Արտակ Գալստյանի կինն ազատ է արձակվել․ դատարանը չի երկարաձգել կալանավորման ժամկետը. «Ինֆոքոմ»

«Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի կինը՝ Վ․ Գալստյանը, օրերս ազատ է արձակվել։

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը «Ինֆոքոմ»-ի հարցին ի պատասխան հայտնեց՝ Վ․ Գալստյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի՝ կալանավորման ժամկետը լրանալու էր հոկտեմբերի 7-ին, մինչ դա՝ սեպտեմբերի 29-ին, վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ կալանավորման ժամկետը երկարաձգելու մասին, սակայն դատարանի որոշմամբ այն մերժվել է։

Կալանավորման ժամկետը լրանալու հիմքով էլ Գալստյանն ազատ է արձակվել։ Քննիչի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չբացակայելու արգելքը։

Հիշեցնենք՝ այս տարվա հունիս ամսին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ բացահայտվել է բազմաթիվ անձանց ներգրավմամբ «Տելեգրամ» սոցիալական կայքի միջոցով իրացման նպատակով թմրամիջոցի ապօրինի խոշորածավալ շրջանառությամբ և դրանից ստացված առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմամբ զբաղվող հանցավոր խումբ։