«Ասեց` հայը Հայաստանում պետք ա ծառայի, ու Ռուսաստանից եկավ». Մոր խոսքով` որդին իր կյանքի գնով փրկել է նորակոչիկներին

43-ամյա Գայանե Դավթյանը հուզմունքով է հիշում՝ ինչպես տղան որոշեց Ռուսաստանից Հայաստան գալ և հայրենիքում ծառայել: Մայրն ասում է՝ փորձել են հետ պահել, սակայն ապարդյուն:

«Ասեց՝ հայը Հայաստանում պետք ա ծառայի։ Ես անգամ ասեցի՝ տոմս չեմ առնի, ասեց՝ կաշխատեմ, տոմսի համար փող կհավաքեմ, կգնամ, մեկ ա՝ գնալու եմ»,- պատմում է Գայանեն ու հուզվում։

Գայանեի որդին՝ Արսեն Ազիզյանը, 2018-ին Հայաստան գալով ծառայության է անցել Մատաղիսում, սերժանտական կուրսեր անցնելուց հետո ծառայությունը շարունակել է որպես կրտսեր սերժանտ հետախույզ։

Պատերազմի ժամանակ մասնակցել է Մատաղիսի թեժ մարտերին: Մայրն ասում է՝ ծառայակից ընկերները պատմել են, որ Արսենի շնորհիվ են ողջ մնացել։

«Արսենն իր կյանքը չի խնայել, իր կյանքի գնով փրկել ա նորակոչիկներին: Նորակոչիկները որ եկան մեր տուն, պատմեցին, որ ընկել են շրջափակման մեջ, իրենք բոլորը 1-2 ամսվա զինծառայող են էղել, Արսենը թույլ չի տվել, որ դուրս գան կռվի, ինքն ու իր մյուս կրտսեր սերժանտն են կռվել, բոլոր նորակոչիկները կարողացել են դուրս գալ շրջափակումից, փրկվել, Իսկ Արսենն ու մյուս կրտսեր սերժանտը զոհվել են դիպուկահարի գնդակից»,- հուզվում է որդեկորույս մայրը։

Արսեն Ազիզյանը զոհվել է հոկտեմբերի 1-ին, հետմահու պարգևատրվել է Արիության համար մեդալով։

Գայանեն ասում է՝ տղան շատ հայրենասեր էր, ընկերասեր, իր կյանքի գնով էլ պայքարեց հանուն հայրենիքի և ընկերների։

«Ինքն անգամ իր վզի խաչը տվել էր տղերքից մեկին, ասել էր՝ ես կարամ ինձ պաշտպանեմ, դու նորակոչիկ ես, քեզ Աստված թող պահապան լինի լինի։ Էդ տղեն բերեց, վերադարձրեց մեզ»։

Արսենը նաև շատ ծնողասեր էր, հարգալից, ուշադիր՝ պատմում է մայրը։ «Պահեր էին լինում՝ պապան ջղայնանում էր, մի անգամ պատասխան չի տվել, ասում էր՝ ծնողը սրբություն ա, չեմ կարա պատասխանեմ։ Մի ուրիշ տեսակի էրեխա էր, չկար մեկը, որ իրա հետ շփվեր ու չկապվեր»։

Արսենը բարձր գնահատականներով է սովորել դպրոցում, 9-րդ դասարանում, երբ Հայաստանից տեղափոխվել են Ռուսաստան, մայրը հիշում է, որ ուսուցչուհին խնդրում էր Արսենին դպրոցից չհանել, քանի որ դասարանի պարծանքն էր: 

«Ռուսաստան էլ որ գնացինք, մի տարի հետո, երբ լեզվին սկսեց լավ տիրապետել, մյուսներին անցնում էր իր գիտելիքներով»։

Գայանեն հիշում է, որ տղան միշտ ասում էր, որ բանակից գալու է, բարձրագույն կրթություն է ստանալու, աշխատելու է, նոր ամուսնանա։

«Ասում էր՝ մինչև չսովորեմ, իմ ուզածին չհասնեմ, չեմ ամուսնանա։ Տղայիս բոլոր նպատակները մնացին օդում»,- ասում է ու հուզվում մայրը։

Գայանեի խոսքով՝ հոկտեմբերի 1-ից հետո, երբ ստացել են որդու մահվան գույժը, իրենց կյանքը գլխիվայր շուռ է եկել, ապրել չեն կարողանում: 

«Չի ստացվում ապրել, բայց ուրիշ տարբերակ էլ չկա»,- հուզմունքը կոկորդում խեղդելով նշում է նա։

Արսեն Ազիզյանը հուղարկավորված է ծննդավայր Նոր Հաճնում։

Արփինե Արզումանյան

MediaLab.am