«Ինքս ինձ նախանձում եմ, որ տեսնում եմ այդ գեղեցկությունը»․ հազվագյուտ խոլորձների ցուցադրություն՝ բուսաբանական այգում

Հազվագյուտ խոլորձների հանդեպ սերն այս անգամ բուսասերներին բերել էր Երևանի բուսաբանական այգի՝ ցուցադրելու սեփական հավաքածուները, մարդկանց հետ կիսելու գիտելիքները բույսերի խնամքի հարցում և, ի վերջո, շոյելու նրանց աչքը վայրի ու հազվագյուտ գեղեցկությամբ։

Էկզոտիկ խոլորձների ցուցադրությունը կազմակերպվել էր բուսաբանական այգու արևադարձային և մերձարևադարձայի բույսերի ջերմոցում, այցելուների համար բաց էր երկու օր՝ մարտի 25-26-ին: Հայաստանի տարբեր անկյուններից բազմաթիվ այցելուների գրաված յուրահատուկ ցուցահանդեսը իսկական տոն էր բուսասերների համար: 

Մասնակիցները 5-ն էին, որոնք իրենց 100-ից մինչև 200 հասնող ահռելի հավաքածուներից ցուցադրել էին ընդամենը 10-30 բույս, իսկ ցուցադրված բոլոր բույսերը թեև պատկանում էին խոլորձների ընտանիքին, բայց տարբերվում էին իրենց ծաղիկների և տեսակների բազմազանությամբ։ 

Մասնագիտությամբ տնտեսագետ, բայց, իր խոսքով՝ «բնությանն առավել մոտ գտնվող բույսերի» սիրահար Սերգեյ Բաբայանին բուսասեր ընկերները բարի նախանձով են նայում։ Ասում են՝ Սերգեյն այնպիսի յուրահատուկ բույսեր է կարողանում աճեցնել, որոնք շատ բուսասերների համար այդպես էլ երազանք են մնում, իսկ ինքը՝ Սերգեյը, նշում է, որ բույսերի հանդեպ սերը սկսվեց այն բանից հետո, երբ բուժեց իր ընկերներից մեկի կիսամեռ խոլորձը։ 

«Ընկերոջս ֆալենոպսիս տեսակի խոլորձը բուժելուց հետո զգացի, որ բույսերն ինձ հետաքրքրում են։ Ավելի ուշ ֆալենոպսիսներից անցում կատարեցի դեպի ավելի վայրի՝ փայտերի ու ծառերի վրա աճող խոլորձներ, որոնց հանդեպ հետաքրքրությունս չի մարում մինչ օրս։

Իմ հավաքածուի խոլորձները հիմնականում բերում եմ Բրազիլիայից, Մեքսիկայից, Թաիլանդից և նման այլ երկրներից։ Հիմա փորձում եմ ընդլայնել հավաքածուս և ստանալ նաև հիբրիդներ»,- ասում է Սերգեյը։

Կենսաբանության մասնագետ Լիլիթ Շապաղաթյանի համար խոլորձներն արդեն մի քանի տարուց ավելի է, ինչ բացի հոբբի լինելուց դարձել են նաև բիզնես գաղափարների հիմք։ Լիլիթն այսօր մոտ 200 խոլորձ ունի տանը, իսկ բացի տան հավաքածուից նաև խոլորձների սեփական խանութ-սրահ ունի, որ մեկ հարկի տակ է հավաքում է բոլոր խոլորձասերներին։

«Էստեղ գտնվող ամեն խոլորձ իր պատմություն ունի ու թանկ է ինձ համար։ Առաջին խոլորձս աղջիկս է նվիրել, ու քանի որ ժամանակիս մեծ մասը տանն էր անցնում, սկսեցի խնամել արդեն տարբեր տեսակի խոլորձներ, իսկ ավելի ուշ նաև ավելի լրջորեն զբաղվելով դրանցով։

Այսօր մեր ուրախությանը չափ չկա, որ բուսաբանական այգու հետ համատեղ կարողացել ենք այսպիսի միջոցառում կազմակերպել  ու ցուցադրել այն գեղեցկությունը, որ մենք ունենք։ Հուսով ենք՝ նման միջոցառումներն ավելի հաճախ կլինեն»,-  նշում է Լիլիթ Շապաղաթյանը։

Մասնագիտությամբ բուսաբան, այժմ նաև արդեն ծրագրավորման ոլորտում մասնագիտացած Հարություն Խալաթյանն ասում է՝ ցուցադրությանը միացել «Մեդիալաբի» պատմությունից հետո, որտեղ նա խոսում էր քաղաքը խոլորձներով լցնելու իր երազանքներից: Ասում է՝ բուսաբանական այգուց կապ են հաստատել իր հետ՝ ասելով, որ ցանկանում են համագործակցել։

«Նյութից հետո ինձ հետ կապ հաստատեցին և ասացին, որ բուսաբանական այգու տնօրենին հետաքրքրում են իմ առաջարկները։ Էդպես հանդիպում կազմակերպեցինք այգու տնօրենեի հետ, քննարկեցինք մեր ծրագրերը, մտքեր փոխանակեցինք այգու հետագա զարգացման մասին։

Այդպես առաջացավ նաև բուսաբանական այգում խոլորձների ցուցադրություն կազմակերպելու միտքը։ Մեզ տրամադրեցին տարածք, պայմաններ, և կարճ ժամանակահատվածում ունեցանք այն, ինչ տեսնում եք»։

Հարությունի խոսքով՝ թեև այսօր բուսաբանությունից անցում է կատարել ծրագրավորման, այնուամենայնիվ, ծրագրավորումն իրեն օգնում է վերագտնելու և նորովի սիրելու բույսերը։

«Ես բույսերից հեռացա ծրագրավորման ոլորտ, որովհետև բույսերի իմ հոբբին դարձրել էի նաև աշխատանք, և դա ինձ արդեն ճնշում էր։ Ես շփվում էի բույսերի հետ թե աշխատավայրում, թե տանը, և ինձ պետք էր մի նոր մասնագիտություն, որն ինձ կօգներ բույսերին չնայել որպես աշխատանք և վերագտնել իմ հոբբին նորովի, ինչն էդպես էլ եղավ»,- ասում է Հարությունն ու հավելում՝ ուզում է, որ մարդիկ մշտապես վայելեն խոլորձների գեղեցկությունը։

«Ես աճեցնում եմ բույսեր, դրանից հաճույք եմ ստանում, բայց  չեմ ուզում միայն ինձ համար պահել բույսերը, իսկ բոլորին մեր տուն տանել չեմ կարող։ Ինքս ինձ նախանձում եմ, որ տեսնում եմ այդ գեղեցկությունը, ուզում եմ՝ մարդիկ էլ տեսնեն։ Եթե նման միջոցառումները շարունակական լինեն, շատ ուրախ կլինենք»,- նշում է Հարությունը։

Անի Մարտիրոսյան

MediaLab.am