Փաշինյանի հանձնարարությամբ՝ ճանապարհամերձ հատվածներում խաչերի, խաչքարերի խնդիրն է կանոնակարգվում

ՀՀ քաղաքաշինության կոմիտեն հայտարարել է՝ «վարչապետի հանձնարարությամբ մեկնարկել են ճանապարհամերձ հատվածներում խաչերի տեղադրման խնդրի կանոնակարգման աշխատանքները»․

«Ճանապարհամերձ հատվածներում խաչերի, հուշաքարերի կամ խաչքարերի տարերային տեղադրումը բացառելու համար Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ մեկնարկել են խնդրի կանոնակարգմանն ուղղված աշխատանքներ: Այդ նպատակով Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ կոմիտեում կայացել է հանդիպում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի, վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ Տարոն Հակոբյանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության պետի պարտականությունները կատարող Հարություն Սեդրակյանի հետ:

Դիտարկվել է այն ձևաչափը, որով նախատեսվում է առաջին փուլում հավաքագրել ճանապարհամերձ հատվածներում տեղադրված ճարտարապետական փոքր ձևերի վերաբերյալ տեղեկատվությունը: Անդրադարձ է կատարվել հուշարձանների տեղադրման իրավական հիմքերին: Քաղաքաշինության կոմիտեի մասնագետներն առանձնացրել և գործընկերների հետ քննարկմանն են ներկայացրել նաև ոլորտին առնչվող իրավական այն ակտերը, որոնցում անհրաժեշտ է փոփոխություններ մտցնել՝ դաշտը կանոնակարգելու և վերահսկելի դարձնելու նպատակով: Հանդիպման մասնակիցներն իրենց դիտարկումներով ամբողջացրել են օրենսդրական կարգավորումներում փոփոխություններ կատարելու նախնական առաջարկը:

Քննարկման արդյունքում որոշվել է ձևավորել աշխատանքային խումբ՝ ներառելով շահագրգիռ բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչներին՝ խնդրի կարգավորման ուղղությամբ աշխատանքներն արդյունավետ իրագործելու նպատակով»,- նշված է Քաղաքաշինության կոմիտեի հայտարարությունում: