Ռուսաստանը իր գործողություններում անկեղծ է, որովհետև պատերազմի ամեն նոր օրը ավելի է թուլացնում ՌԴ-ի ազդեցությունը Հարավային Կովկասում․ Փորձագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը

– Պարո՛ն Պետրոսյան, այսօր Ժնևում  հանդիպեցին են ՀՀ արտգործնախարարն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաև Ադրբեջանի ԱԳ նախարարը։ Դուք ունե՞ք սպասելիքներ այս հանդիպումներից, կա՞ն հնարավորություններ, որ բանակցությունները գործնական էական փուլ կմտնեն։

– Դիվանագիտական գործընթաց, այնուամենայնիվ, կա՝ անկախ դրա արդյունավետությունից, որովհետև նաև դիվանագիտական հարթակում գործընթացները ուղիղ հետևանք են ռազմադաշտում արձանագրվող իրողությունների։ Իսկ ռազմադաշտում այսօր, հատկապես վերջին օրերին, տեղի ունեցած զարգացումները դիվանագիտական դաշտում դրական զարգացման այնքան էլ մեծ հույսեր չեն ներշնչում։

– Հայկական կողմի՞ համար, թե՞ ընդհանրապես։

– Ընդհանրապես։ Թշնամին վերջին մի քանի օրերին ակտիվացրել է հարվածները Արցախի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա՝ թիրախավորելով Արցախի բնակչությանը, ինչը լիարժեք հիմքեր է ստեղծում, որ հայկական կողմը մերժի որևէ դիվանագիտական նախաձեռնություն, քանի որ, ըստ էության, դա, բացի դիվանագիտական հերթական արձանագրումից, որևէ դրական տեղաշարժի չի կարող հանգեցնել։

Այսինքն՝ թշնամու ձեռագիրը ռազմադաշտում շարունակում է մնալ անզիջում, կտրուկ, և ռազմական գործողությունները դադարեցնելու որևէ էական միտում չի նշմարվում։

Այս պատերազմի ընթացքում թշնամու ռազմական գործողությունների ողջ տրամաբանությունը որևէ շոշափելի փոփոխություն չի կրել, որից հնարավոր է ենթադրել, որ դիվանագիտական ճակատում կարելի է տեղաշարժ արձանագրել։ Եթե ավելի առարկայական ներկայացնեմ միտքս, այսպես կստացվի՝ վերջին 30 և ավելի օրերի ընթացքում թշնամին չի արձանագրել հաջողություն բուն մարտական գործողությունների թատերաբեմում և ռազմական ակտիվությունը պահպանել է՝ թիրախավորելով բնակավայրերը։ Հաջողություն ասելով նկատի ունեմ բնագծերի էական փոփոխություններ, ինչը նաև հնարավորություն կտար հակառակորդ երկրի նախագահին հպարտանալ Թվիթերի իր էջում։ 

– Դուք ասում եք՝ էական փոփոխություններ դիվանագիտության մեջ սպասելի չեն, այս դեպքում հարց է առաջանում՝ ի՞նչը կարող է կանգնեցնել Ադրբեջանին կամ թուրք-ադրբեջանական կոալիցիային այս պատերազմում։ 

– Տևական ժամանակ հայկական բանակի հաջողությունների արձանագրումը ռազմաճակատում։ Թերևս սա միակ հանգամանքն է, որ կարող է հետ պահել հակառակորդին։

Պարզապես հայկական բանակը կարող է ամուր կանգնել իր դիրքերում, թույլ չտալ, որ թշնամին նոր հաջողություններ արձանագրի, և լավագույն դեպքում՝ հակառակորդին հակահարված տալ և շարժվել առաջ։ Եթե երկար, տևական ժամանակ պահպանվի այդ միտումը, թշնամին կգնա փոխզիջման։ Այսինքն՝ նրա նախաձեռնությամբ փորձեր կարվեն վերականգնելու բանակցությունները։

– Այսինքն՝ ջլատել թշնամո՞ւ ուժերը։

– Այո՛, այս պահին կարծես միակ միջոցը դա է, որովհետև, եթե նկատել եք, հակամարտության սկզբից որևէ քաղաքական ճնշում, որևէ արտաքին դերակատարի ներգրավման փորձ շատ արագ խափանվում էր։

Այսինքն՝ հույսը դնել, որ արտաքին ուժերի կամ միջազգային հանրության քաղաքական ճնշումը կկանգնեցնի հակառակորդին, ես, համենայնդեպս, նման կանխատեսում չէի անի, քանի որ ինձ համար շատ պարզ է թուրք-ադրբեջանական մարտավարական մոտեցումն այս պատերազմում։

Այդ երկու երկրները առանց թաքցնելու համատեղ ուժերով ունեցած ամբողջական ռեսուրսներով փորձում են հասնել հաջողության։ Թշնամու նման մարտավարությանը դիմակայելու միակ առարկայական եղանակը այդ մարտավարությունը տապալելն է, որի հնարավորությունը առկա է միայն ռազմաճակատում։

Իհարկե սա չի նշանակում դադարեցնել դիվանագիտական ջանքերը։ Ո՛չ, որովհետև պետք է մեծացնել և շարունակել դիվանագիտական ճակատում ընդլայնել մեր գործընկերների շրջանակը։

– Դուք ասում եք՝ արտաքին ուժերը չկարողացան ազդել, որ դադարի այս պատերազմը։ Նույնիսկ Ռուսաստա՞նը չկարողացավ, որովհետև այդ երկրի հետ Հայաստանում մեծ հույսեր են կապում։

– Իհարկե, իհարկե չկարողացավ։ 

– Թե՞ չցանկացավ։

– Ո՛չ, ո՛չ, նման բան չի կարող լինել։ Ես կարծում եմ՝ Ռուսաստանի Դաշնությունը իր քայլերում, գործողություններում անկեղծ է, որովհետև պատերազմի ամեն նոր օրը ավելի է թուլացնում ՌԴ-ի ազդեցությունը Հարավային Կովկասում ընդհանրապես և երկու հակամարտող երկրներում՝ մասնավորապես։

Պարզապես, այստեղ ամբողջ հարցը Ռուսաստան-Թուրքիա դիմակայությունն է, և Թուրքիան, որը խոսում է Ալիևի շուրթերով, հնարավորինս շարունակելու է բացառել Ռուսաստանի միակողմանի որևէ ներդրում և ջանք՝ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման հարցում։

Իսկ իրավիճակի հանգուցալուծումը ուղղակիորեն նպաստելու է այն արտաքին դերակատարի ազդեցության մեծացմանը, որը պարզապես կհանդիսանա նման գործընթացի կնքահայրը։ Պարզ է, որ Թուրքիան այս գործընթացի դիվանագիտական հարթակում հատկապես ձգտում է հավասար դիրքերի ոչ միայն ՌԴ-ի հետ, այլ նաև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների։

Ավելին՝ Թուրքիայի նախագահի հավակնություններն այնքան մեծ են, որ նա ձգտում է ստեղծել նոր ձևաչափ՝ դրանից դուրս մղելով ԱՄՆ-ին ու Ֆրանսիային։

– Կարո՞ղ ենք ասել, որ ՆԱՏՕ-ն կենտրոնանում է Ադրբեջանում, և դա վտանգավոր է Ռուսաստանի համար։

– Միանշանակ։ Ռուսաստանի դիրքավորումը ընթացիկ գործընթացներում նաև դրանով է պայմանավորված, որովհետև, ըստ էության, Ադրբեջանի ներսում Ռուսաստանն արդեն զգալիորեն զիջել է իր ազդեցությունը Թուրքիային։

Այդ դեպքում պետք է հաշվի առնել, որ Թուրքիան այդ երկրում ոչ միայն ներկայացնում է սեփական շահը, այլ նաև այն դաշինքի, որի անդամ է՝ ՆԱՏՕ-ի։ Այս իրողությունների ազդեցությամբ է, որ Ռուսաստանի Դաշնությունը որոշակի զգուշավորություն է ցուցաբերում ընդհանուր հակամարտության համատեքստում՝ փորձելով արտաքուստ պահպանել հավասարակշռություն հակամարտ կողմերի հետ շփումներում, իհարկե՝ ուղղակիորեն նաև ընդգծելով սեփական «կարմիր գծերը»։ 

– Որոնք խախտելու դեպքում․․․

– Որոնք խախտելու դեպքում խաղի մեջ կմտնի անմիջականորեն։

– Հօգուտ Հայաստանի՞։

– Հօգուտ իր շահի։ Իսկ եթե այդ շահերը համադրվեն Հայաստանի հետ, ապա, այո՛, կարելի է այդպես ասել։ Այսօր Ռուսաստանի շահերից է բխում հայկական կողմի ռազմական հաջողությունը։ Ավելին, Ռուսաստանի համար Ադրբեջանում նախկին ազդեցությունը վերականգնելու կամ նույնիսկ ավելի մեծ ազդեցություն ունենալու մեկ հնարավորություն կա՝ Ադրբեջանի վարչակարգի փոփոխություն։ Իսկ այդպիսի զարգացման հնարավորություն կարող է տեղի ունենալ Հայաստանի ռազմական հաջողությունների արդյունքում։ 

– Պարո՛ն Պետրոսյան, այս օրերին շատ են հնչում տեսակետներ, որ ժամանակն է՝ Հայաստանի իշխանությունները սկսեն բանակցել նաև Թուրքիայի հետ։ Ինչպե՞ս եք նման տեսակետներին վերաբերվում։

– Խիստ բացասաբար։ Նման կեցվածքով և նման մոտեցմամբ ինքներս ընդառաջ կգնանք այն ուղեգծին, որը ցանկանում է մեզ պարտադրել Թուրքիան։ Ես դեմ եմ նման ձևաչափին, հատկապես այն դեպքում, երբ մենք այսօր այդ երկրի հետ քննարկելու և սակարկելու օրակարգ պարզապես չունենք։

Ի՞նչ ենք պահանջելու Թուրքիայից և ի՞նչ ենք պատրաստ լինելու տալ Թուրքիային՝ նրա հետ բանակցելով։ Ո՞րն է լինելու մեր նպատակը։ Դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող աջակցությունո՞ւնը, հրաժարվել մեր պահանջների՞ց, ճանաչել Թուրքիայի տարածքային ամբողջականությո՞ւնը։ Մենք այդ երկրի հետ չունենք հստակ բանակցային օրակարգ։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am