«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը
– Տիկի՛ն Սամսոնյան, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին «Մարտի 1»-ի գործով նոր մեղադրանք ներկայացվեց։ Գործընթացն ինչպե՞ս եք գնահատում, ի՞նչ վերջնարդյունք եք ակնկալում։
– Ոչ մի ակնկալիք չունեմ այս գործերից։ Սրանք վերաբացվել են միայն Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավի շրջանակներում իրենց քաղաքական ռեյտինգը հետ բերելու համար։ Դատավարություններին նայում ես՝ ոչ մի լրջություն չկա։ Միայն Նիկոլ Փաշինյանը կարող էր այսպես անլրջացնել ու ձախողել «Մարտի 1»-ի գործը։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հիանալի հնարավորություն է Ռոբերտ Քոչարյանի համար՝ մեկընդմիշտ փակելու այս թեման և պարզերես դուրս գալու այդ բեռան տակից։ Դրա համար էլ նիստերի դահլիճում նստում է անխռով ու ականջակալներով։
– «Մարտի 1»-ի գործն այս իշխանության համար ի՞նչ նշանակություն ունի։
– «Մարտի 1»-ի գործը այս իշխանության համար ունի միայն քարոզչական նպատակ, արդարության հասնելու և եղելություն բացահայտելու նպատակ չկա։ Չգիտեմ, միգուցե որ եղելությունը բացահայտվի, Նիկոլ Փաշինյանն էլ կարող է խայտառակ լինել, այդ իսկ պատճառով կամք չի ցուցաբերում այս հարցի նկատմամբ։
– Ինչո՞ւ այս ընթացքում վերաբացեցին գործն ու նոր մեղադրանք առաջադրեցին։
– Գործերը վերաբացեցին, որովհետև այն Կառավարության նիստը, որտեղ վարչապետը հայտարարեց, որ իր համբերության բաժակը լցվել է, անուղղակի հրահանգ էր դատախազությանը և դատավորներին, որ պետք է ավելի ակտիվ աշխատեն նախկինների բաց դատավարություններով հանրությանը զբաղեցնելու համար, չէ՞ որ մարդկանց տեսարաններ են պետք, հատկապես եթե գլխավոր դերում երկրորդ նախագահ՝ «ահ ու սարսափ» տարածող Ռոբերտ Քոչարյանն է։
– Դատական այս գործընթացը կձգվի՞ մինչև 2026 թվականի հերթական ընտրությունները, տիկի՛ն Սամսոնյան։
– Այո՛, այս տեմպերով և դատավարական պրոցեսների բովանդակությամբ գործերը դեռ ձգձգվելու են, բայց եթե որոշեն, որ Նիկոլ Փաշինյանին 2026 թվականի խորհրդարանի ընտրություններից մի քանի օր առաջ դափնիներ են պետք, կարող է և չձգվի, ու կապ չունի՝ կլինի օբյեկտիվ, անաչառ դատաքննություն, թե ոչ։
– Հնարավոր համարո՞ւմ եք, որ Սերժ Սարգսյանին վերաբերող դատական գործերից մեկն էլ վերաբացեն, ու մեղադրյալի կարգավիճակ ստանա նաև երրորդ նախագահը։
– Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանին վերաբերող գործերը ոչ միայն կբացեն, այլև այդ գործերով կալանքի միջնորդություն կներկայացնեն։ Մեր օրերում դատավճռով ոչ մեկը չի պատժվում, բոլորին կալանավորում են, մի քանի ամիս պահում բանտում, և ժողովրդի մեջ ընկալում է ստեղծվում, որ եթե այդ մարդը նստած է քրեակատարողական հիմնարկում, ուրեմն պատժված է, բայց իրականում այդպես չէ։ Բոլոր կալանավորվածներին վաղ թե ուշ բաց են թողնում։
Գլխավոր դատախազը պառլամենտում իր ընտրության օրը վստահ ասում էր, թե կալանքը պատժի տեղ կիրառելու պրակտիկան անթույլատրելի է, և նա կվերացնի այդ պրակտիկան, բայց, ինչպես տեսնում եք, քաղաքական պատվերը հաղթում է մասնագիտական սկզբունքին և իրավականությանը։ Այս իմաստով Սերժ Սարգսյանին ժողովուրդը դեռ չի տեսել բանտում նստած, ինձ թվում է, անպայման մինչև քարոզարշավ պետք է տեսնի, թե չէ մի տեսակ արդար չի նախկինում կալանավորված Ռոբերտ Քոչարյանի հանդեպ։
– Կարծում եք՝ հանրությունը դեռ ակնկալիքնե՞ր ունի դատական այս գործընթացներից։
– Հանրությունը կորցրել է հավատը արդարությունը վերականգնելու իմաստով։ Հանրության մի մասը մտածում է, թե ինչպես փախչի երկրից, իսկ մնացողները՝ ինչպես ապրել բարեկեցիկ և խաղաղ այս երկրում։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















