Երևի պետք է ընտանիքիս անդամներին պատերազմի ժամանակ ուղարկեի Կանարյան կղզիներ, որ նորմալ համարվեր. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյան

Այսօր Աբովյանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր և իր ընտանիքի դեմ ամենաքստմնելի լրատվական արշավն է կազմակերպվել ու իրականացվել:

«Ինձ զեկուցել և տեսանյութեր են ներկայացրել այն մասին, որ Ստեփանակերտից երկար ավտոշարասյունով մարդիկ փախչում են: Դա այն ժամանակ, երբ պատերազմը նոր էր սկսվել, և դա որոշ էլիտար ներկայացուցիչներ էին արել: Ես այդ ժամանակ իմ կնոջը դիտավորյալ ուղարկում եմ Ստեփանակերտ, ռմբակոծվող քաղաք՝ ի ցույց այն բանի, որ ուղղությունը այնտեղից ստեղ չի, այլ այստեղից այնտեղ: Իմ կինը գնում է ռմբակոծվող քաղաք, ու սկսվում է արշավը իմ ընտանիքի դեմ»,- հայտարարել է Փաշինյանը:

Նրա խոսքով, քաղաքական հակառակորդները իրեն չեն ներում, որ իր ընտանիքի անդամները, մասնավորապես՝ որդին ռազմական գործողությունների ակտիվ մասնակից է եղել:

«Երևի պետք է ընտանիքիս անդամներին պատերազմի ժամանակ ուղարկեի Կանարյան կղզիներ, որ բնական, նորմալ ընկալվեր: Տղայիս ինչ հասցրել են, ասել են: Մի հատ հիմար կա, ասում ա՝ 1200 զինվոր է զոհվել, որ Աշոտին էվակուացնեին», ասել է Փաշինյանը:

Դահլիճում նստած մարդիկ բացականչեցին, որ նման հայտարարություններ անողներին պետք է դատել, ձերբակալել, ինչին ի պատասխան թեկնածուն ասաց, որ թող քննություն սկսվի, եթե նման բան իրականում չի եղել, նման հայտարարության հեղինակին պատասխանատվության ենթարկեն: