Գեներալ Միքայել Արզումանյանը դուրս եկավ բանտից. «Ազատություն»

Երեք տարի կալանքի տակ մնալուց հետո Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը դուրս եկավ բանտից, տեղափոխվեց տուն՝ տնային կալանքի: Այս որոշումը կայացրել է նրա գործը քննող Հակակոռուպցիոն դատարանը, տնային կալանքից բացի դատարանը կիրառել է նաև 30 միլիոն դրամ գրավ:Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

Փաստաբան Երեմ Սարգսյանը փոխանցեց, թե ինչու երեք տարի հետո ի վերջո փոխվեց կալանքը. – «Վկաների մեծամասնությանը հարցաքննել են, դատարանը գտավ, որ պետք է ըստ այդմ փոխվի, որովհետև նաև Շուշիի դրվագով վաղեմության ժամկետը նոյեմբերի 7-ին քրեական պատասխանատվության լրանում է»:

Միքայել Արզումանյանը մեղադրվում է 44-օրյա պատերազմի գործերից մեկով: Նա Պաշտպանության բանակի հրամանատար նշանակվեց 2020 թվականի հոկտեմբերին, երբ պատերազմում ծանր վիրավորվել էր Արցախի պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը։ Պատերազմից շուրջ երկու տարի անց՝ 2022-ի սեպտեմբերին Արզումանյանը կալանավորվեց, և նրան մեղադրանք ներկայացվեց Շուշիի պաշտպանության ընթացքում անփույթ վերաբերմունք դրսևորելու համար։

Ըստ մեղադրանքի, այդ անփութության հետևանքով հակառակորդի զինված ուժերին հաջողվել էր ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ վերցնել Շուշի քաղաքն ու մատույցները։

Շուշիի դրվագից բացի, Միքայել Արզումանյանը մեղադրվում է նաև պատերազմի առաջին օրերին Թալիշի Արեգա բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջի» հրաման տալու համար։ Գեներալը մեղադրանքը չի ընդունում:

Հենց Շուշիի դրվագով էլ անցել է հանցանքի վաղեմության ժամկետը: Սա նշանակում է, որ եթե անգամ դատարանն այս դրվագով նրան մեղավոր ճանաչի, գեներալը, միևնույն է, չի ազատազրկվի:

«Պարոն Քյարամյան, պարոն Աբազյան, պարոն Խաչատրյան, պարոն Ղազարյան, բոլորդ սպաներ եք: Ես պարբերաբար այցելում եմ Միքայել Արզումանյանին, ուղղակի, սպայի պատվի համար, ամեն ինչ արեք, որ նրա խափանման միջոցը փոխվի: Ուղղակի դա ահավոր բան է», – ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանն էր ուղիղ մեկ տարի առաջ Արզումանյանին կալանքից ազատ արձակելու հարցը բարձրացրել խորհրդարանի ամբիոնից: Այդ ժամանակ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հակադարձել էր՝ լուրջ հիմքեր կան նրան պահելու կալանքի տակ: Ընդգծել էր՝ իրականությունը խեղաթյուրելու, վկաների վրա ազդեցություն ունենալու հանգամանքը հիմնավորվել է ոչ միայն հարցաքննություններով, այլև՝ այլ գործողություններով:

«Նախաքննության ընթացքում պարոն Արզումանյանը տասնյակ փաստարկներ ա բերել, տասնյակ մարդկանց ա վկայակոչել, որոնք ստուգվել են, և պարզվել ա, որ օբյեկտիվ իրականության հետ կապ չունեն: Սա էլ եղել ա վերջինին կալանքի տակ պահելու հիմքերից մեկը», – հայտարարել էր Քյարամյանը: