«Թուրքիան նախապայմանների, ճնշումների ու հարկադրման քաղաքականությունը պետք է փոխի». Ռուբեն Սաֆրաստյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը

– Պարո՛ն Սաֆրաստյան, Ռուսաստանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ տրամաբանական կլինի, եթե Հայաստանն ու Թուրքիան վերսկսեն հարաբերությունները կարգավորելու ջանքերը։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունները, և որքանո՞վ է այս պահին նպատակահարմար խոսել այդ հարաբերությունների կարգավորումից։ Ինչպիսի՞ հնարավորություններ կան այդ առումով։

– Ես թերահավատորեն եմ մոտենում այդ խոսակցություններին, որովհետև խոսակցությունները, որոնք առաջացել են այն ժամանակ, երբ Էրդողանը հայտարարություն արեց, իրականում որևէ նորություն այնտեղ չկար։ Ռուսաստանի դիրքորոշման մեջ նույնպես որևէ նորություն չկա։ 

Այսինքն՝ հարաբերությունների կարգավորման մասին հայտարարություններով հանդես են գալիս, բայց իրականում քաղաքականությունը բոլորովին այլ է։ Ռուսաստանն էլ այս տարիների ընթացքում քանիցս ողջունել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, բայց դա որևէ արդյունք չի տվել և չի կարող տալ։ Այնպես որ, ես կարծում եմ, որ վաղ է խոսել իրական քայլերի մասին։ 

Սա թուրքական կողմի հռետորաբանությունն է, որը ոչ մի նորություն ինձ համար չի պարունակում և շատ հեռու է թուրքական իրական քաղաքականությունից։ Իսկ իրական քաղաքականությունն այն է, որ ոչ մի նշան չեմ տեսնում, որ Թուրքիան հրաժարվում է իր նախապայմանների քաղաքականությունից Հայաստանի նկատմամբ։ 

Եվ միաժամանակ ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ այս ամիսներից հետո, պատերազմից հետո Թուրքիան Ադրբեջանի միջոցով ոչ միայն այդ նախապայմաններն է պահպանում, այլ էլ ավելի է փորձում ճնշումը մեծացնել Հայաստանի վրա։

– Վարչապետ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանը կգնահատի Թուրքիայի կողմից դրական ազդակները։ Մյուս կողմից՝ փորձագիտական հանրույթը խոսում է հայ-թուրքական սահմանի բացման մասին, բայց ոչ առաջիկա 2-3 տարիներին։ Ի՞նչ եք դուք կարծում։

– Այն, որ սահմանը ի վերջո պետք է բացվի, միանգամայն տրամաբանական է, բայց դա երբ կլինի, ես մոտակա ապագայում չեմ սպասում: Դա, իմ կարծիքով, պետք է լինի այն բանից հետո, երբ Թուրքիան իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ իրապես կփոխի: Այդ նախապայմանների, ճնշումների ու հարկադրման քաղաքականությունը պետք է փոխի: 

Հայաստանն իր գոյության ամենասկզբից հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու առանց նախապայմանների: Այնպես որ, Հայաստանի դիրքորոշման մեջ ոչ մի նորություն չեմ տեսնում: Իսկ այդ հարաբերությունները չեն կարգավորվում, որովհետև Թուրքիան նախապայմաններ է դրել և վիժեցրել է այն բոլոր նախաձեռնությունները, որ եղել են հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ:

Ընդ որում, Լավրովն էլ հենց վկա է եղել Ցյուրիխում հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններին: Այսինքն՝ այստեղ նորություն չկա, Թուրքիայի դիրքորոշումը նույնն է, Հայաստանի դիրքորոշումը նույնն է:

– Մյուս կողմից՝ այս հայտարարություններին ընդդիմացողները հիշեցնում են 44-օրյա պատերազմը, որի ժամանակ Թուրքիան շատ մեծ դերակատարություն ուներ: Այս համատեքստում, առհասարակ կարելի՞ է այդպիսի պետության հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել:

– Դա հռետորաբանական հարց է, որովհետև դրա համար այսօր որևէ նախանշան չկա, որ Թուրքիան ձգտում է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել: Դրա մասին նույնիսկ մտածելը դեռ շատ վաղ է: Իսկ որ Թուրքիան Հայաստանի նկատմամբ բացահայտ թշնամական դիրքորոշում որդեգրեց 44-օրյա պատերազմի ընթացքում, դա փաստ է, և բոլորը գիտեն: Իմ խորին համոզմամբ՝ այդ պատերազմում Թուրքիան մեծ դեր խաղաց: 

Փաստորեն Թուրքիայի գլխավոր շտաբի սպաները ղեկավարում էին շատ կարևոր դիրքերում ադրբեջանական բանակը, Թուրքիան տրամադրեց իր սպառազինությունը, իր «Բայրաքթարները», վարձկաններ տեղափոխեց պատերազմի գոտի և այլն: Եթե մի օր հանկարծ Թուրքիան որոշի իր թշնամական դիրքորոշումից հրաժարվել, դա այլ հարց է, բայց այսօր դրա նշանները չկան:

– Թուրքիայի կողմից դրական ազդակներն այս պահին ինչո՞վ են պայմանավորված:

– Դրական ազդակ, ըստ էության, չկա: Դրանք ոչ թե դրական ազդակներ են, այլ հռետորաբանություն է, որը բազմիցս օգտագործվել է Թուրքիայի տարբեր ղեկավարների կողմից, այդ թվում՝ Էրդողանի: Նրանք միշտ ձևականորեն հայտարարում են, թե պատրաստ են Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելուն, բայց իրենց իրական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ այլ է, որը ես արդեն ներկայացրի: 

– Այսինքն՝ այսօր այդ հարցը օրակարգ բերելը ժամանակավրե՞պ է:

– Ես այդպիսի օրակարգ չեմ տեսնում: Հայաստանը հայտարարում է, որ պատրաստ է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել, Թուրքիան էլ իր նախապայմաններից չի հրաժարվում, դեռ ավելի է կոշտացրել իր դիրքորոշումը: Ես չեմ տեսնում որևէ իրական դրդապատճառ հայ-թուրքական հարաբերությունների օրակարգը ձևավորելու համար:

Մանե Հարությունյան 

MediaLab.am