«Այդքան հարուստ չեմ, որ կարողանամ Հայաստանում հանգստանալ». Վրացական ափերից Թուրքիա եւ ավելի հեռու

«Այդքան հարուստ չեմ, որ կարողանամ Հայաստանում հանգստանալ». Վրացական ափերից Թուրքիա եւ ավելի հեռու
«Այդքան հարուստ չեմ, որ կարողանամ Հայաստանում հանգստանալ». Վրացական ափերից Թուրքիա եւ ավելի հեռու

Չնայած վերջին տարիներին Հայաստանի կառավարությունը զբոսաշրջությունը գերակա ուղղություն է հռչակել, սակայն ամառային արձակուրդի մոտենալուն պես հայաստանցիները սկսում են արտերկրում հանգստանալու մասին մտածել:

Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվն ավելացել է 22,9%-ով՝ կազմելով 128.237 մարդ: Չնայած օտարերկրյա զբոսաշրջիկների թվի աճին` Հայաստանի բնակչության մեծ մասի համար երկրի ներսում հանգստանալը շարունակում է անհասանելի մնալ՝ բարձր գների ու անհամապատասխան սպասարկման պատճառով:

«Ես այդքան հարուստ չեմ, որ կարողանամ Հայաստանում հանգստանալ, այն դեպքում, երբ հարևան Վրաստանում ծով կա, գներն էլ մատչելի են»,- «Մեդիալաբին» ասում է մասնագիտությամբ թարգմանչուհի 28-ամյա Դիանա Մանուկյանը, ով ամեն տարի ամռանը Վրաստանի ծովափնյա շրջաններում է անցկացնում հանգիստը:

Հայաստանցիների համար այսօր ամենանախընտրելի ծովափնյա հանգստի ուղղությունը Վրաստանն է, այնուհետև՝ Թուրքիան, իսկ վերջին տարիներին ավելացել են նաև էկզոտիկ երկրները` Շրի Լանկան, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Թունիսը և այլն:

Ինչո՞ւ է Վրաստանում հանգստանալը հայերին այդքան դուր գալիս: Այս հարցին պատասխանելիս մարդիկ առաջին հերթին նշում են, որ Վրաստանում ծառայություններն ավելի էժան ու մատչելի են, քան ծով ունեցող մյուս երկրներում ու Հայաստանում:

Վրաստանում հանգստացողներից Զառա Սարգսյանը հաշվարկ է կատարել՝ մեկ անձը 100 հազար դրամով 7-10 օր կարող է հանգստանալ Բաթումում կամ Քոբուլեթում:

Այնինչ նույն գումարով Հայաստանի Սևանում, որտեղ կլիման այնքան էլ բարենպաստ չէ, ընդամենը 3 օր կարելի է հանգստանալ:

«Հայաստանի քաղաքացիները սիրում են հանգստանալ շատ տարբեր վայրերում: Հայերը սիրում են ծովափնյա հանգիստ, բայց մենք ծով չունենք: Իսկ ծովափնյա հանգիստ առաջարկող երկրների թվում Վրաստանը հայերի համար առաջատար է, քանի որ մեզ մոտ է ու մատչելի»,- ասում է էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:

ԽՍՀՄ տարիներին Հայաստանի քաղաքացիները նախընտրում էին հանգստանալ Սոչիում ու Յալթայում: Այսօր, քանի որ Ռուսաստանում և Ուկրաինայում ծովափնյա հանգիստը հայերի համար ավելի թանկ է, այլընտրանք է Սև ծովի վրացական հատվածը: «Մեդիալաբին» այս դիտարկումն է ներկայացնում տնտեսագետ Սամվել Ավագյանը, ով նշում է, որ վերջին 40 տարիներին հայերի համար ավանդույթ է դարձել Սև ծովի ափին հանգստանալը:

«Վրաստանի տուրիզմի ենթակառուցվածքները հարմարեցված են միջին ու ցածր խավի մարդկանց համար: Դա նրանց առանձնահատկությունն է: Հայկական տուրիզմի ենթակառուցվածքները հարմարեցված են ունևոր խավի համար: Այդ պատճառով Հայաստանում տուրիզմի գները բարձր են, սպասարկում են սահմանափակ թվով մարդկանց: Դա չի նշանակում, որ սպասարկումը վատն է, կամ գները շատ բարձր են, պարզապես ենթակառուցվածքն այդպես է զարգացել»,- ասում է տնտեսագետը:

Նա միաժամանակ նկատում է, որ Վրաստանում նոր-նոր սկսում են ունևոր խավի համար զարգանալ տուրիստական ենթակառուցվածքները: Ավագյանը նշում է, որ տուրիզմը պետք է ավելի ժողովրդական լինի, սպասարկի հասարակության լայն զանգվածներին, հետևաբար՝ Վրաստանի որդեգրած ուղին ավելի ճիշտ է:

Չնայած պետական մարմինները լավատեսորեն են տրամադրված և նպատակ ունեն արդեն 2020 թվականին Հայաստանում տեսնել 3 մլն զբոսաշրջիկ, սակայն առանձին երկրներից զբոսաշրջային հոսքերի նվազում է նկատվում դեպի Հայաստան:

Իրանի Իսլամական Հանրապետությունից վերջին տարիներին դեպի Հայաստան զբոսաշրջիկների թվի աճ էր նկատվում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Իրանի բնակչության մի հատված գերադասում էր մարտի վերջին օրերին նշվող իրենց ազգային տոներից մեկը՝ Նովրուզը, հարևան Հայաստանում դիմավորել:

Իրանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվն առավելագույնի հասավ 2011 թվականին, երբ Նովրուզը Հայաստանում նշեց 25 հազար իրանցի:

Արդեն 2012 թվականին այս թիվը կրճատվեց՝ կազմելով 15 հազար: Այս տարվա մարտին Երևանի փողոցներում ավելի քիչ թվով իրանցիների կարելի էր հանդիպել: «Մեդիալաբի» հետ զրույցում իրանցի զբոսաշրջիկներից ոմանք դժգոհել էին սպասարկման որակից ու բարձր գներից:

Այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Իրանից Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կրճատվել է 43,5 տոկոսով:

Իրանի քաղաքացիները հայ լրագրողների հետ զրույցում նախորդ և այս տարիներին պարբերաբար բարձրացրել են այն խնդիրները, որոնց բախվում են Հայաստանում: Ընդ որում, նրանց մի մասը նշում է, որ երկրորդ անգամ չի պատրաստվում Հայաստան գալ: Իսկ պատճառը սպասարկման ցածր որակն ու Նովրուզի օրերին իրանցիների համար սահմանվող աստղաբաշխական գներն են: Հյուրանոցները Նովրուզի օրերին բարձրացնում են սպասարկման գները, իսկ բնակարանները դրսից եկած հյուրերին կրկնակի ու եռակի թանկ են վարձակալությամբ տրվում: Իրանցիները դժգոհում են նաև սպասարկման մյուս ոլորտներից՝ սկսած տաքսիների մատուցած ծառայություններից մինչև սրճարաններ ու ժամանցի ակումբներ:

Հայաստանի ներգնա տուրպերատորների միության նախագահ Անահիտ Ադամյանն ասում է, որ այս տարի Նովրուզի օրերին իրանցիների հոսքը դեպի Հայաստան նվազեց, քանի որ Իրանում դոլարը կտրուկ արժևորվեց, ինչը խնդիրներ առաջացրեց: Բացի այդ, մյուս հարևան երկրներն ավելի մատչելի գներով են տուրիստական ծառայություններ առաջարկում:

«Ավելի մարտչելի ծառայություններ են առաջարկել հիմնականում Վրաստանն ու Էմիրությունները, որտեղ էլ այս տարի գնացել են իրանցիները»,- ասում է նա:

Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը համաձայն չէ, որ Վրաստանի զբոսաշրջային վայրերում հյուրանոցներն ավելի էժան են, քան Հայաստանում:

«Մենք  մեր հետազոտություններն ենք արել, և այն շահարկվող հարցը, թե Հայաստանի հյուրանոցներն ավելի թանկ են, քան Վրաստանի հյուրանոցները, ճիշտ չէ: Պաշտոնապես հայտարարում եմ, որ Հայաստանի հյուրանոցների գները Վրաստանի համապատասխան հյուրանոցների համեմատ շուրջ 10-15 տոկոսով ավելի ցածր են»,- ասում է փոխնախարարը:

Նա հայերի՝ Վրաստանում հանգստանալու ձգտումը կապում է ծովի հետ:

«Սև ծովը որևիցե կապ չունի Սևանա լճի և բարձրադիր տուրիզմի հետ»,- ասում է Պետրոսյանը

Սակայն հարկ է նշել, որ միայն ամռան ամիսներին չէ, որ հայաստանցիները նախընտրում են հանգստանալ Վրաստանում: Օրինակ՝ 2012 թվականի վերջին մեկ շաբաթվա ընթացքում՝ դեկտեմբերի 25-ից մինչև 31-ը, Հայաստանից Վրաստան է այցելել 27.609 զբոսաշրջիկ: Իսկ պատճառն այն է, որ Ամանորի հետ կապված Հայաստանի զբոսաշրջային վայրերում չափազանց բարձր գներ են սահմանվում: Օրինակ՝ դեկտեմբերի 25-ից հունվարը 6-ն ընկած ժամանակահատվածում Ծաղկաձորի ու Աղվերանի հանգստյան տները մի քանի անգամ բարձրացնում են իրենց սպասարկման վճարները:

Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան այցելած զբոսաշրջիկների 38,0%-ը ԱՊՀ, 27,3%-ը` Եվրոպական միության, իսկ 34,7%-ը` այլ երկրներից են:

Մարի Ներսեսյան

© Medialab.am