Տարածաշրջանում խաղաղության հնարավոր է հասնել միայն ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման միջոցով. Էդուարդ Աղաջանյանը՝ ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանում

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանում:

Ելույթում մասնավորապես ասվում է.

«Տիկին նախագահ, հարգելի գործընկերներ,

բոլորս իսկապես մտահոգված ենք Ուկրաինայում ընթացող զարգացումներով, քանի որ ցանկացած պատերազմ ողբերգություն է՝ բազմաթիվ կորսված կյանքերով և զրկանքներով:

Նմանապես 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից գլոբալ համավարակի պայմաններում սանձազերծված ագրեսիվ պատերազմն ունեցել է իր ողբերգական հետևանքները և լրջորեն խաթարել է ԵԱՀԿ-ի վստահելիությունը:

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի հայտարարությունը ստորագրելուց ավելի քան մեկ տարի անց խաղաղության հեռանկարները դեռևս անորոշ են մեր տարածաշրջանում: Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ գործողությունները, ինչն արտահայտվում է Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժմամբ, պետական սահմանի երկայնքով շարունակական ռազմական սրացումներով և հրադադարի խախտումներով, հայ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց մինչ այժմ շարունակվող ապօրինի կալանքով, հայկական մշակութային ժառանգության ոչնչացումով և յուրացումով: Այս ամենը չի կարող դիտարկվել որպես Ադրբեջանի կողմից վստահության մթնոլորտ ստեղծելու պատրաստակամություն:

Ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանը քանիցս ապացուցել է, որ պատրաստ է ձեռնարկել իրական քայլեր տարածաշրջանում հարատև խաղաղություն հաստատելու ուղղությամբ: Մենք կարծում ենք, որ այս նպատակին հասնելու համար կողմերն առաջինը պետք է կատարեն իրենց պարտավորությունները, որոնք ամրագրված են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարություններում:

Ցավոք, ակնհայտ հակասություն կա Ադրբեջանի հայտարարած խաղաղ գոյակցության մասին մտադրության և իրական գործողությունների միջև:

Ադրբեջանը շարունակաբար կեղծում կամ խեղաթյուրում է եռակողմ համաձայնագրերի դրույթները, երբեմն նույնիսկ հանդուգն կերպով հորինում նորերը, որոնք աղերս չունեն այս փաստաթղթերի բովանդակության կամ ոգու հետ: Նմանօրինակ մտացածին դրույթներից մեկն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն է», որը հնարավոր չէ գտնել երեք եռակողմ հայտարարություններից և ոչ մեկում, և ինչն ուղիղ սպառնալիքի դրսևորում է և ահաբեկչություն Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ:

Հարգելի գործընկերներ,

Լեռնային Ղարաբաղում ներկա իրավիճակը Ադրբեջանի կողմից Հելսինկիի եզրափակիչ ակտի մի քանի առանցքային սկզբունքների բացահայտ խախտման արդյունք է, որոնց թվում են ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից զերծ մնալը, ինչպես նաև հակամարտությունների խաղաղ կարգավորումը:

Ոչ ոք չպետք է պատրանքներ ունենա, թե ուժի կիրառման արդյունքները՝ պատերազմական հանցագործություններով և միջազգային մադասիրական իրավունքի խախտումներով, կարող են երբևէ երկարատև և կայուն խաղաղության համար հիմք դառնալ:

Տարածաշրջանում այսպիսի խաղաղության հնարավոր է հասնել միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո:

Շնորհակալություն»: