Սուբվենցիոն ծրագրով կվերանորոգվի Գյումրիի տիկնիկային թատրոնի շենքը

Կվերանորոգվի Գյումրիի Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի շենքը: Գյումրիից կառավարություն ներկայացված սուբվենցիոն հայտերում առաջին անգամ ընդգրկվել է մշակութային ուղղվածությամբ երկու ծրագիր։ Տիկնիկային թատրոնը Աբովյան ճեմափողոցում գտնվող երկհարկանի շինություն տեղափոխվել է 1984 թվականին: 40 տարում շենքը չի հիմնանորոգվել, կառույցի որոշ հատվածներ վտանգավոր են և չեն օգտագործվում ըստ նշանակության:

Երկրորդ հարկի դահլիճն ավելի քան 10 տարի ըստ նշանակության չի օգտագործվում, վերածվել է դեկորներն ու տիկնիկների մի մասը պահեստավորելու տարածք: Հատակը քանդված է, բեմում ներկայացում խաղալ հնարավոր չէ, տանիքի կաթոցներից փտած կառուցատարրերի պատճառով բեմը ճոճվում է։

«Տանիքն անմիջապես դահլիճի վրա է, տանիքից կաթոցներ են մշտապես լինում, բնական է, որ ուզենք-չուզենք դահլիճը կվնասվի։ Ոչ միայն այս հատվածներն են վնասվել, ունենք տարածքներ, որ ահավոր անխնամ վիճակում են գտնվում։ Եթե այսպես շարունակվի, նույնիսկ հնարավոր են փլուզումներ լինեն»,- նշում է Գյումրիի տիկնիկային թատրոնի տնօրենի ԺՊ Արմինե Մանուկյանը։

Դահլիճը  պատանի հանդիսատեսի համար է նախատեսված։ Գրեթե նույն  քայքայված ու խարխլված պատերն են արհեստանոցներում, որտեղ շատ նեղվածք է,  տիկնիկներն ու դեկորները մասնագետները պատրաստում են հարմարեցված պայմաններում, այստեղ նաև ժանգոտված շրջանակներով հին պատուհանների փականներն ու դռների բռնակներն են հարմարեցված:

Հայաստանի առաջին պետական տիկնիկային թատրոնում ներկայացումների համար պատրաստված հին ու նոր կերպարային տիկնիկները պահելու  բավարար պայմաններ չկան: Դրանք կախում են դարակաշարերից։ Փոքրիկ սենյակի տարածքն այս տարի կընդլայնվի։ Սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է  վերանորոգել թատրոնի շենքն ամբողջությամբ: 55% համայնքի և 45 % պետության համաֆինանսավորմամբ կհիմնանորոգվի նաև քայքայված  տանիքը։

«Տիկնիկային թատրոնի սուբվենցիոն ծրագրի համար նախատեսված նախահաշիվը մոտ 50 մլն դրամ էր կազմում, բայց շինարարը մրցույթը շահեց 43 մլն դրամով, այստեղ մենք 7 մլն դրամի տնտեսում ունեցանք, իսկ տիկնիկայինի տանիքի վերանորոգումը՝ նախնական գնահատմամբ, կազմում էր 9,2 մլն դրամ, բայց շինարարն առաջարկեց ամբողջական աշխատանքների համար  7,2 մլն դրամ։ Տնտեսված միջոցների  հաշվին նախատեսում ենք նախագծում ներառել նաև նախասրահի հատվածը, որը սուբվենցիոն ծրագրից դուրս էր մնացել»,- նշել է Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։

Տիկնիկային թատրոնի նախասրահը սուբվենցիոն ծրագրում ներառված չի եղել։ Նախագծանախահաշվային փուլում  թատրոնի տնօրինությունը շինարարին առաջարկել է արդեն վերանորոգված սենյակների փոխարեն  ընդգրկել  նախասրահը:

Իսկ գլխավոր բեմը մասնակի վերանորոգվել է երեք տարի առաջ, բայց դահլիճն ունի ձայնամեկուսացման խնդիր, երեխաների բավարար տեսադաշտ ապահովելու  համար պետք է  ձևափոխել նաև նստարանների հարթակը:

«Դահլիճը խնդիր ունի հարթակն ավելի բարձրացնելու։ Շարքերով նստելիս երեխաները մեկը մյուսին խանգարում են։ Եթե, օրինակ, երեխան նստած է 5-րդ շարքում,ի սկ առաջին շարքում ծնող է նստած, երեխայի դիտման պրոցեսն ու տարածքը փակվում է»,- նշում է Արմինե Մանուկյանը։

Դահլիճը կոսմետիկ վերանորոգման է ենթակա, կփոխարինվեն առաստաղի դեֆորմացված  նախշազարդերը, իսկ դահլիճի մուտքի 50 տարվա փայտե զարդաքանդակները նույնությամբ կպահպանվեն:

Շինարարի մրցույթն ավարտվել է, ընկերությունը հայտնի է: Շենքի ամբողջական վերանորոգումից հետո նախատեսվում է նաև տարածքում փոքրիկ թանգարան բացել, որտեղ կցուցադրվեն թատրոնի ամենահին ու հայտնի դերասանների խաղացած տիկնիկները: