Ընտրությունների նախօրեին Զվարթնոց օդանավակայանում Հովհաննես Սահակյանի հետ կարճ հարցազրույցը կայծակնային արագությամբ տարածվեց համացանցում՝ մեծ արձագանք և բացասական քննարկումներ առաջացնելով։ Տեսանյութը տարածվեց ընտրակաշառքի, ինչպես նաև արտերկրից՝ մասնավորապես Ռուսաստանից, ԱԺ ընտրություններին մասնակցելու համար Հայաստան ժամանող քաղաքացիների մասին տեղեկությունների ֆոնին։
Հիշեցնենք, որ «Շանթ»-ի հետ զրույցում Սահակյանը հայտնել էր, թե Մոսկվայից եկել է քվեարկությանը մասնակցելու և նույն օրը վերադառնալու է։ «Մոսկվայից եկել ենք ընտրենք, երեկոյան 7-ին հետ ենք վերադառնում»,- ասել էր նա։ Լրագրողի՝ «Նույն օրը՞» հարցին Սահակյանը պատասխանել էր. «Անպայման, որ կարող ա խառնվի վիճակը, երեխեքի հետ ենք, չմնանք էլի բարդություններին»։
Ավելի ուշ նրա ընկերներից մեկը գրել էր, որ Սահակյանը Հայաստանում բիզնես ունի, հաճախ է գալիս-գնում, իսկ այդ օրը Երևան էր եկել նաև մոր 83-ամյակին մասնակցելու համար։ Սահակյանի կինը ևս նշել էր, որ իրենք երեխաների հետ չեն եկել, ինչպես ասել էր ամուսինը, քանի որ երեխաները չափահաս են և ապրում են արտերկրում։
Երբ Սահակյանը փորձել է վերադառնալ Մոսկվա, նա ձերբակալվել է հենց օդանավակայանում։ Այս կապակցությամբ «Մեդիալաբը» մի քանի հարց է ուղղել փաստաբան Տաթևիկ Սողոյանին։
– Տիկի՛ն Սողոյան, Քննչական կոմիտեն Հովհաննես Սահակյանի նկատմամբ քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 473-րդ հոդվածի 1-ին մասով՝ «հանցագործության մասին չհայտնելու» հատկանիշներով։ Քննիչի որոշմամբ նա ձերբակալվել է։ Ինչպե՞ս եք գնահատում այս քրեական գործի իրավական հիմնավորվածությունը։
– Առնվազն տարօրինակ ու առերևույթ վրեժխնդրություն, որովհետև Քննչական կոմիտեի տեքստը, թե քաղաքացին ինչի համար է մեղադրվում, ոչ մի բանի մասին էր. խոսք չկա, թե այդ ինչ ապացույցներ են, որոնք ցույց են տալիս, որ նա հաստատապես տեղյակ է եղել: Հաշվի առնելով գործողությունների ընթացքն ու ձերբակալության տևողությունը՝ ինձ մոտ տպավորություն է, որ զուտ վրեժ են լուծում, ու մարդուն, որը ինչ-որ հայտարարություն է արել, որը կարող է բարոյական դաշտում ինչ-որ առումով անընդունելի լինել, զուտ այդ բարոյական խոսքի համար ապօրինի իրավական միջամտությամբ՝ այսպես վրեժխնդիր են լինում:
Շաբլոնային ընտրակաշառքի հարցեր լինեին, էլի հասկանալի կլիներ, բայց դնել մի հոդված, որը պրակտիկայում գրեթե չի կիրառվում ու կիրառվելու պարագայում էլ պահանջում է շատ բարձր ապացուցողական շեմ, ինձ համար առնվազն տարակուսելի է: Ես կարող եմ ուղղակի կախատեսել, որ այս գործն ապագա չի ունենա, ու չեն կարողանալու այդ մարդուն նույնիսկ դատարան հասցնել:
– Ձեր ասած այդ վրեժխնդրությունը ինչի՞ համար է արվում:
– Մի քանի շերտ ունի. նախ այդ պրոպագանդիստական շերտն է, որ լայնորեն կիրառվեց ընտրություններին ընդառաջ, որ ով գա Երևան, հենց «Զվարթնոցում» բռնելու են և այլն, ինչն ընտրություններին քաղաքացիների մասնակցությունը կաշկանդելու միտում ուներ: Երկրորդը այդ արտաքին քաղաքական մեսիջներն էին, որ անընդհատ ասում էին՝ Ռուսաստանից հարձակումներ կան և այլն: Երրորդը, բնականաբար, այս հայտարարության բովանդակությունն էր, որը շատ տարբեր մեկնաբանությունների առիթ տվեց Հայաստանում, մասնավորապես, բարոյական իմաստով, ոչ այնքան իրավական իմաստով:
Տարբեր պետություններում ընտրողների իրավունքների պրակտիկան շատ տարբեր է, պետությունները հիմնականում որդեգրում են այն քաղաքականությունը, որ եթե մարդն ունի տվյալ պետության անձնագիրը, ապա պետք է թույլ տալ ընտրել, ու շատ լիբերալ են վերաբերվում դրան: Կան երկրներ, որոնք իրենց անվտանգային մարտահրավերները հաշվի առնելով՝ այդ իրավունքը որոշակի իմաստով սահմանափակել են, ու մենք էլ ենք այդ ուղիով գնացել՝ արգելել ենք արտերկրում գտնվելով քվեարկելը, բայց չենք արգելել մարդկանց գալ, քվեարկել ու վերադառնալը:
Մեզանում սա ավելի շատ մնացել է բարոյական կարգավորման տիրույթում, բայց իրավական այդպիսի արգելք չկա, ու այս պարագայում գործի դնել ամբողջ գործիքակազմը ու հաղորդագրություններով և քաղաքական խոսքերով ահաբեկելով, ասելով՝ կտանենք ձեզ պարտադիր զինվորական հավաքների, ծանուցագրեր բաժանելով, հետո լրագրողներին ուղարկել օդանավակայան՝ այդ մարդկանցից հարցազրույցներ վերցնելու, հետո այդ ամենի հիման վրա այդ մարդկանց թիրախավորել, դարձնել քննարկման առարկա, հետո այս քրեադատավարական ռեսուրսներով մի հատ էլ մարդկանց ճնշել՝ իրավական իմաստով ապօրինի է, բարոյական իմաստով՝ խրախուսելի չէ, որովհետև, ի վերջո, մենք այսպիսով դրսում գտնվող մեր ներուժն ենք կորցնում, մի հատ էլ Հայաստան-Սփյուռք խզումն են մտցնում, քանի որ իշխանություններն արդեն ազգի մեջ մեկ թշնամի կարգել են ՝ արցախահայությանը: Նկատելի է նաև, որ այդ մարդկանցից շատերը քվեարկել են նաև իշխանության օգտին, բայց այդ երևութային սեպը, թշնամանքը արդեն իսկ ներդրվել են իշխանության կողմից:
– Տիկի՛ն Սողոյան, որոշ գնահատականների համաձայն նմանատիպ գործերի մենք առաջիկայում առավել հաճախ ենք ականատես լինելու, քանի որ, ինչպես Փաշինյանն էր հայտարարում նախընտրական քարոզարշավի ժամանակ՝ իրենք հիմա ավելի խիստ են լինելու: Դուք ի՞նչ եք կարծում:
– Մինչև այս հարուցված այն գործերին, որոնց ես ծանոթ եմ ու հետևում եմ, ապացույցների բավարար համակցություն չկա, նույնիսկ եղել են դեպքեր, որ մարդուն տարել են բաժին, մտածել են իքս ընդդիմադիր ուժից է, հարցաքննության ընթացքում պարզել են, որ բոլորովին այլ ուժի կողմնակից է: Սրանով սկսած վերջացրած նրանով, որ նույնիսկ այս գերլարված մահակային տրամաբանության պայմաններում դատարանները շատ դեպքերում հրաժարվում էին կալանքը որպես խափանման միջոց կիրառել: Շատ փնթի կարված գործեր էին լինում նաև, ու, այո՛, քանի որ մեզ առաջիկայում, սա իմ համոզումն է, քաղաքական իմաստով լավ օրեր չեն սպասում, մեծ մարտահրավերներ են սպասում միջազգային իմաստով, ու այդ մարտահրավերներն իրենց հերթին հաղթահարելու համար՝ երկրի ներսում իշխանություններն անցնելու են ավելի խիստ ու ապօրինի բռնաճնշումների:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















