Հուլիսի 31-ին, կեսգիշերն անց հիվանդանոցից ոստիկանության Նիրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի և որովայնի կտրած-ծակած վերքերով 51-ամյա մի տղամարդ է բուժօգնության տեղափոխվել:
Օպերատիվ խումբը մեկնել էր բժշկական կենտրոն: Ոստիկանները տուժողի հետ զրուցել չէին կարողացել. նրան վիրահատում էին: Կինը հայտնել էր` իբր ամուսինը վնասվածքը ստացել է Քասախ գյուղում ընկնելու հետևանքով: Սակայն հետաքննություն իրականացնող մարմինն այլ բան պարզեց:
Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ Քասախ գյուղի վարչական տարածքում գտնվող ռեստորանի մոտ վիճաբանության ժամանակ տուժողին դանակահարել է նախկինում տարբեր հանցագործությունների համար մի քանի անգամ դատապարտված Մասիս քաղաքի 40-ամյա մի բնակիչ:
Իրավապահների բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 4-ին, ժամը 16-ի սահմաններում կասկածվողը ներկայացավ ոստիկանության Նաիրիի բաժին և ձերբակալվեց:
Դանակարության փաստով հարուցվել է քրեական գործ:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից։