«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը
– Պարո՛ն Բադալյան, մեկնարկել է նորընտիր խորհրդարանի աշխատանքը, նկատի ունենալով երեկվա նիստում հնչած մտքերն ու հայտարարությունները՝ ի՞նչ գնահատական կարող եք տալ այս կազմով ԱԺ-ին:
– Նախօրեի նիստն ավելի շատ իրավիճակի տեխնիկական կողմն է, ու չեմ կարծում, թե Հայաստանի խորհրդարանը բուն իմաստով քաղաքական այն ինստիտուտն է, որը լինելու է գլխավոր քաղաքական հարթակը Հայաստանում այն պարզ պատճառով, որ այդտեղ բացակայում է կարևորագույն բաղադրիչ՝ քաղաքական մեծամասնության քաղաքական մոտիվացվածությունը, այսինքն՝ խորհրդարանում չկա մեծամասնություն, որը քաղաքականապես մոտիվացված է այդ ինստիտուտի բառի բուն իմաստով ֆունկցիոնալությամբ:
Այս տեսանկյունից, իմ կարծիքով, Հայաստանում բուն քաղաքական պրոցեսը կարող է տեղի ունենալ խորհրդարանից դուրս, ու այստեղ առանցքային անելիքն իհարկե քաղաքական-խորհրդարանական ընդդիմադիր ուժերինն է, որոնց համար խորհրդարանական կարգավիճակը պարզապես պետք է լինի բուն քաղաքական պրոցեսին աջակցող ու լրացնող գործիքակազմ:
– Ինչո՞ւ մեծամասնությունը քաղաքականապես մոտիվացված չէ, ինչպես ասում եք:
– Որովհետև մեծամասնությունն իր բովանդակությամբ էլ բացարձակապես քաղաքական չէ որևէ իմաստով, այդ մեծամասնությունը բացարձակապես մեկ մարդուց կախված միավոր է, խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին է, ու այդ իմաստով, այդ միավորը, բացի մեկ մարդու քաղաքական կարիքներն ու շահերը սպասարկելուց, դրանում տեսնելով նաև իր հարմարավետության ու անվտանգության գրավականը, որևէ այլ մոտիվացիա չունի: Հետևաբար, նման կառավարող մեծամասնությունը չի կարող ապահովել խորհրդարանական աշխատանքի ֆունկցիոնալություն, իսկ մեծամասնությունից շատ բան է կախված այդ առումով, որովհետև շարժիչը, ի վերջո, հասկանալի է, մեծամասնությունն է ցանկացած պարագայում: Հենց դրա համար եմ ասում, որ Հայաստանում քաղաքական պրոցեսների ծավալման միջավայրը խորհրդարանից դուրս է, ցավոք:
– Պարո՛ն Բադալյան, իսկ խորհրդարանից դուրս ընդդիմությունը կարողանալո՞ւ է քաղաքական պրոցեսներ ծավալել:
– Կախված է ընդդիմության աշխատանքից. եթե այն ճշգրիտ ու հետևողական կազմակերպվի, շատ կարևոր է նաև ռազմավարական համբերատարության սկզբունքի կիրառումը, եթե այդ ամենն արվի, ապա կհաջողվի: Պետք է նկատեմ, որ ընդդիմությունը վերջին ամիսներին փոխել է քաղաքական աշխատանքի տրամաբանությունն ու մեթոդաբանությունը, ինչը, իմ գնահատմամբ, որոշակի արդյունք տվել է: Եթե այս աշխատանքը շարունակվի, այդ տրամաբանությունն ամրապնդվի ու առավել ինստիտուցիոնալացվի, այդ աշխատանքն առավել համակարգային տարվի, ինչին նպաստող է լինելու նաև այդ ուժերի խորհրդարանական կարգավիճակը, ապա ես կարծում եմ, որ դա բավականին կմոտեցնի դրական արդյունքի հասնելը:
– Ի՞նչ փոփոխություններ եք նկատել, որ ասում եք՝ արդյունք է տվել:
– Այն, որ ընդդիմությունը որպես իր աշխատանքի գլխավոր ուղղություն դիտարկել է հասարակության հետ խոսելը, այլ ոչ թե հասարակությանն իբրև հանդիսատես դիտարկելով՝ փորձել ներկայանալ իշխանությանը գերազանցող դերակատար: Այսինքն՝ մինչև վերջին ամիսները ընդդիմությունը փորձում էր ցույց տալ, որ ինքը գերազանցում ու նեղն է գցում իշխանությանը, իսկ խաղադրույքն այն էր, որ հանդիսատեսը դա կգնահատեր: Վերջին ամիսներին հասարակությանը դիտարկում են գործընկերոջ տրամաբանությամբ, այսինքն՝ մարդկանց հետ սկսեցին խոսել ու բացատրել իրողություններ, ոչ միայն քննադատել ու մատնացույց անել իշխանության բացերը, այլև հասարակության հետ խոսել երևույթների, անելիքների ու հեռանկարների մասին: Այս փոփոխությունը տեղի ունեցավ, ու դրան զուգահեռ մենք կարող ենք արձանագրել որոշակի արդյունք այդ իմաստով: Կարևոր է, որ ընդդիմությունը փոխել է հասարակության հետ աշխատանքի իր մեթոդաբանությունը:
– Պարո՛ն Բադալյան, 9-րդ գումարման խորհրդարանի լեգիտիմության մասին է հաճախ խոսվում, նախօրեին էլ ընդդիմության ներկայացուցիչներից ոմանք, որոնք այդ խորհրդարանում պետք է աշխատեն, ասացին, որ այն լեգիտիմ չէ: Այս մասով դուք ի՞նչ գնահատական ունեք:
– Լեգիտիմ չէ այն իմաստով, որ առաջին հերթին հենց այդ մեծամասնության մասով ձևավորվեց ընտրական պրոցեսի, մեղմ ասած, կասկածելի ընթացքով, այսինքն՝ մենք նվազագույնը տեսանք ԲՀԿ-ի ձայների հետ կապված դեպքը: Ես արդեն նշեցի, որ ինստիտուցիոնալության ու ֆունկցիոնալության իմաստով շատ կարևոր է հենց մեծամասնության դերը, ինչը բնականաբար ձևավորվում է նաև լեգիտիմության շրջանակով:
– Իսկ եթե այդ ոչ լեգիտիմությունն արձանագրում են այն քաղաքական ուժերը, որոնք պետք է աշխատեն այդ խորհրդարանում, դա ինչպե՞ս դիտարկել:
– Եթե առաջնորդվենք այն տրամաբանությամբ, թե խորհրդարանը լեգիտիմ չէ, մի գնացեք, ստացվում է, որ գրեթե նույնը, եթե իշխանությանը լեգիտիմ չենք համարում, ապա ինչո՞ւ ենք ընդհանրապես այս երկրում ապրում: Պետք է հասկանալ, որ խորհրդարանը պետական մարմին է, իշխանությանը չի պատկանում: Խորհրդարանում կարևոր է ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության լեգիտիմությունը, իսկ ընդդիմության մասով կարծես թե առանձնակի խնդիրներ չկան: Խորհրդարանը լեգիտիմ չէ, որովհետև մեծամասնությունն ունի լեգիտիմության խնդիր:
Քրիստինե Աղաբեկյան

















