Երբ և ինչպես են անցկացվելու դպրոցական քննությունները

«Հանրակրթության մասին» օրենքի համաձայն՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել պետական ավարտական քնությունների ժամանակացույցը և աշխատակարգը սահմանելու մասին նախարարի հրամանի նախագիծը:

Փաստաթուղթը կարգավորում է 4-րդ դասարանում գիտելիքների ստուգման, 9-րդ դասարանում ավարտական և 12-րդ դասարանում պետական ավարտական քննությունների անցկացման գործընթացը:

Այսպես, 4-րդ դասարանում գիտելիքների ստուգումն անցկացվում է.
«Մայրենի» առարկայից` գրավոր (թեստ). քննությանը տրվում է 60 րոպե.
«Մաթեմատիկա» առարկայից` գրավոր (թեստ). քննությանը տրվում է 60 րոպե.
ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար նաև՝ «Ռուսաց լեզու» առարկայից` բանավոր` քննաշրջանի ընթացքում.

ազգային փոքրամասնությունների դասարաններում նաև՝ իրենց մայրենի լեզու և գրականություն առարկայից` բանավոր` քննաշրջանի ընթացքում.

Գրավոր աշխատանքը գնահատվում է 10 միավորային համակարգով:

Նշվում է նաև, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների գիտելիքների ստուգման ժամանակ տրվում է լրացուցիչ 40 րոպե` ապահովելով սովորողի կարիքին համապատասխան պայմաններ:

4-րդ դասարանում գիտելիքների ստուգումը անցկացվում է հունիսի առաջին աշխատանքային օրվանից 15 օրվա ընթացքում:

Դպրոցների 9-րդ դասարանի սովորողները հանձնում են ավարտական քննություններ.
«Հայոց լեզու» առարկայից` գրավոր թեստ. քննության տևողությունը` 90 րոպե.
«Գրականություն» առարկայից՝ բանավոր.
«Հայոց պատմություն» առարկայից՝ բանավոր.
«Մաթեմատիկա» առարկայից՝ գրավոր. քննության տևողությունը` 90 րոպե.
«Բնագիտություն» («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի ընտրությամբ) առարկայից՝ գրավոր (թեստ). քննության տևողությունը` 120 րոպե.
«Օտար լեզու» («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն» և այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ) առարկայից՝ բանավոր.
«Ֆիզկուլտուրա» առարկայից` քննաշրջանի ընթացքում (նորմատիվների հանձնում).
ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար սահմանված գիտելիքների ստուգումն անցկացվում է նաև «Ռուս գրականություն» առարկայից՝ բանավոր` քննաշրջանի ընթացքում.

ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար անցկացվում է նաև գիտելիքների ստուգում «Մայրենի լեզու և գրականություն» առարկայից՝ բանավոր՝ քննաշրջանի ընթացքում:

9-րդ դասարանում գրավոր աշխատանքները ստուգվում են 20 միավորանոց համակարգով: Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա 9-րդ դասարաններում ավարտական քննություններն անցկացվում են հունիսի առաջին աշխատանքային օրվանից 30 օրվա ընթացքում:

12-րդ դասարանում շրջանավարտները հանձնում են պետական ավարտական քննություններ.

«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից՝ գրավոր (թեստ) քննության տևողությունը`120 րոպե.
«Հայոց պատմություն» առարկայից՝ գրավոր (թեստ)`քննության տևողությունը` 120 րոպե.
«Մաթեմատիկա» առարկայից՝ գրավոր (թեստ)`քննության տևողությունը` 120 րոպե.
«Ֆիզկուլտուրա» առարկայից` նորմատիվների հանձնում (ստուգարք) հունիսի 6-րդ աշխատանքային օրվանից մինչև քննաշրջանի ավարտն ընկած ժամանակահատվածում.
«Ռուս գրականություն» առարկայից՝ բանավոր` (ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար) սովորողի ընտրությամբ՝ քննաշրջանի ընթացքում.
«Մայրենի լեզու և գրականություն» առարկայից բանավոր (ազգային փոքրամասնությունների դասարանների համար)` սովորողի ընտրությամբ՝ քննաշրջանի ընթացքում:

12-րդ դասարանում պետական ավարտական քննություններն անցկացվում են հունվարի երկրորդ շաբաթվա առաջին աշխատանքային օրվանից 10 օրվա ընթացքում և հունիսի առաջին աշխատանքային օրվանից 30 օրվա ընթացքում:

12-րդ դասարանի սովորողը հունվար ամսին կարող է հանձնել այն առարկայի կամ առարկաների պետական ավարտական քննությունը, որոնք չի ընտրել և չի ուսումնասիրելու 2-րդ կիսամյակում: Հունվարին կազմակերպվող պետական ավարտական քննություններին մասնակցելու համար սովորողները մինչև դեկտեմբերի 10-ը գրավոր դիմում են հաստատության տնօրենին՝ հեռավար ուսուցման դեպքում կարելի է դիմել էլեկտրոնային փոստով:

Քննություններին սովորողներին չի թույլատրվում քննասենյակ բերել բջջային հեռախոսներկամ կապի այլ միջոցներ, տետրեր, դասագրքեր, ուսումնական և այլ ուղեցույց-ձեռնարկներ:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am