«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տնտեսագետ, Tvyal.com կազմակերպության ղեկավար Աղասի Թավադյանը
– Պարո՛ն Թավադյան, հայտնի է դարձել, որ Հայաստանը 2025 թ. մարտի 12-ին թողարկել է 750.000.000 դոլար արժեքով եվրապարտատոմսեր, որոնք արդեն տեղաբաշխված են միջազգային կապիտալի շուկայում, իսկ սա նշանակում է, որ ՀՀ արտաքին պարտքը էլի ավելացել է: Ձեր մասնագիտական գնահատականն եմ խնդրում այս առումով, ու եթե իշխանությունն ասում է, որ մեր տնտեսությունը թռիչքաձև աճում է, ապա ինչո՞ւ է հավելյալ գումարներ վերցնում:
– Պետությունը պետական պարտք է վերցնում, որովհետև բյուջեում կա մեծ ճեղքվածք ու թերակատարում: 2024 թվականին սխալ հարկաբյուջետային քաղաքականության հետևանքով ավելի քիչ են հարկեր հավաքագրվել՝ ի սկզբանե դրված նպատակային բյուջեից 8 տոկոս քիչ է հավաքագրվել: Մոտ 15 տարվա գրանցված պատմության մեջ նման դեպք չի եղել՝ հարկել ավելի քիչ, քան նախատեսված էր, ու հիմնականում պակասել են ավելացված արժեքի հարկի մուտքերը, ինչը նշանակում է, որ տնտեսության մեջ ավելի քիչ առուծախ է կատարվել, այսինքն՝ կա՛մ առևտուրը թաքցնում են, կա՛մ այն նվազել է:
Սա նշանակում է, որ իրական տնտեսությունը խնդիրներ ունի, դրա մասին է փաստում այն, որ, ճիշտ է, 2024-ին Հայաստանի արտահանումը գրանցել է շլացուցիչ 52 տոկոս աճ՝ ի հաշիվ Ռուսաստանից ոսկու վերարտահանման այլ պետություններ, որը անցնող տարում կազմել է ամբողջ արտահանման 61.4%-ը: Բուն արտահանման ծավալում մեր ավանդական արտահանումների քանակը նվազել է. 2024-ին դեպի ԵԱՏՄ արտահանումը նվազել է 11%-ով, դեպի ԵՄ` 14 %-ով, այս պայմաններում խոսել թռիչքաձև տնտեսական աճի մասին՝ թյուր է:
Տնտեսական աճի զգալի մասը՝ մոտ 25 տոկոսը, ապահովել է առևտուրը, որը նախորդ տարի ավելի քիչ է եղել, քան 2023 թվականին, այսինքն՝ նույնիսկ այդ ուղղությամբ կա խնդիր: Երկրորդ տեղում անշարժ գույքն է, բնակարանների վարձակալության արժեքը, որը դարձյալ մնայուն չէ: Հասկանում ենք, որ այս պահին վարձավճարներն ընկել են, ինչպես նաև բնակարանների առաջնային ու երկրորդային շուկայի գներն են նվազել: Երրորդը բանկային համակարգն է, որը մեր տնտեսության հիմնական շարժիչ ուժն է, իսկ չորրորդ տեղում շինարարությունն է: Հանքարդյունաբերությունն անկում է ապրել, արտադրությունը ևս:
Այս պայմաններում, երբ կան բյուջեի հստակ թերհավաքագրում ու բյուջեի ճեղքվածք, 25-ին կան բազմաթիվ ռիսկեր, որոշում է կայացվել կարճաժամկետ խնդիրներ լուծելու համար՝ առանց երկարաժամկետ հորիզոնի, ավելացնել պետական պարտքը, որպեսզի բյուջեի ճեղքվածքը փակեն:
Սա վտանգավոր է, որովհետև Կառավարության ՀՆԱ-ի ցուցանիշները միշտ լավատեսական են լինում, նրանք միշտ վերցնում են ամենավերին շեմը, ու եթե այդ նպատակային կետը չի կատարվում, պետությունն էլի մտնում է պահուստային ֆոնդի մեջ, իսկ եթե այն չբավարարի, ապա նորից պետական պարտքի շեմը պետք է մեծացնենք, այսինքն՝ նոր պետական պարտք են վերցնում պետական պարտքը փակելու համար, ինչը ճիշտ քաղաքականություն չէ:
Մյուս կողմից էլ՝ տնտեսությունը բավականին լուրջ ու պայթյունավտանգ վիճակում է, այս վիճակում շարունակել նույն տեմպով պետական պարտք ավելացնել՝ թյուր մտածելակերպ է, որովհետև եթե եկամուտներդ քչանում են, դու չպետք է շարունակես նույն շռայլությամբ ծախսեր անել՝ պարտք վերցնելով: Դու պետք է ծախսերդ կրճատես, իսկ Հայաստանում ծախսերի կառավարումը շատ թերի է իրականացվում այն տեսանկյունից, որ ծախսերի արդյունավետությունը ոչ մի տեղ գրանցված չէ, ու սա եղել է բոլոր կառավարությունների քաղաքականությունը:
Մեր տնտեսությունը հիմնական արտադրություն, զարգացում չունի, գյուղատնտեսությունն անկում է ապրում, միակ աճն ապահովում են ծառայություններն ու բանկային համակարգը, որոնք այս պահին կրճատվում են:
Այսպիսի պայմաններում նույն տեմպով ծախսերը շարունակել շատ վտանգավոր է: Հիմա մեր պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը անցել է գրեթե 50 տոկոսը, իսկ, ըստ ԵԱՏՄ համաձայնագրի, չի կարող 50 տոկոսն անցնել, իսկ ըստ մեր օրենսդրության, եթե շուրջ 60 տոկոսն է, ապա Կառավարություն պետք է ծախսերը կրճատելու ուղղությամբ քայլեր ձեռնարկի:
Այս ամենի մեջ դրականն այն է, որ այս Կառավարությունը վերջին շրջանում մեծացրել է դրամով պետական պարտքը, որը հիմա 50-50 է, այսինքն՝ 50 տոկոսը դրամով է, 50-ը՝ դոլարով: Սա մեզ ապահովագրել է դրամի հանկարծակի արժեզրկումից, բայց առաջնայինը պետք է մտածել պետական պարտքի կրճատման մասին:
Այս պահին մեր ընդհանուր պետական պարտքը 12,5 մլրդ դոլար է, դրամական արտահայտությամբ՝ 4,9 տրիլոն դրամ: Մեր պետական պարտքը 2018 թվականի համեմատությամբ գրեթե կրկնապատկվել է, 2018-ին մեր ընդհանուր պետական պարտքը 6,4 մլրդ դոլար էր:
– Այդ ուղղությամբ քայլեր արվո՞ւմ են:
– Իրականում անում են կարճաժամկետ՝ կա խնդիր, անում են քայլեր, որ դա լուծեն՝ առանց երկարաժամկետ տեսլականի, հիմնականում դրականն են ցույց տալիս ու փորձում են դա որպես իրականություն մատուցել: Բայց ոչ մի նախաձեռնության մեջ հստակություն չկա: Բյուջեի ճեղքվածք կա՝ այս պահին հարկերն են ավելացնում, առանց դրանց երկարաժամկետ ազդեցության մասին մտածելու:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















