Էջեր «Պատերազմի Ավետարանից». Հայկական եկեղեցու հայցն ընդդեմ Ջ. Փոլ Գեթթիի թանգարանի կարող է հասարակական մեծ հնչեղություն ստանալ

Անցյալ շաբաթ` Հայ Առաքելական եկեղեցու` ԱՄՆ արեւմտյան թեմի ներկայացրած հայցն ընդդեմ  Ջ. Փոլ Գեթթի թանգարանի, ըստ վերլուծաբանների հավակնում է բարձր հնչեղություն ստանալ` կրկին անգամ աշխարհին հիշեցնելով Հայոց Ցեղասպանության եւ հայ ժողովրդի կորուստների մասին:
«Դատավարությունը կարող է իսկապես մեծ աղմուկ բարձրացնել»,-«Մեդիալաբին» ասում է վերլուծաբան, թուրքագետ, ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
Հունիսի 1-ին, հայ առաքելական եկեղեցու Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության ԱՄՆ անջատյալ Արեւմտյան թեմը hայց է ներկայացրել Լոս-Անջելեսում գտնվող  թանգարանի դեմ` պահանջելով վերադարձնել ձեռագիր մագաղաթ Զեյթունի Ավետարանի այն 7 էջերը, որոնք «կորցվել կամ գողացվել» են Հայոց ցեղասպանության ժամանակ:

Գործով զբաղվող թեմի խորհրդի անդամ Լեւոն Կիրակոսյանը հայտարարել է, թե հայցը «պատմական ինքնության եւ հայկական մշակույթի պահպանման հարց է»:

«Կարեւոր է, որպեսզի բոլորը դա հասկանան», – ասել է նա: Կաթողիկոսարանի` «Մեդիալաբին»  տված պարզաբանումների ժամանակ, նշվել է, որ հայցով վերադարձվելու է այն, ինչ պատկանում է հայ ժողովրդին:

«Սա մեր ժողովրդի իրավունքների վերատիրացումն է, այն ինչ  անորոշ իրավիճակում հայտնվել է օտար ձեռքերում եւ նույնիսկ տարիներ անց էլ պիտի վերադարձվի հայ ժողովրդին,- «Մեդիալաբին» պատասխանել են Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության ԱՄՆ անջատյալ Արեւմտյան թեմից,- «Հայության պատկանողը պիտի վերադարձվի»:

Սակայն ի պատասխան, Ջ. Փոլ Գեթթի թանգարանի մամլո խոսնակ Ջուլի Ջասքոլը պաշտոնական հաղորդագրությամբ նշել է, թե հայցն անիմաստ է, իսկ Աստվածաշնչի էջերը ձեռք են բերվել օրինական ճանապարհով 1994 թվականին, անանուն մի կոլեկցիոներից: «Մենք կարծում  ենք, որ հայցն անհիմն է, եւ պետք է մերժվի»,-ասել է նա:

Սակայն, ի տարբերություն թանգարանի պաշտոնական հաղորդագրության, Հայաստանում եւ Սփյուռքում հույս ունեն, որ հրաշագործ համարվող Ավետարանը, որը միջնադարյան հայ գրիչ, մեծագույն մանրանկարիչ Թորոս Ռոսլինի / 1256 – 1268 թթ/ ծաղկածն է, կամբողջանա Մատենադարանում:

«Թորոս Ռոսլինի ձեռագրերը մեզ համար յուրահատուկ են բացառիկ, անկրկնելի: Դրանք մեզ հասած առաջին պահպանված ձեռագրերն են,- «Մեդիալաբին» ասում է Մատենադարանի գլխավոր ավանդապահ, ձեռագրատան վարիչ Գեւորգ Տեր-Վարդանյանը,- Մեզ մոտ է  Ավետարանի 409 էջերը,  Աստված տա որ մնացածն էլ վերադարձվի»: Նա նշում է, որ ի տարբերություն այն գրեթե  9000 ձեռագիր մատյանների, որոնց  ճակատագիրը Հայոց Ցեղասպանության տարիներից ի վեր անհայտ է, Զեյթունի Ավետարանը երկար ճանապարհից հետո հանգրվանել է Մատենադրանում, իսկ պակասող յոթ նկարազարդ էջերի գտնվելու մասին տեղեկություններ եղել են դեռեւս 90-աններից:

Ավետարանը պատկանել է Ցեղասպանության ժամանակ Դեր Զոր արտաքսված Զեյթունի իշխանական Սուրենյան տոհմին:

Այն այլ կերպ անվանվել է նաեւ «Պատերազմի Ավետարան», որը ըստ հավատի, գերբնական ուժ է պարգեւել մարտի գնացողներին:

«Զեյթունի ավետարանը համարվում է հրաշագործ,- «Մեդիալաբին» ասում է Գրականության ինստիտուտի փոխտնօրեն, Մատենադարանի գիտաշխատող Վարդան Դեվրիկյանը,-Ժողովուրդը հավատում է, որ հրաշագործ ավետարանները բժշկող, հրաշագործ հատկություններով են օժտված: Դա մեր հարստությունն է, եւ պիտի վերադարձվի»:

Դեվրիկյանն ասում է, որ բացակայող էջերը մանրանկարների հաջորդող շարք է եղել, որոնց արժեքը չափազանց բարձր է:

«Ցուցահանդեսում ներկայացված են Հայկական Ավետարանի խրթին եւ արժեքավոր նկարազարդումներ միջնադարյան հայ մեծագույն մանրանկարիչ Թորոս Ռոսլինի հանրահայտ աշխատանքները»,-նշված է Ջ. Փոլ Գեթթի թանգարանի տարբեր տարիների ցուցահանդեսների հայտարարություններում:

«Իմանալով, որ այդ էջերն օտարի ձեռքում հայտնվել են Ցեղասպանության արդյունքում,  թանգարանն այնուամենայնիվ գնել է դրանք,-ասում է Ռուբեն Սաֆրաստյանը, որը նշում է, թե հայ-թուրքական սառեցված հարաբերությունների եւ ԱՄՆ-ի` Ցեղասպանության ժխտողական քաղաքականության ֆոնին նման դատական հայցը մեծ հնչեղություն կարող է ստանալ:

«Սենատում կախված վիճակում  է ցեղասպանության ճանաչման բանաձեւը, իսկ ԱՄՆ նախագահը կրկին անգամ խուսափեց օգտագործել Ցեղասպանություն բառը, այն դեպքում երբ ԱՄՆ-ի լայն շրջանակներ վաղուց արդեն  ընդունել են Ցեղասպանությունը,-ասում է Սաֆրաստյանը,-Այս հայցը լրատվամիջոցների կողմից արդեն իսկ լայնորեն լուսաբանվում է, եւ հետո էլ հասարակական լայն հնչեղություն կստանա:

Մի հայց, որով Ամերիկայում  պահանջվում է ցեղասպանության ժամանակ կրած կորուստների փոխհատուցում»:

Նկարում` Թորոս Ռոսլին. Գեթթի թանգարանում գտնվող էջերից

© Medialab.am