ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե Արևմուտքն ու ԱՄՆ-ը Հայաստանի նկատմամբ առաջնորդվում են «վերցնելու և թալանելու» տրամաբանությամբ, քանի որ նրանց հետաքրքրում են երկրի հանքային ռեսուրսները։
Այս մասին Զախարովան ասել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում։
«Արևմուտքում, ցավոք, կենդանի է «վերցնել, թալանել, սեփականացնել, նվաստացնել և ոչնչացնել» մոտեցման տրամաբանությունը, և նրանք դա կիրառում են, այդ թվում՝ Կովկասում»,– ասել է Զախարովան։
Նա որպես օրինակ նշել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցը Հայաստան՝ պնդելով, թե դրա ընթացքում չեն ստորագրվել երկու կողմերի համար պարտադիր միջազգային պայմանագրեր, այլ միայն «դեկլարատիվ փաստաթղթեր»։
Զախարովայի խոսքով՝ այդ փաստաթղթերում տեսանելի է ԱՄՆ-ի հետաքրքրությունը հանքերի, օգտակար հանածոների և ռազմավարական նշանակության մետաղների նկատմամբ, որոնք կարևոր են բարձր տեխնոլոգիաների, թվայնացման և արհեստական բանականության զարգացման համար։
«Այսինքն՝ կարծես որևէ պատասխանատվություն չկա, բայց այն, ինչը ապագա զարգացման կարևոր մաս է՝ հաշվի առնելով թվայնացումը, բարձր տեխնոլոգիաներն ու արհեստական բանականությունը, նրանք արդեն «զբաղեցրել են»»,– ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Զախարովան նշել է, որ աշխարհում տասնամյակներ և դարեր շարունակ պայքար է գնում ռեսուրսներ ունեցող տարածաշրջանների համար։ Նրա պնդմամբ՝ Ռուսաստանն առաջարկում է այլ մոտեցում՝ հարաբերությունները զարգացնել փոխադարձ հարգանքի և փոխշահավետության հիման վրա։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանին առաջարկել և առաջարկում է հարաբերությունների զարգացում բոլոր ուղղություններով՝ էներգետիկա, առևտուր, զբոսաշրջություն։



















