«Դպրոցից պետք է հանել «Հայ եկեղեցու պատմություն» առարկան, իսկ բանակից` քահանաներին». բանակում հավատաքննություն է իրականացվում

«Դպրոցից պետք է հանել «Հայ եկեղեցու պատմություն» առարկան, իսկ բանակից` քահանաներին».  բանակում հավատաքննություն է իրականացվում
«Դպրոցից պետք է հանել «Հայ եկեղեցու պատմություն» առարկան, իսկ բանակից` քահանաներին». բանակում հավատաքննություն է իրականացվում

«Կյանքի խոսք» եկեղեցու հետևորդ Աշոտ Մկրտչյանը (անունը ազգանունը փոխված է), զինվորական ծառայության ընթացքում հակառակ իր կամքի ստիպված է եղել Հայ առքելական եկեղեցու քահանայի գլախվորությամբ աղոթքներ անել:

«Երբ կասկածեցին, որ այլ եկեղեցու եմ դավանում, ինձ տարան հրամանատարի մոտ, ստիպեցին հրաժարվել իմ եկեղեցուց: Ինձ սկսեցին ծաղրել, սպառնացին, որ եթե մեր զորամասում ծառայող քահանայի ամենօրյա աղոթքներին չմասնակցեմ, ինձ համար վատ կլինի»,- «Մեդիալաբին» պատմում է Աշոտը:

Զորամասի ղեկավարության հետ խնդիրներ չունենալու համար նա 8 ամիս իր կամքին հակառակ Հայ Առաքելական եղեկեցու քահանայի կազմակերպած ծեսերին է մասնակցել:

Բանակում Հայ առաքելական եկեղեցու քահանաների ծառայությունը խնդիրներ է հարուցում կրոնական այլ կազմակերպությունների հետևորդ հանդիսացող զինծառայողների համար:

Չնայած ՀՀ Սահմանադրության 26-րդ հոդվածի համաձայն, «յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունք», եւ կրոնի և համոզմունքների արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` ռազմական դրության, սահմանադրական կարգին սպառնացող վտանգի դեպքում, այնուամենայնիվ, իրավապաշտպաններն ահազանգում են. բանակում ծառայող հոգևորականները հավատաքննություն են իրականացնում: Նկատելով, որ «հոտից» շեղվող կա, այլ կրոն դավանող երիտասարդներին հետ սկսում են «դաստիարակչական աշխատանք» տանել՝ ստիպելով իրենց հետ աղոթքներ անել:

Հոգևորականները դա բացատրում են նրանով, թե փորձում են «դարձի բերել» տարբեր կրոնական կազմակերպությունների անդամ հանդիսացող զինծառայողներին:

Պաշտոնական տվյալներով 2013 թվականին, Հայ առաքելական եկեղեցուց բացի, Հայաստանում գրանցված են եղել 64 այլ կրոնական կազմակերպություններ:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ասում է, որ Հայաստանի բոլոր կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչները, բացի «Եհովայի վկաներ» կազմակերպության անդամներից, պարտաճանաչ զորակոչվում են բանակ:

2003 թվականի դեկտեմբերին Եվրախորհրդի անդամակցությամբ պայմանավորված՝ Հայաստանում ընդունվել էր «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքը, որով «Եհովայի վկաներ» կազմակերպության անդամները կարող են այլընտրանքային ծառայություն անցնել Հայաստանի տարբեր հաստատություններում, քանի որ նրանց կրոնն արգելում է զինվորական ծառայություն իրականացնել:

Տարբեր տարիների, սակայն, պետությունը խախտել է այս օրենքը, քանի որ «Եհովայի վկաները» այլընտրանքային ծառայության ժամանակ գտնվել են պաշտպանության նախարարության հսկողության տակ: Հսկողությունից զատ, այլընտրանքային ծառայության անմարդկային պայմանները շատ երիտասարդների ստիպել են լքել ծառայության վայրերը, որի հետեւանքով վերջիններս քրեական հետապնդման են ենթարկվել: Այս գործերով ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության մի շարք վճիռներ է կայացրել, գործերի մի մասը դեռևս դատարանում են:

Այլ կրոնական համոզմունքն ունեցող երիտասարդներ, ըստ Ավետիք Իշխանյանի, չնայած տարածված մտայնությանը, զորակոչվելուց հետո, բանակում քարոզչություն չեն իրականացնում:

«Բանակում նրանք որևէ քարոզչություն չեն անում, սուտ է, որ ասում են, թե նրանք այնտեղ քարոզչությամբ են զբաղված: Հայ առաքելական եկեղեցու կողմից հավատաքննություն է այսօր բանակում իրականացվում, սա բանակը քայքայելու ձև է»,- «Մեդիալաբին» ասում է Ավետիք Իշխանյանը:

եկեղեցի քարոզ 2

Նա նկատում է, որ առանց այն էլ բանակի համալրումն այսօր բավական բարդ  խնդիր է դարձել և հարցադրում անում. իսկ եթե այդ երիտասարդները  որոշեն գնալ այլընտրանքային  ծառայությա՞ն:

«Զարմանում եմ պաշտպանության նախարարության կարճատեսության վրա, բանակի պառակտման գործունեությամբ են զբաղված: Երբ իմանում են, որ ինչ-որ մեկը կրոնական կազմակերպությունից է, սկսում են նրա հետ աշխատանք տանել, որ հրաժարվի իր կրոնից»,- ասում է նա:

Իշխանյանը նկատում է, որ 21-րդ դարում կղերականությունը մուտք է գործել Հայաստանի դպրոցներ և բանակ:

«Բանակում չպետք է լինի Հայ առաքելական եկեղեցու սպասավորն ու ամեն անգամ աղոթք անի: 21-րդ դարում կղերականության մուտքը Հայաստան և դեպի միջնադար գնալն անթույլատրելի  եմ համարում: Նրանց կարծիքով, կրոնական կազմակերպությունները պառակտում են ազգը, ես կասեի հակառակը՝ իրենց գործունեությամբ իրենք են պառակտում մեր միասնությունը: Բացարձակ նշանակություն չունի՝ մարդն աթիստ է, թե որևէ հավատի ներկայացուցիչ, բոլորը հայեր են: Նրանք բանակում քարոզչություն չեն տարածում, բանակում միակողմանի քարոզչություն իրականացնում է Հայ առաքելական եկեղեցին՝ քահանայի միջոցով»,-«Մեդիալաբին» ասում է Իշխանյանը:

Նա հիշում է մի դեպք, երբ աթեիստ երիտասարդին ստիպել են աղոթել բանակում:

«Ենթադրենք, ես անհավատ եմ, բայց իմ հայրենիքը սիրում եմ ի տարբերություն շատ պաշտոնյաների երեխաների, գնացել եմ բանակ, չեմ խուսափել բանակից, ինձ ստիպում են աղոթել ու խաչ համբուրել: Սա ի՞նչ վերաբերմունք է: Դա մարդուն նվաստացնելու ձև է, ստիպում են իր կարծիքին ու հավատին դեմ գնալ, ոտնահարում են նրա իրավունքը: Արդյո՞ք մենք վերադառնում են միջնադար, որ հավատաքննություն է իրականացվում»,- հարցադրում է անում իրավապաշտպանը:

Ի տարբերություն Իշխանյանի, «Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» տնօրեն Ալեքսանդր Ամարյանը հավատացնում է, թե «աղանդավորները հոգևորսություն են կատարում բանակում»:

Ամարյանի խոսքով, այլ կրոն դավանող երիտասարդները փորձում են իրենց կրոնական կառույցի համար մարդիկ հավաքագրել և բանակում ծառայելու ժամանակ քարոզ են իրականացնում: Ամարյանը պնդում է, որ ինքը տեղյակ է նման դեպքերի մասին:

Նախկին զինծառայող Աշոտ Մկրտչյանը, սակայն, ասում է, որ բանակում ինչպես ինքը, այնպես էլ այլ կրոնական կազմակերպությունների հետևորդ երիտասարդներն աշխատել են աննկատ մնալ այդ հարցում, որպեսզի զորամասի ղեկավարությունը չիմանա այդ մասին:

«Հենց իմանում էին, որ որևէ մեկը այլ եկեղեցու հետևորդ է, ստիպում էին քահանայի հետ աղոթքներ անել: Այդ պայմաններում ոչ մի քարոզչություն անելու մասին խոսք լինել չի կարող, բանակում ես չեմ էլ մտածել քարոզչություն անելու մասին»,- «Մեդիալաբին» ասում է նա:

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի ղեկավար Ստեփան Դանիելյանը նկատում է, որ բանակում ինչպես մյուս, այնպես էլ կրոնական հարցերով ճնշումների ենթարկվող երիտասարդները խուսափում են բարձրաձայնել այդ մասին:

«Քանի որ մտավախություն կա, որ բողոքելու դեպքում կարող են իրենց ճնշել և նաև մտավախություն կա, որ կարող են իրենց ընկերների կողմից արհամարվել, քանի որ ներքին ինֆորմացիան դուրս տանելը վատ է դիտվում իրենց ընկերների կողմից, զինծառայողները գերադասում են լռել»,- «Մեդիալաբին» ասում է Ստեփան Դանիելյանը:

Նա նշում է, որ բանակում հոգևորականները զինվորների հետ կրոնական դասեր են անցկացնում, աղոթում են, բայց ոչ բոլորն են իրենց ցանկությամբ աղոթում:

«Եղել են դեպքեր, երբ կասկածել են, որ երիտասարդն այլ եկեղեցու հետևորդ է և հոգևորական են կանչել, հոգևորականը հարցաքննել է, պարզել, որ այլ կրոնի է դավանում: Սակայն, նորից եմ կրկնում, զինծառայողները աշխատում են չբողոքել»,- նշում է նա:

Ստեփան Դանիելյանը կարծում է, որ բանակում պետք է ապահովել բոլոր կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների իրավունքները: Երբ զուտ միայն Հայ առաքելական կեղեցու ներկայացուցիչներն են բանակում ներկայացված, իսկ նրանք էլ զենքով չեն ծառայում, դա որոշակի խնդիրներ է առաջացնում:

«Ես շատ մարդիկ գիտեմ, որոնք իրենց երեխաներին տանում են Գևորգյան Հոգևոր Ճեմարան որպեսզի զենքով չծառայեն: Բայց սա այլ խնդիր է: Բոլոր դեպքերում բանակում կրոնական շեղումներ կան: Բանակը եկեղեցու հետ արդեն մեկ օրացույց է մշակել, թե ինչպես մտնել դպրոցներ, կրոնական հայրենասիրական քարոզներ է անում, պաշտպանության նախարարը ելույթներով հանդես է գալիս, նա հայրենասիրությունը և Հայ առաքելական եկեղեցուն պատկանելը նույնականացնում է, ինչն անթույլատրելի է»,- ասում է Ստեփան Դանիելյանը:

Նրա խոսքով, ոչ ոք իրավունք չի տալիս պաշտոնյային որևէ կրոնական կազմակերպության ներկայացուցչին հայրենասեր անվանել, իսկ մյուսին հայրենասեր չհամարել:

«Սա անթույլատրելի է, նման դեպքերը պետք է բացառել, և բոլորը պետք է հավասար լինեն՝ անկախ նրանից հավատացյալ են, թե ոչ կամ որ կրոնական ուղղության հետևորդ են»,-ասում է Դանիելյանը:

Նրա խոսքով՝ Հայ Առաքելական եկեղեցու քահանաներն ըստ էության բանակում այլընտրանքային ծառայություն են անցնում, քանի որ զենքով չեն ծառայում, մարտական դիրքերում ծառայություն չեն իրականացնում:

«Պատճառն այն է, որ եկեղեցին փորձում է ինչ-որ դերակատարություն վերցնել իր վրա դպրոցներում, բանակում և այլն, այսինքն՝ իրենց համար գործ են հնարում, որ արադարացնեն իրենց գոյությունը: Եկեղեցին ճգնաժամի մեջ է, իր տեղը հասարակությունում չի կարողանում գտնել և դրա համար նման գործեր են հնարում»,- ասում է նա:

Այս հարցում, նրա խոսքով, պետությունը որևէ քաղաքականություն չունի մշակած:

«Երևի Սերժ Սարգսյանը կաթողիկոսին ասել է՝ ինչ ուզում ես, արա»,-ասում է Ստեփան Դանիելյանը:

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը չի հերքում, որ բանակում  քահանաները բացատրական աշխատանք են իրականացնում կրոնական այլ կազմակերպությունների երիտասարդների հետ, փորձում նրանց հետ կանգնեցնել իրենց կրոնից: Նա դա բնական է համարում:

«Նման հատուկ ծրագիր չկա, իսկ եթե այդպիսի դեպքեր կան, դա կարծում եմ՝ նորմալ է, որովհետև ցանկացած կրոնի դավանող անձ, նույն իրենք՝ փոքրամասնություն կոչվող կրոնների անդամները, նույն բանը փորձում են անել զինվորների և հասարակ քաղաքացիների շրջանում: Այնպես որ, ի՞նչ կա զարմանալի նրանում, որ Առաքելական եկեղեցու քահանան փողոցում կամ բանակում փորձի այլադավանին համոզել, որ իր համոզմունքները սխալ են: Ես այստեղ խնդիր չեն տեսնում, բայց հաստատ որևէ հրահանգ այդ ուղղությամբ չկա»,- «Մեդիալաբին» ասում է Արծրուն Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը նաեւ հավելում է, որ «այլ կրոն դավանող երիտասարդներից շատերը ծառայությանը չեն համակերպվում, ծառայությունը լքում ու հեռանում են», քանի որ այլ դավանանք ունեցողները «ինքնաճնշված են»:Նա նշում է, որ քահանաների դերը կարևոր է բանակում, հատկապես այս տարի, քանի որ «այս տարի բանակում հայտարարված է փողոցային բարքերի դեմ պայքարի տարի»:

«Փողոցային արժեհամակարգն արմատախիլ անելու հարցում հոգևոր ծառայողի դերը չափազանց մեծ է, ճիշտ քարոզը շատ է օգնում այդ հարցերում»,-համոզված է Հովհաննիսյանը:

Սակայն ի տարբերություն Հովհաննիսյանի, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը նշում  է, որ բանակում խախտվում են մարդու սահմանադրական իրավունքները: Նա նշում է, որ առաջին հերթին պետք է իրականություն դառնա եկեղեցու առանձնացումը պետությունից, պետությունը պետք է լինի աշխարհիկ:

«Պետությունը պետք է բոլոր կրոնների նկատմամբ հանդուրժողական վերաբերմունք և չեզոքություն ցուցաբերի,-«Մեդիալաբին» ասում է Իշխանյանը,- Դպրոցից պետք է հանել «Հայ եկեղեցու պատմություն» առարկան, իսկ բանակից` քահանաներին: Պետք է պետությունը լինի աշխարհիկ, իսկ ով ուզում է, թող հավատա, բայց քարզչություն չանի ոչ դպրոցում, ոչ էլ բանակում»:

Ռոզա Հովհաննիսյան

Լուսանկարները` «Ֆոտոլուր»

© Medialab.am