«Ադրբեջանում զորակոչիկներին տանող ավտոբուսի վարորդները հայտարարում էին՝ շարժվեցինք դեպի Շուշի, այսինքն՝ Շուշին նրանց համար նպատակ էր». Փորձագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է տարածաշրջանային հարցերով փորձագետ, հետազոտող Վարդան Բալյանը

– Պարո՛ն Բալյան, Շուշիի գրավման կամ դրա շուրջ բանակցությունների մասին այս օրերին իրարամերժ տեղեկություններ են շրջանառվում մեկ ասվեց, որ բանակցությունների մաս է եղել, մեկ ասվեց, որ Շուշին հանձնելու մասին չի քննարկվել, երեկ էլ ՌԴ նախագահ Պուտինը ասաց, որ առաջարկվել է փախստականների վերադարձ Շուշի, սակայն հայկական կողմը չի համաձայնել։ Այս հարցը ինչպե՞ս է ներկայացվում ադրբեջանական աղբյուրներում։

– Ես կարող եմ ասել, որ երբ Ադրբեջանում համընդհանուր զորահավաք էր հայտարարված, և զորակոչիկներին նստեցնում էին ավտոբուս, վարորդները հայտարարում էին՝ շարժվեցինք դեպի Շուշի։

Այդ ամենը վկայող տեսագրություններ կան։ Ի սկզբանե, Շուշին եղել է այդ ռազմական արշավի նպատակը Ադրբեջանի համար, իսկ թե այդ հարցը ե՛րբ է ի հայտ եկել բանակցությունների սեղանին, չեմ կարող ասել։ Միգուցե այդ հարցը հայտնվել է բանակցությունների սեղանին հոկտեմբերի 20-ից հետո, բայց այն, որ այդ ամբողջ ռազմական արշավի ընթացքում Շուշին եղել է Ադրբեջանի գերնպատակը, միանշանակ է։

Պատերազմական գործողությունների մեկնարկի հենց առաջին օրվանից Շուշին եղել է Ադրբեջանի օրակարգում։ Իսկ դիվանագիտական օրակարգում Շուշիի հետ կապված առաջարկը հավանաբար մերժվել է, որովհետև ռազմադաշտում իրավիճակը այլ էր․ հոկտեմբերի 19-20-ը ընդամենը Զանգելանը և Ջաբրայիլն էր գրավված, այն էլ՝ ոչ ամբողջությամբ, ռազմաճակատում իրավիճակը մեր կողմից միանշանակ վերահսկելի էր, հետևաբար ես չեմ կարծում, որ այդ օրերին Ադրբեջանը հնարավոր է Շուշիի հարցը դներ բանակցային սեղանին։ 

– Բայց երեկ Պուտինն ասաց, թե համոզել էր Ալիևին և կարող էր կանգնեցնել, եթե Շուշիի հարցում գային ընդհանուր հայտարարի՝ այն մնար հայկական վերահսկողության ներքո, միայն թույլ տրվեր, որ փախստականները վերադառնային Շուշի։

– Համոզում են այն, ինչին կարող էր համոզվել։ Այդ ժամանակ հայկական զորքը ամբողջությամբ պահում էր իր մարտունակությունը, բնագծային վերահսկողություն ուներ, հետևաբար Ալիևին համոզելու խնդիրը բարդ չէր։ Այսինքն՝ այդ պահին Ալիևը համոզվող էր։ Պարզ ասեմ, թե մենք ինչու ենք այդ ժամանակ հրաժարվել. անկախ ամեն ինչից, ինչքան էլ տապալումներ ունեինք, համենայնդեպս, մեր նահանջը, որ ունեինք, այդ պահին տակտիկական էր, մենք քաշվել էինք ավելի հարմար պաշտպանական բնագծեր, բանակը դեռևս հնարավորություն ուներ ռազմավարական նախաձեռնությունը վերածելու օպերատիվ-մարտավարական առավելության, այսինքն՝ չեզոքացնելու Ադրբեջանի առավելությունը, հետևաբար Փաշինյանի հրաժարումը այդ պահին ես համարում եմ տրամաբանված։ Չնայած ես հիմա համոզված եմ, որ բոլորը հակառակ կարծիքի են, բայց զուտ ռազմական տեսանկյունից նման վարքագիծն այդ պահին ընդունելի էր։ 

– Եթե մի պահ պատկերացնենք, որ Հայաստանն ընդունում էր այդ առաջարկը, և հնարավորություն էր տրվում Շուշի վերադառնալ փախստականների։ Դա շա՞տ վտանգավոր կլիներ՝ ըստ ձեզ։

– Փախստականների վերադարձը բանակցությունների գլխավոր թեմաներից է եղել, և Ադրբեջանը այդ հարցին շատ զգայուն է վերաբերում։ Մենք էլ Ադրբեջանից վերադարձած 400 հազար փախստական ենք ունեցել, բայց խնդիրն այն է, որ մեր փախստականները այնտեղ չէին վերադառնալու։ Այդ հարցը օրակարգից դուրս եկած է։

Բայց դուք չկասկածեք, որ ադրբեջանական փախստականների առնվազն մի մասը վերադառնալու է, որովհետև մինչև այսօր Ադրբեջանը այդ փախստականների համար փաստացի ոչինչ չի արել։ Այսօր էլ նրանք խոսում են 235 հազար փախստականի վերադարձի մասին։

Այդ հարցը նրանց տեղեկատվական տիրույթում բացահայտ քննարկվում է։ Այդ 235 հազար մարդու վերադարձը մեզ համար լուրջ խնդիրներ է հարուցելու։

– Ի՞նչ առումով։

– Հենց միայն ժողովրդագրական․ պարտադիր չէ պետությունը գրավելիս միայն զենք ունենալ։ Մենք Նախիջևանում այդ նույն խնդիրն ունեցանք, երբ բնակչությունը հարկադրված արտագաղթեց։

Մեզ համար, իսկ ավելի կոնկրետ՝ Փաշինյանի համար խնդրահարույց է եղել Շուշի փախստականների վերադարձը այն իմաստով, որ Ադրբեջանը հեռահար նպատակներ ունի Շուշիի ադրբեջանական համայնքին մասնակից դարձնել բանակցություններին։ Դա նշանակում է՝ հայկական կողմի ստատուսի նվազեցում, քանի որ նրանք ամեն դեպքում չէին ճանաչում Արցախի ինքնավարությունը։ Մենք բավական լուրջ խնդիր ունենք, քանի որ ես կասկածում եմ, որ մեր բնակչության 70 տոկոսի վերադարձը կկարողանանք ապահովել։

Պատերազմի ընթացքն էլ ցույց էր տալիս՝ երբ նրանք ռմբակոծում էին խաղաղ բնակավայրերը, դա շատ պլանավորված, մտածված քայլ էր՝ հրթիռակոծել ենթակառուցվածքները, հայաթափել տարածքը և դարձնել բնակության համար անպիտան։ Տարածքի նկատմամբ իրավունքները ծագում են տեղում ապրող բնակչության էթնիկ կազմից․ երբ մենք այնտեղ չկանք, հետևաբար դա միայն տարածքի խնդիր է։ Հիմա մեր գերնպատակը պետք է լինի պատերազմի հետևանքը վերացնելը, որը չափազանց բարդ է։

Ես մի հետաքրքիր բան հիշեցնեմ, որին այս պահին ոչ մեկը ուշադրություն չի դարձնում. արցախյան հիմնախնդիրը անմիջականորեն կապված է Նախիջևանի և Զանգեզուրի հետ։

Կարսի պայմանագրով լուծում է եղել հետևյալը. Զանգեզուրը տրվել է Հայաստանին, Նախիջևանը՝ Ադրբեջանին, երրորդ պետությանը չփոխանցելու պայմանով, իսկ Լեռնային Ղարաբաղը տրվել է Ադրբեջանին ինքնավարության կարգավիճակով։ Թուրքերը ամեն ինչ շատ լավ հասկանում են, և եռակողմ հայտարարությամբ Նախիջևանից միջանցքի խնդիրը հենց այնպես միջանցքի խնդիր չէ։

Կարսի պայմանագրի (կնքվել է Մոսկվայի պայմանագրի հիմքով) ժամկետը, որը կնքվել էր 100 տարով, ավարտվում է 2021-ի մարտի 16-ին, և ռուսները պարզ հասկացնում են, որ չեն վերակնքելու։ Նրանք ուզում են այդ պայմանագիրը վերանայել։ Դա նաև ռազմավարական խնդիր է։

Այդ պայմանագրի վերակնքման ժամանակ պայմանները կարող են փոխվել և՛ ի վնաս մեզ, և՛ հօգուտ մեզ։ Մենք, այսինքն՝ Հայաստանը, Կարսի պայմանագիրը ինքնուրույն վերանայելու ո՛չ քաղաքական, ո՛չ ռազմական ռեսուրս չունենք։ 

– Դուք գլոբալ խնդիրներ մատնանշեցիք, և արդեն իսկ պարտություն արձանագրած կառավարությունը հրաժարական կարծես չի տալիս։ Ի՞նչ եք կարծում, այս կառավարությունը կարո՞ղ է շարունակել բանակցությունները։

– Այստեղ ավելի շատ պետության կենսունակության հարցն է, քան կառավարության հրաժարականի։ Պետությունն այլևս կենսունակ չէ։ Երբ Ազգային ժողովի պատգամավորը ամբիոնից հայտարարում է, թե մենք այլևս բանակ չունենք, և պետք է փրկել բանակի փշրանքները, ապա դա ընդունելի չէ։

Բանակը այս երկրի ամենակայացած, ամենակարևոր ինստիտուտն էր համարվում, երբ դուք հայտարարում եք, թե կայացած կառույցը այլևս չկա, ապա պետության կենսունակությունը նվազագույնի է հասցված։ Եռակողմ հայտարարության հեղինակը ՌԴ նախագահն է, դա ֆորմալ առումով է բանակցվել, այդ փաստաթղթի տեքստը մշակվել է ոչ Հայաստանում, հետևաբար Փաշինյանի փոխարեն ով էլ գա, դա չի փոխվի, վարչապետը փոխվի, և ով էլ գա, իրավիճակի հանգուցալուծում չի լինի։

Մենք պետք է խոսենք պետական մեքենայի վերակազմավորման, վերակազմակերպման մասին, այս պարտությունը մեր պետությանն է, որովհետև կառավարման բոլոր օղակներում երկար տարիներ անարդյունավետ կառավարում է իրականացվել։ Այս պետական մեքենան մահացել է, և հիմա դուք ասում եք՝ այս դիակի բուժման համար բժշկին փոխենք։ Քանի դեռ չեք վերակենդանացրել, ինչ բժիշկ էլ բերեք, ոչինչ չի ստացվի։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am