Ձյան սողանքի հետեւանքով պայմանագրային զինծառայողների զոհվելու գործով հարուցվել է քրգործ

2020թ. փետրվարի 7-ին` ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետերի հերթապահության հերթափոխի ժամանակ, ձյան սողանքի հետեւանքով, պայմանագրային զինծառայողներ Կարապետ Սեդրակի Նազարյանի, Տիգրան Արմենի Արզումանյանի, Նվեր Տիգրանի Շահբազյանի մահվան եւ Համլետ Գրենիկի Միրզոյանի մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով /Ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը՝ եթե անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ/ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից:

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն, երեկ ձեռնարկված որոնողական-փրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են ձնահյուսի տակ մնացած պայմանագրային զինծառայողներ, շարքային Կարապետ Սեդրակի Նազարյանի (ծնվ. 1991թ., զինված ուժերում էր 2018թ.-ից, Քաշաթաղի ԶԿ), կրտսեր սերժանտ Տիգրան Արմենի Արզումանյանի (ծնվ. 1994թ., զինված ուժերում էր 2018թ.-ից, Սյունիքի ՄԶԿ) և կրտսեր սերժանտ Նվեր Տիգրանի Շահբազյանի (ծնվ. 1995թ., զինված ուժերում էր 2018թ.-ից, Սյունիքի ՄԶԿ) դիերը: