«Զարմանալի չէր, որ հենց «Պատիվ ունեմ» դաշինքը պետք է Արցախը առանձնացներ խորհրդարանում»․ Թագուհի Թովմասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Թագուհի Թովմասյանը

– Տիկի՛ն Թովմասյան, ո՞րն է «Պատիվ ունեմ» դաշինքի՝ խորհրդարանում Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ հանդես գալու նպատակը։ Այս նախաձեռնությունը ձեր և նախկին իշխանական երկու պատգամավորի՝ նման նախաձեռնության շարունակությո՞ւնն է։

– Մենք՝ երեք անկախ պատգամավորներով նախաձեռնել էինք «Արցախ» նախաձեռնությունը, որպեսզի Արցախի ձայնը խորհրդարանում լսելի լիներ, որովհետև նոյեմբերի 9-ից հետո «Արցախ» բառը Հայաստանի խորհրդարանում որպես այդպիսին չէր հնչում, և Արցախի ճակատագիրը չէր հետաքրքրում որևէ մեկին կամ, համենայնդեպս, խորհրդարանական մեծամասնությանը։ Բացի Տարոն Սիմոնյանից, ոչ ոք չէր խոսում Արցախի, նրա կարգավիճակի մասին, և մեր նախաձեռնության նպատակն էր այդ բացը լրացնել։ Եվ հիմա տրամաբանական է, որ այդ քաղաքականությունը պետք է շարունակվեր։

Ձեր ուշադրությունը ուզում եմ հրավիրել նաև մեկ փաստի վրա, որ Հայաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերից միայն «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավարն ու ներկայացուցիչն են նախընտրական շրջանում Արցախ այցելել, ուրիշ որևէ ուժի ներկայացուցիչ այդ ընթացքում Արցախ չի այցելել և չի կարևորել Արցախի՝ ցանկացած կարգավիճակով ներկայացվածությունը Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին։

Այս իմաստով զարմանալի չէր, որ «Պատիվ ունեմ» դաշինքը պետք է Արցախն առանձնացներ խորհրդարանում կամ այնպես աներ, որ Արցախի ձայնը ավելի լսելի լինի։ Շատ սպասված, տրամաբանական նախաձեռնություն է, և, հուսամ, որ այն կողջունվի խորհրդարանական մյուս ուժերի կողմից։

– Իսկ, ըստ ձեզ, ինչո՞ւ նախընտրական շրջանում ոչ մի քաղաքական ուժ, բացի «Պատիվ ունեմ» դաշինքից, չայցելեց Արցախ։

– Չեմ կարող ասել, թերևս դրա պատասխանը իրենք պետք է տան, բայց ես արձանագրեցի փաստ, որ Հայաստանի պատմության մեջ յոթերորդ գումարման խորհրդարանը մնալու է որպես Արցախը հանձնած իշխանության կցորդ խորհրդարան, որովհետև որևէ ըմբոստություն, անհամաձայնություն խորհրդարանն այդպես էլ չհայտնեց Արցախը հանձնելու վերաբերյալ։

Եվ մեր նախաձեռնությունը, որը քաղաքական խորամանկության պատճառով չհասավ լիագումար նիստի օրակարգ, միտված էր նաև նրան, որ ցույց տայինք, որ նոյեմբերի 9-ի այդ չարաբաստիկ հայտարարությունը մեզ պարտադրված էր ու բնավ չէր ենթադրում Արցախի հարցի հանգուցալուծում։

Ես, բնականաբար, շարունակելու եմ այդ նախաձեռնությունը նաև ութերորդ գումարման խորհրդարանում և, ի բարեբախտություն ինձ, այսօրվա խորհրդարանում ավելի շատ համախոհներ ունեմ Արցախի մասով։

– Տիկի՛ն Թովմասյան, իսկ հանձնաժողովի հիմնական նպատակը, գործառույթները որո՞նք են լինելու։

– Երբ ասում ենք, որ Արցախի ձայնը լսելի է լինելու, նկատի ունենք, որ Արցախը՝ որպես այդպիսին, պետք է իր ներկայացվածությունն ունենա Հայաստանի օրենսդիր մարմնում, որպեսզի միջազգային հանրության շատ ներկայացուցիչներ, որոնք գալիս են խորհրդարան, հնարավորություն ունենան իրենց տեսակետները ներկայացնել Արցախի հանձնաժողովում կամ լսեն Արցախի տեսակետը։

Արցախին առնչվող տարբեր փաստաթղթեր են ընդունվում Արցախում, կամ կարիքը կա, որ ընդունվեն, բայց չեն ընդունվում, որովհետև Արցախի ներկայացվածություն չունենք խորհրդարանում, իսկ այդպիսի հարցերը շատ-շատ են։

Օրինակ՝ շատ զինծառայողներ ծառայում են Արցախում, հարց է առաջանում նրանց աշխատավարձի, բնակավայրի և այլ հարցերի հետ կապված, այսինքն՝ մենք սինքրոն պետք է լինենք երկու հայկական պետությունով շատ դաշտերում, իսկ այդ կապը այսօր չունենք։

– Այսինքն՝ նպատակն է ձեր միջոցով Արցախի ներկայացվածությունը Հայաստանի խորհրդարանում ապահովե՞լ։

– Այո՛, Արցախ-Հայաստան կապի ամրապնդումն է։ Օրինակ՝ դուք կարո՞ղ եք հիշել, թե Հայաստանի նախարարներից քանիսն են Արցախի իր գործընկերոջ հետ հանդիպել վերջին շրջանում, խնդրում եմ նայեք հաղորդագրությունները, ուղղակի չկա այդպիսի հանդիպում, կամ, եթե կա՝ շատ սակավաթիվ։ Այսինքն՝ մենք չունենք Արցախ-Հայաստան կապ, իսկ այդ կապը պետք է վերականգնվի, եթե ոչ՝ գոնե ձևավորվի։

– Խորհրդարանական մեծամասնությունը հավանություն կտա՞ այս նախաձեռնությանը, ի՞նչ եք կարծում, տիկի՛ն Թովմասյան։

-Կարծում եմ՝ ողջախոհ կլինեն և կյանքի կկոչեն։

– Իսկ եթե կյանքի չկոչե՞ն, ի՞նչ է անելու ձեր թիմը։

– Եկեք վատ նախատրամադրվածությամբ չառաջնորդվենք, հուսանք, որ կհաջողենք: Եթե չհաջողենք՝ քայլերի հաջորդականություն կա, և առնվազն իշխանության քաղաքական պարտությունը կարձանագրենք։

– «Պատիվ ունեմ» դաշինքը կմիանա՞ «Հայաստան» դաշինքի նախաձեռնությանը, որով նախատեսվում է հետ կանչել պատգամավորների լրավճարների չափը 50 հազարից 250 հազար դարձնելու օրենքը։

– Տարբերակներ ենք քննարկում, որովհետև մինչև «Հայաստան» դաշինքի հայտարարությունը, մենք մտածում էինք տարբեր նախաձեռնություններ իրականացնել, օրինակ՝ մեր այդ գումարներն ուղղել 1000 դրամի, որը հիմա դարձել է 3000 դրամ, հիմնադրամին։

Առաջին պատգամավորը, որը դեմ է արտահայտվել այդ օրենքին, ես եմ եղել, չնայած շաբաթվա սկզբին և վերջին հիմնականում մարզում էի լինում՝ բացառապես իմ հաշվին, բայց ասել եմ, որ այսօր դրա անհրաժեշտությունը չկա, պետք է առաջնայինը երկրորդականից տարբերել։

Կա՛մ առանձին նախաձեռնությամբ հանդես կգանք, կա՛մ կմիանանք «Հայաստան» դաշինքի այդ նախաձեռնությանը, բայց մենք կիսում ենք այդ տեսակետը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am