Ֆինանսական միջոցների բացակայությունը չպետք է պատճառ դառնա, որպեսզի տաղանդաշատ երիտասարդները չկարողանան ստանալ բարձրագույն կրթություն. ՀՀ վարչապետ

Ֆինանսական միջոցների բացակայությունը չպետք է պատճառ դառնա, որպեսզի տաղանդաշատ երիտասարդները չկարողանան ստանալ բարձրագույն կրթություն. ՀՀ վարչապետ
Ֆինանսական միջոցների բացակայությունը չպետք է պատճառ դառնա, որպեսզի տաղանդաշատ երիտասարդները չկարողանան ստանալ բարձրագույն կրթություն. ՀՀ վարչապետ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կրթաթոշակի հավաստագրեր տրամադրեց պետական բուհերի առկա ուսուցման առաջին և երկրորդ կուրսերի անվճար համակարգում չընդգրկված 810 ուսանողի: Բարձր առաջադիմություն, հասարակական ակտիվություն ցուցաբերած և սոցիալապես անապահով ընտանիքների մի խումբ ուսանողներին կրթաթոշակները հանձնել է անձամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Կրթաթոշակ տրամադրելու նպատակով ՀՀ կառավարությունը հիմնադրամին է տրամադրել 60 միլիոն դրամ:

Շորհավորելով կրթաթոշակների արժանացած ուսանողներին՝ վարչապետը նշել է. «Արդեն երրորդ անգամ եմ մասնակցում նման միջոցառման և դրանով ես ցանկանում եմ շեշտել, որ այս հարցում մենք լինելու ենք հետևողական: Կառավարության կարևորագույն կարգախոսը եղել է հետևյալը. ֆինանսական միջոցների բացակայությունը, հայկական ընտանիքներում առկա սոցիալական վիճակը չպետք է պատճառ դառնան, որպեսզի մեր տաղանդաշատ երիտասարդները չկարողանան ստանալ բարձրագույն կրթություն: Մեր ջանքերը մենք գործադրելու ենք հենց այդ ուղղությամբ: Այսուհետ ևս տաղանդավոր երիտասարդներին տրամադրվող ֆինանսական օժանդակությունն ավելացնելու ենք և տարեցտարի ձեզ ընձեռնվող հնարավորություններն ավելանալու են»:

Վարչապետը հիշեցրել է նաև «Լույս» հիմնադրամի մասին, որն աշխարհի լավագույն 10 բուհեր ընդունվող երիտասարդներին ևս ֆինանսական օժանադակություն է տրամադրում: «Ուրախ եմ, որ մենք ունենք երիտասարդների մի մեծ բանակ, որը բարձր է գնահատում Հայաստանի երիտասարդական և «Լույս» հիմնադրամների աշխատանքները»,- ասել է կառավարության ղեկավարը:

Կրթաթոշակ ստանալու մրցույթին դիմել է հանրապետության պետական բուհերի 1-ին և 2-րդ կուրսերի 1367 ուսանող: Մարզերի բուհերում սովորող ուսանողներից ընդունվել է 232 հայտ, նրանցից 158-ն արժանացել են կրթաթոշակի:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ՀՀ կառավարության աջակցությամբ ուսանողների ուսման վարձի փոխհատուցման ծրագիր իրականացնում է արդեն երրորդ տարին: Երեք տարիների ընթացքում փոխհատուցվել է 2150 ուսանողի ուսման վարձ: 2012 թվականի դեկտեմբերին ուսման վարձերի փոխհատուցում են ստացել նաև Հայաստանում սովորող 111 սիրիահայ ուսանողներ: