Ֆրանսիական «Airbus Helicopters» ընկերությունն ու Հայաստանի Հանրապետությունը պայմանագիր են ստորագրել վեց H145 ուղղաթիռների ձեռքբերման վերաբերյալ։ Այս մասին հայտնել է ընկերությունը։
Ընկերության հաղորդմամբ՝ համաձայնագիրը վերջնականացվել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Երևան կատարած պետական այցի ընթացքում և վերջերս է ուժի մեջ մտել՝ դառնալով Ֆրանսիայի և Հայաստանի միջև համագործակցության ընդլայնման կարևոր քայլ։
Նշվում է, որ բազմաֆունկցիոնալ H145 ուղղաթիռները կօգտագործվեն տրանսպորտային առաքելությունների համար։ Սա Հայաստանի առաջին պայմանագիրն է «Airbus Helicopters»-ի հետ և դիտարկվում է որպես երկրի ուղղաթիռային հնարավորությունների արդիականացման կարևոր փուլ։
«Մեծ պատիվ է պաշտոնապես ողջունել Հայաստանի Հանրապետությանը Airbus Helicopters ընտանիքում։ Այս առաջին պայմանագիրը վկայում է մեր և Հայաստանի միջև ձևավորվող գործընկերության մասին, և մենք հպարտ ենք աջակցել երկրի օդային կարողությունների զարգացմանը։ H145-ը կապահովի ճկուն և հուսալի լուծումներ ամենաբարդ տրանսպորտային առաքելությունների համար»,- հայտարարել է Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Կովկասի գծով փոխնախագահ Լյուդովիկ Բուիստոնը։
Ընկերությունը նաև ընդգծել է, որ H145 մոդելը հայտնի է բարձր արդյունավետությամբ, հատկապես լեռնային և շոգ պայմաններում, ինչը այն դարձնում է հարմար Հայաստանի աշխարհագրական պայմանների համար։ Հինգ շեղբով տարբերակն ապահովում է ավելի մեծ բեռնատարողություն, սահուն թռիչք և ավելի պարզ սպասարկում։



















