Տրանսֆերտներ. Հայաստանի տնտեսության կենսական բաղադրիչը. Fip.am

Տրանսֆերտներ.  Հայաստանի տնտեսության կենսական բաղադրիչը. Fip.am
Տրանսֆերտներ. Հայաստանի տնտեսության կենսական բաղադրիչը. Fip.am

Դեպի Հայաստան իրականացվող մասնավոր դրամական փոխանցումները՝ տրանսֆերտները, 2019 թվականի առաջին չորս ամիսներին աճել են 10.5 տոկոսով՝ 2018 թ. նույն ժամանակահատվածի համեմատ։ 

Հայտնի է, որ մասնավոր տրանսֆերտները կարևոր դերակատարություն ունեն ինչպես ՀՀ քաղաքացիների, այնպես էլ ՀՀ տնտեսության համար։ Յուրաքանչյուր տարի արտերկրից հայկական առևտրային բանկերի միջոցով Հայաստան է փոխանցվում ավելի քան 1․5 մլրդ դոլար։ Փորձենք պարզել, թե որ երկրներից են ՀՀ ուղարկվում դրամական ամենամեծ միջոցները և որքան են դրանք կազմում։

Ըստ Կենտրոնական բանկի՝ 2016 թվականին ՀՀ առևտրային բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացվել է 1533 մլն դոլար։ Հաջորդ տարի այս թիվն աճել է 14,5 տոկոսով և կազմել 1756 մլն դոլար։ 2018 թվականին դրամական փոխանցումները կազմել են 1786 մլն դոլար, որը, 2017-ի տարվա համեմատ, աճել է ընդամենը 1,7 տոկոսով։

Ֆիզիկական անձանց անունով հայկական առևտրային բանկերի միջոցով ամենից շատ փոխանցումները կատարվում են Ռուսաստանի Դաշնությունից։ 2016 թվականին ՌԴ-ից ուղարկվել է 895 մլն դոլար, հաջորդ տարի՝ 1064 մլն դոլար կամ մոտ 19 տոկոսով ավելի։ 2018 թվականին Ռուսաստանից ուղարկվող տրանսֆերտները նվազել են 1․4 տոկոսով` կազմելով 1050 մլն դոլար։

Տրանսֆերտների ծավալներով երկրորդ տեղում է ԱՄՆ-ն։ 2016 թվականին Միացյալ Նահանգներից ֆիզիկական անձանց անունով կատարվել է 177 մլն դոլարի փոխանցում։ 2017 թվականին այս թիվն աճել է 3․4 տոկոսով կամ 6 մլն դոլարով։ Արդեն 2018 թվականին այս երկրից կատարված փոխանցումների ծավալը աճել է 22․4 տոկոսով` կազմելով 224 մլն դոլար։ 

Բացի ՌԴ-ից և ԱՄՆ-ից, դեպի Հայաստան կատարվող դրամական փոխանցումներում կարևոր տեղ են զբաղեցնում նաև Գերմանիան, Ղազախստանը, Ֆրանսիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Իսպանիան և Ուկրաինան։ Այս երկրներից դեպի Հայաստան 2016 թվականին կատարվել է ընդհանուր 146 մլն դոլարի փոխանցում։ 2017 թվականին փախանցումներն աճել են 11,6 տոկոսով և կազմել 163 մլն դոլար, 2018 թվականին փոխանցումներն աճել են 6․1 տոկոսով՝ կազմելով  173 մլն դոլար։ 

2016 թվականին այլ երկրներից Հայաստան է փոխանցվել 315 մլն դոլար։ 2017 թվականին այս փոխանցումներն աճել են 9․8 տոկոսով և կազմել 346 մլն դոլար, իսկ 2018 թվականին այլ երկրներից փոխանցումները նվազել են 2․1 տոկոսով՝ կազմելով 339 մլն դոլար։

Այսպիսով, նախորդ տարիներին ֆիզիկական անձանց անունով հայկական առևտրային բանկերի միջոցով կատարված դրամական փոխանցումները տարեցտարի աճել են, չնայած՝ 2018 թվականին աճի տեմպը բավականին նվազել է (1․7%)։

Նշենք, որ ըստ Համաշխարհային բանկի վերջին տվյալների, 2017 թվականին մասնավոր տրանսֆերտները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի 13,3 տոկոսը: Հայաստանի տնտեսությունը մասնավոր տրանսֆերտներից ամենամեծ կախվածություն ունեցող երկրների ցանկում 17-րդ է (2017 թ.)։ Վրաստանը 21-րդ տեղում է (11․9%), իսկ Ադրբեջանը՝ 78-րդ (2,8%)։

Սևադա Ղազարյան

www.Fip.am