրամին»,- «Մեդիալաբին» պատմում է Ռուբեն Եսայանը։

Տեսանյութերի դիտումների արդյունքում գումար գեներացնելու համար անհրաժեշտ պայմաններ կան, որոնք դիտողները պետք է պահպանեն: Այդ կանոնները բացատրվում են յուրաքանչյուր տեսանյութի սկզբում, օրինակ՝ կարևոր է մինչև վերջ անպայման դիտել տեսանյութը, առաջ չտալ գովազդները, ձայնը լրիվ չիջեցնել և այլն։

Եսայանն ասում է, որ նախաձեռնությունը շատերին է ոգևորել, թեպետ սկզբում իր սպասելիքները մեծ չէին, քանի որ YouTube-ը մանավանդ հայկական դիտումների համար քիչ է վճարում, բայց մարդիկ սկսել են նաև աշխատած գումարի վրա գումար ավելացնել, և ստացվել է հաջողակ նախագիծ։ Տեսանյութերից ստացված գումարը կազմել է մոտ 800-1000 դոլար, սակայն վերջնարդյունքը վերաճել է 10․000 դոլարի։

«Եթե զուտ տեսանյութերը նայենք՝ մոտ 800-1000 դոլար է ստացվել, բայց դրա վրա ավելացվեցին այդ նախաձեռնությունից ոգևորված մարդկանց գումարները, ստացվեց 5000 դոլար, և փոխանցում ենք մեկ այլ ընկերության միջոցով, որը կրկնապատկում է գումարը, այսինքն՝ 10․000 դոլար»,- նշում է վիդեոբլոգերը:

Մինչ այժմ պատրաստվել և YouTube-ում հրապարակվել է 5 տեսանյութ։ Ռուբենը պատմում է, որ տեսանյութերը մենակ է պատրաստում, սակայն երաժշտություն օգտագործելիս դիմում է հեղինակներին, որ հեղինակային իրավունքի խնդիր չառաջանա։

«Փորձում եմ երաժշտություն, որովհետև շատերն ուղղակի միացնում, գործ են անում, չեն նայում, ավելի շատ լսում են, դրա համար մեծ մասը երաժշտություն եմ դնում։ Փորձում եմ այնպիսի բան դնել, որոնք մաքուր հայկական են, որոնք ոչ միայն փող կբերեն, այլև կկրթեն մարդկանց՝ Կոմիտաս, Առնո Բաբաջանյան կամ ինչ-որ հայկական ժողովրդական բենդերի երգեր: Երբեմն նաև տեսանյութեր էլ եմ դնում, բայց ավելի շատ՝ երաժշտություն, որպեսզի լսեն, տեսանյութը կնայեն, էլ չեն լսի, իսկ երաժշտությունը կլսեն»,- ընդգծում է Եսայանը։

Նշում է, որ շարունակելու է տեսանյութեր հրապարակելով գումար վաստակել, ինչքան օգուտ բերի՝ լավ է։

«Շարունակելու ենք։ Սկզբում օրը մեկ էր, հետո ակտիվության պակաս նկատվեց, հիմա սպասում եմ՝ հենց ամեն տեսանյութը 100․000 դիտում է ունենում, մյուսն եմ տեղադրում։ Բացի YouTube-ից, նաև փնտրում եմ, հիմա ուսումնասիրում եմ, թե ինչ այլ ճանապարհներ կան ինտերնետով գումար աշխատելու, որոնք էլի անպայման գործի մեջ եմ դնելու»,- նշում է Եսայանը։

Ասում է, որ շատ կարևոր է այժմ թիկունքում կարողանալ ֆինանսապես օգնել, ով ինչպես կարող է․ «Հիմա շատ կարևոր է՝ ինչքան հնարավոր է շատ գումար բերել հիմնադրամ, ամենակարևորը, որ ֆինանսապես ապահովված լինեն, ու ցանկացած միջոցառում, որը կարող է ուղղակի ոչ մի բանից գումար ստանալ, մեր մասով այդպես է ստացվում, մարդիկ, եթե կարող են անել մի բան, որը գումար է բերում, շատ լավ է: Դա այսօր մեր երկրին ոչ միայն օգնություն է, այլև մեծ օգնություն է»,- նշում է Ռուբեն Եսայանը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am