Հանրաքվեն և կորոնավիրուսը

Մհեր Արշակյան

Եվ այսպես, 650 հազար քաղաքացի պետք է «Այո» ասի սահմանադրական փոփոխությանը։ Փաշինյանը գրեթե բոլոր խաղաքարտերը բացել է, թե ինչու մեր քաղաքացիներն «Այո» պիտի ասեն։ Առաջին հայացքից խնդիր չկա։ 

Բայց «սևերն» արդեն ձեռքերն են շփում՝ հավատալով, որ հազիվ թե այդքան մարդ գնա ընտրատեղամաս։ Իրավիճակը բարդանում է նրանով, որ մահաբեր կորոնավիրուսը Հայաստանում է։ 

Իսկ դա նշանակում է, որ առաջիկա ամիսներին մարդիկ հաստատ խուսափելու են կուտակումներից։ Հետևաբար հանրաքվեի մասնակցության տրամաբանությունը և քարոզչությունը պետք է փոխվեն։ 

«Ոչ»-ի կողմնակիցների համար կորոնավիրուսը խուճապ ստեղծելու եզակի հնարավորություն է, որպեսզի մարդիկ իրենց բնակարաններից դուրս չգան։ Խուճապի նրանց զինանոցը համալրված է մամուլի բացառիկ ազատությամբ։ 

Ցանկացած գրիպային դեպք զգուշորեն կարող են վերագրել կորոնավիրուսին, սևական մասնագետները կհաստատեն, որ հիվանդի ախտանշանները նման են կորոնավիրուսի ախտանշաններին, թեպետ ոչինչ պնդել չեն կարող։ 

Կարճ ասած, հանրաքվեն փոզմիշ անելու «իդեալական» դաշտ է բացվել։ 

Ի՞նչ կարող է անել իշխանությունը։ Ամեն ինչ ավելի պարզ է՝ իշխանությունը կարող է գնալ բացառիկ էքստրավագանտ, հեղափոխության հետ խոսող քայլի՝ հայտարարել էլեկտրոնային քվեարկություն, քանի որ եթե հայտարարի արտակարգ դրություն և չեղյալ համարի հանրաքվեն, դա արդեն խուճապի թեմա է։ 

Այնպես որ, էլեկտրոնային քվեարկությունն ավելի շուտ կդիտվի իբրև պրոֆիլակտիկ զգուշություն, ինչը կուտակումների առիթ չի տա։ 

Մյուս կողմից՝ նույնքան էլեկտրոնային կարող է լինել քարոզչությունը, դարձյալ կուտակումների առիթ չտալու համար, քանի որ պետք է պատկերացնել, թե ինչպես է քարոզարշավն ընթանում բժշկական դիմակներով, որոնք ընտրողների հետ շփումը կզրկեն էմոցիաներից։ 

Առավել տհաճ կլինի վարչապետի՝ դիմակով մարդամեջ դուրս գալը, բայց ոչ այն պատճառով, որ դա ինքնին էսթետիկ չէ քաղաքացու համար։ Էսթետիկան մի կողմ է մնում։ 

Բանն այն է, որ այս դեպքում դիմակով մարդամեջ դուրս եկող վարչապետի համար պոտենցիալ վարակակիր է դառնում ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի։ Պարզ է, որ վարչապետն ինքը չի կարող ասել, թե այդ ինձնից եմ պաշտպանում ՀՀ քաղաքացուն, քանի որ գուցե հարուցիչը ես եմ։

Դա բացառված է, կորոնավիրուսը հազիվ թե գտնի վարչապետին։ Հետևաբար միակ տարբերակը մնում է այն, որ քաղաքացին մեխանիկորեն, անգիտակցաբար, իր կամքին հակառակ դառնում է մահափորձի մասնակից։ 

Վարչապետը դիմակով պաշտպանվում է սեփական քաղաքացիներից վարակվելու վտանգից։ Նախկինները կհիշեն Արամ Մանուկյանին, որը մահացավ բծավոր տիֆից. Իսկ, ըստ նրանց, ինչո՞վ է Փաշինյանը լավը Արամ Մանուկյանից։ Այնպես որ, իշխանությունն այս գլխից պետք է ունենա կորոնավիրուսի հետ հանրաքվեն «խոսացնելու» տարբերակ։ 

Առաջին հայացքից էլ ավելի քիչ է հավանականությունը, որ էլեկտրոնային քվեարկության ճանապարհով «Այո»-ն կկարողանա հաղթել, բայց այստեղ փոքրիկ, բայց վճռական նրբություն կա՝ սփյուռքում շատ են ՀՀ քաղաքացիները, որոնք քվեարկելու համար կարիք չեն ունենա վերադառնալ Հայաստան, նրանց ոչ ոք չի զրկել քաղաքացիությունից, և երբ «սևերը» վստահ են, որ «Այո»-ն 650 հազար ձայն չի հավաքի, նկատի ունեն մեր մոտ 2 միլիոն 600 հազար քաղաքացիների այն հատվածին, որոնք Հայաստանում չեն բնակվում։ 

Փաստն այն է, որ նրանք ՀՀ քաղաքացի են և մի օր կարող են վերադառնալ։ Հետևաբար նրանք քվեարկելու են նաև իրենց Հայաստանի օգտին։ Հայաստանում քչերն են խեղճանում ինտերնետից, այնպես որ, էլեկտրոնային քվեարկությունն ինքնին խնդիր չէ, խնդիրը մնում է քաղաքացու մոտիվացիան՝ ինչո՞ւ «Այո» ասել սահմանադրական փոփոխությանը։

Մհեր Արշակյան

MediaLab.am