Գագիկ Բեգլարյանը 230 մլն դրամ ենթադրյալ վնասը փոխանցել է պետությանը, բայց չի ընդունում մեղադրանքը. փաստաբան

Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը, որը մեղադրվում է պետությանը պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 230 միլիոն դրամ արժողությամբ անշարժ գույքը հափշտակելու համար, մեկամյա բացակայությունից հետո այժմ Հայաստանում է և պատրաստ է տալ ցուցմունքներ, մասնակցել քննչական գործողությունների:

Գագիկ Բեգլարյանը վկա է նաև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի գործով։ 

Բեգլարյանի վերաբերյալ քրեական գործի և նրա վերադառնալու հանգամանքների վերաբերյալ «Մեդիալաբը» մի քանի հարց է ուղղել Բեգլարյանի փաստաբան Հրանտ Անանյանին:

– Պարո՛ն Անանյան, ինչպե՞ս ստացվեց, որ Գագիկ Բեգլարյանը որոշեց վեադառնալ:

– Պարոն Բեգլարյանը ավելի վաղ դիմում էր ներկայացրել նախաքննական մարմնին՝ նշելով, որ ցանկանում է ինքնակամ ներկայանալ Հայաստանի Հանրապետություն ու ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին, մասնակցել քննչական դատավարական գործողություններին:

Նաև նշել էր, որ պատրաստակամ է գրավի համար մուծել, ենթադրյալ հանցանքի գումարի չափով գումար դեպոնացնել:

Այսինքն՝ պաշտպանության կողմը՝ ի դեմս ինձ, դիրքորոշում ենք արտահայտել, որ պատրաստ ենք վնասի չափով գումարը դեպոնացնել պետության հաշվեհամարին՝ քննությունը շարունակելու համար:

Բնականաբար, հնարավոր ռիսկերը դրանով էապես չեզոքանում կամ նվազում են, ինչով էլ պայմանավորված խնդրել ենք խափանման միջոցը փոփոխել:

Մեր այս դիմումը ներկայացնելուց հետո անձը ինքնակամ ներկայացել է «Զվարթնոց» օդանավակայան, որտեղից էլ ԱԱԾ համապատասխան աշխատակիցների ուղեկցությամբ գնացել ենք ԱԱԾ քննչական դեպարտամենտ, ու մի քանի ժամ քննչական գործողություններ են կատարվել: 

Այդ ընթացքում իմ միջնորդությունը բավարարվել է, ու խափանման միջոցը փոխվել է գրավով՝ 50 մլն դրամի չափով:

– Ձերբակալում որպես էդպիսին չի՞ եղել:

– Նա կալանավորվածի կարգավիճակ է ունեցել ՀՀ ժամանելուն պես և քննչական դեպարտամենտ իրավապահների ուղեկցությամբ է գնացել:

Բայց մեկուսարան չի մտել անձը, որովհետև քննչական-դատավարական գործողությունների ընթացքում վաղօրոք ներկայացրած իմ միջնորդությունը քննարկվել ու բավարարվել է:

Էլ կարիք չի եղել մեկուսարան տանելու: Բացի այդ, խնդրել էինք Գագիկ Բեգլարյանի՝ եղբոր հոգեհանգստյան արարողությանը մասնակցելու համար հարցը հրատապ ռեժիմով քննարկվի:

Այդպես էլ եղավ: Բայց միևնույն է, նույնիսկ եղբոր հոգեհանգստին պարոն Բեգլարյանը շատ ուշացած է ներկայացել: Այնպես չէ, որ ժամը վեցին հնարավոր է եղել հասնել եղբոր հոգեհանգստին:

– Պարո՛ն Անանյան, եթե եղբոր հետ կատարվածը չլիներ, Գագիկ Բեգլարյանը չէ՞ր վերադառնա Հայաստան:

– Պարոն Բեգլարյանը վաղուց էր ուզում ներկայանալ, բայց եղբոր հետ կատարվածը համընկավ ու արագացրեց պրոցեսը:

Նա մինչ այդ էլ նպատակ ուներ, ցանկություն ուներ, ու քննարկվում էր, որ ինքը գա, ներկայանա նախաքննական մարմնին, ու մենք էլ մտածում էինք, որ պետք է գա, որ քննությունն արդյունավետ ընթանա:

Անկեղծ եթե լինենք, քննությունն ընթանում է 2019 թվականի մայիսից, պարոն Բեգլարյանը Հայաստանից բացակայում է 2019-ի հոկտեմբերից, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել 2020-ի մարտին, բայց մինչ օրս այդ գործով կատարվում են քննչական գործողություններ, նշանակվում են փորձաքննություններ, և քննությունը ակտիվ ընթացքի մեջ է եղել:

Նաև ինչ-որ փուլ է գալիս, որ անձի ներկայանալը էական նշանակություն է ունենում քրեական գործի ճակատագրի հանգուցալուծման համար: 

– Դուք ասացիք՝ ենթադրյալ հանցանքի գումարի չափով փոխանցել եք պետության դեպոզիտ հաշվին: Արդյոք դա ենթադրո՞ւմ է, որ պարոն Բեգլարյանն ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը:

– Պարոն Բեգլարյանը վճարել է վերագրվող արարքով ենթադրաբար պատճառված վնասի չափով գումար՝ 230 մլն դրամ: Ո՛չ, դա չի ենթադրում, որ ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը. դատաքննչական պրակտիկայում կա կայուն նախադեպային իրավիճակ, որ մարդը զուտ իր կարգապահությունը քննության նկատմամբ ընդգծելու համար ենթադրյալ պատճառված վնասը դեպոնացնում է պետության համապատասխան հաշվեհամարին:

Սա և՛ պետության, և՛ գործով անցնող անձի համար ձեռնտու իրավիճակ է: Կա կայուն պրակտիկա, երբ մարդն ասում է, որ ինքը մեղադրանքը չի ընդունում, բայց եթե դուք ինձ կասկածում եք, ու քննությունն էլ շարունակվում է, այդ գումարը փոխանցում եմ պետության հաշվեհամարին, մինչև գործը հանգուցալուծվի՝ ըստ գործով ձեռք բերված ապացույցների:

Մարդ կա, որ ընդունում է՝ վնաս է պատճառել և այդ գումարը, որպես վնասի փոխհատուցում, վճարում է պետությանը: 

– Պաշտպանական ի՞նչ գործողություններ եք պատրաստվում անել այս գործի շրջանակներում:

– Պարոն Բեգլարյանի շահերի պաշտպանությունը ես իրականացնում եմ 2020 թվականից: Այս պահին քննություն է ընթանում, իրականում մեծածավալ քրեական գործ է, և մենք մեր փաստարկներն ու հակափաստարկներն ունենք առաջադրված մեղադրանքի կապակցությամբ, և  ցուցմունքներով, լրացուցիչ նյութեր ներկայացնելով, մեր փաստարկները վկայակոչելով պետք է սպասենք, տեսնենք՝ ինչ զարգացում կունենա քրեական գործի նախաքննությունը: Օրգանական պրոցես է, պետք է սպասենք:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am