«Եթե ՀՀ նախագահը չի ստորագրում, բայց եւ չի դիմում ՍԴ, այդ դեպքում ևս օրենքն ուժի մեջ է մտնում». Նիկոլայ Բաղդասարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը

– Պարո՛ն Բաղդասարյան, ինչպե՞ս եք գնահատում նախագահի որոշումը՝ չստորագրել «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի փոփոխությունները և փաստորեն Արարատ Միրզոյանի վրա թողնել այս պարտականությունը։ Ի՞նչ ընթացակարգով է դա տեղի ունենալու, արդյոք դա պետք է տեղի ունենա 21 օր ա՞նց միայն:

– Նախ ուզում եմ հստակեցնել, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունն արդեն իսկ ուժի մեջ է մտել ուրբաթ օրվանից, և այս օրենքը, որը մենք ապագայում ընդունել ենք, ոչ մի դերակատարում չունի ընդունված Սահմանադրության նկատմամբ։ Այս օրենքը կարգավորում է լրիվ այլ հարցեր։ Եթե այս օրենք չընդունեինք, դրանից որևէ փոփոխություն չէր առաջանա Սահմանադրության հետ կապված։ 

– Պարո՛ն Բաղդասարյան, բայց ինչո՞ւ նախագահը չստորագրեց: Կա՞ր անհամաձայնություն օրենսդրի և նախագահի միջև։

– Նախ պարզաբանենք, որ նախագահը չստորագրելու իրավասություն չունի։ Նախագահն ունի իրավասություն X ժամկետում դիմելու Սահմանադրական դատարան: Այդ դեպքում եթե ՍԴ-ն որոշում է կայացնում, որ օրենքը Սահմանադրությանը չի հակասում, այն ուժի մեջ է մտնում: Իսկ եթե ՀՀ նախագահը չի դիմում ՍԴ, բայց նաև չի ստորագրում, այդ դեպքում ևս օրենքն ուժի մեջ է մտնում: 

– Այդ դեպքում ԱԺ նախագահն է օրենքը ստորագրում 21-օրյա ժամկետից հետո՞:

– Եթե չեմ սխալվում՝ 20-օրյա ժամկետից հետո: 

– Նախորդ իշխանության ներկայացուցիչները, մասնավորապես, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն ասում է, որ այս փոփոխություններով ՍԴ-ն ապալեգիտիմացվում է, և այս ՍԴ-ում մենք լեգիտիմ կազմ չենք ունենալու: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը:

– Նախկին նախարարին որպես իրավաբանի ես շատ հարգում եմ, թող ինքը մտածի գործող Սահմանադրության մասին, երբ ՍԴ-ն այնպես էին ձևավորել, որ ՍԴ X թվով դատավորներ պաշտոնավարելու էին 12 տարի, իսկ 7 դատավորներ՝ ցմահ, որն անընդունելի իրավիճակ էր ստեղծել:

– Արդյոք ունե՞ք արդեն ՍԴ դատավորի թեկնածուներ, որոնք կընտրվեն խորհրդարանի կողմից, և հասարակության մոտ կբարձրանա վստահությունը ՍԴ-ի նկատմամբ:

– Թեկնածուների նկատմամբ պահանջները սահմանված են Սահմանադրությամբ: Հայաստանում կան բազմաթիվ գրագետ իրավաբաններ, որոնք համապատասխանում են ներկայացված պահանջներին, և եթե այդ պահանջներին համապատասխանող անձանց նախաձեռնող կողմը՝ Կառավարությունը, ապա ՀՀ նախագահն ու Դատավորների ընդհանուր ժողովը, առաջադրեն, բնականաբար, ԱԺ-ն կողմ կքվեարկի, եթե չունենա առանձնակի անհամաձայնություններ այդ թեկնածուների հետ:

– Կարծում եք՝ ՍԴ-ի խնդիրն արդեն լուծվա՞ծ է:

– Ոչ թե կարծում եմ, այլ համոզված եմ, որ ՍԴ-ի խնդիրն այնքանով է լուծված, որ որևէ պետական մարմին՝ ո՛չ գործադիր, ո՛չ օրենսդիր, իրավունք չունի կասկածի տակ դնել այդ մարմնի լեգիտիմությունը այս փոփոխությունից հետո:

– Անկախ նրանից, որ աղմուկը մեծ է, և ՍԴ այդ դատավորները պատրաստվում են դիմել Եվրոպական դատարա՞ն:

– Դա նորմալ է, որ դատավորները ցանկանում են դիմել ՄԻԵԴ, այդտեղ որևէ խնդիր չկա: Այդ դատավորները քաղաքական խնդիր էին լուծում՝ պայմանավորված Ռոբերտ Քոչարյանի գործով։ Նրանցից ոչ մեկը ոչ մի բան թող չասի, շիտակ իրավիճակը այն է, որ տվյալ դատավորների առաքելությունը բացառապես պայմանավորված էր Ռոբերտ Քոչարյանի գործով։ Հետևաբար, ժողովրդական լեզվով ասած, «տղե՛րք, հանգի՛ստ նստեք ձեր տեղը»:

– Արփինե Հովհաննիսյանն էլ ասում է, որ Արմեն Սարգսյանը չստորագրեց այդ օրենքը, որովհետև ուզում էր ձեռքերը լվալ այս գործից:

– Նորից եմ կրկնում՝ այս վերջին օրենքը ոչ մի կապ չունի ՀՀ Սահմանադրության փոփոխության հետ։ Այս օրենքը կապված է այդ անձանց թոշակի գնալու, թոշակի հետ կապված հարցերը լուծելու հետ:

– Ձեզ համար անակնկա՞լ էր, որ նախագահը չստորագրեց։

– Իմ մեջ ինչ-որ ներքին համոզմունք կար, որ կարող է չստորագրի այդ օրենքը, բայց էլի եմ ասում, նրա չստորագրելը չի բերի որևէ հետևանք, եթե նա չդիմի Սահմանադրական դատարան։ Իսկ եթե դիմեց ՍԴ, ընդամենը այդ երեք դատավորները ոչ բարենպաստ իրավիճակում են հայտնվելու մինչև ՍԴ-ի կողմից որոշում կայացնելը: Որոշում կայացնելուց հետո նրանք բարենպաստ վիճակում կհայտնվեն:

– Բայց եթե նախագահը դիմի ՍԴ, իշխանությունը մեծ խնդիրների առջև չի՞ կանգնի:

– Նորից եմ կրկնում՝ այդ օրենքը ոչ մի կապ չունի Սահմանադրության հետ, այդ օրենքը կապված է երեք դատավորի թոշակի գնալու հետ։ Եթե այդ դատավորների թոշակի հետ կապված օրենքը ուղարկի Սահմանադրական դատարան, էստեղ իշխանությունը ոչ մի կապ չունի, այդ երեք դատավորներն են տուժելու՝ իմ կարծիքով։ Բայց, կարծում եմ, որ ՍԴ-ն նոր կազմով ձևավորվելուց հետո օրենքը կճանաչի սահմանադրական, և այդտեղ էլ խնդիր չի առաջանա: 

Մանե Հարությունյան

MediaLab.am