Նիկոլ Փաշինյան. Հիսուսից հետո երկրորդ մարդը

Մհեր Արշակյան

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում ասել է. «Նույնիսկ Հիսուս Քրիստոսի ընտրած կադրերի մեջ դավաճաններ կային»: 

Հենց Քրիստոսով է Փաշինյանը բացատրել, թե ինչո՛ւ իր կադրային քաղաքականությունն անթերի չէ: Սակայն նրա «արդարացումներում» փոքրիկ խնդիր կա: Քրիստոսը չի սխալվել նույնիսկ ակամայից: 

Երկրորդ՝ նրա սխալը մյուսներին ոչինչ չի արժեցել: 

Քրիստոսը գիտեր, որ դավաճանին է վերցնում, դուք չգիտեք: 

Քրիստոսն իր վերջը գիտի, դուք չգիտեք, Քրիստոսը քաղաքականություն չի իրականացրել, դուք իրականացնում եք, Քրիստոսը համբուրում է դավաճանին, դուք չեք համբուրի դավաճան թիմակցին: 

Քրիստոսը գիտեր: Ահա՛ հիմնական տարբերությունը: 

Եթե գիտես, որ դավաճանին ես ներգրավում քո առաքելության մեջ, ուրեմն չես սխալվել, իսկ եթե չգիտես, որ դավաճանին ես դարձնում քեզ աշակերտ, ուրեմն դու օրինակ չես: Քո մասին ոչ ոք չի վկայի: Թբիլիսիում քեզ չեն «վերակենդանացնի»:

Այ Հուդան գուցե չգիտեր, որ դավաճանելու էր, ինչպես Պետրոսն ուրացումից տեղյակ չէր նույնիսկ այն պահին, երբ Քրիստոսը նայում է նրա աչքերի մեջ և ասում, որ ուրանալու ես: Սա պետք է հիշեք` 

Քրիստոսը Հուդային շանս չի տվել, որ չդավաճանի, նա ուղղակի վերցրել է Հուդային, որովհետև գիտեր, որ մարդ է վերցնում, ոչ թե Աստված, որը չի դավաճանելու: 

Ձեր ողբերգությունն այն է, որ դուք չգիտեք, Քրիստոսի ողբերգությունն այն է, որ ինքը գիտի: 

Ձեր կադրերի դավաճանությունը թուլացնում է մեզ, Հուդայի դավաճանությունը եղավ այն մերանը, որը հետագա բոլոր դավաճանությունները դարձրեց անիմաստ: 

Հետո՝ ո՞վ ասաց, որ Քրիստոսի «սխալը» երաշխավորում է մերը: Նա «սխալվում» է այն գործիքներով, որոնք մեզ պետք են գալու որպես ճշմարտություն: Նա ցույց է տալիս դավաճանին, որպեսզի դուք չներքաշվեք դավաճանության մեջ: 

Քրիստոսից հետո ոչ թե կադրերն են դավաճանում, այլ ինքներդ ձեզ եք դավաճանում, երբ ձեր կադրերը սխալ են: Բայց դուք մարդ եք, սխալականությունը ձեզ խորթ չէ, հետևաբար ում էլ ընտրեք որպես ձեր կադր, դուք ընտրում եք սխալվելու կանխավարկածով:

Քրիստոսն այդ կանխավարկածով չէր ընտրում: Նա դավաճանին ընտրել էր հենց որպես դավաճան ու տվել էր բոլոր գործիքներն այդպիսին չլինելու: 

Ավելին, Հուդան ինքն էր եկել Հիսուսի մոտ, իսկ քո դավաճանին ինքներդ եք ընտրել: Եվ մի բան էլ: Դավաճանելն այդքան հեշտ չէ, որովհետև ոչ ոք քո սխալականությունից ավելի սխալական չէ, հենց սխալականությունն է մեզ հավասարեցնում: 

Խնդիրն այն չէ, որ Հուդան Քրիստոսին է դավաճանում, այլ այն, որ Հուդան չի կարող դավաճանել Հիսուսին առանց իրեն դավաճանելու: Ահա ինչու ինքնասպան եղավ:

Քրիստոսը «լեգիտիմ» չէր, եթե մոռանանք մարգարեներին, ոչ ոք նրան չէր կարգել Աստծո Որդի: Նա եկավ ու ներկայացավ: Նրան հավատացին: Հուդան նույնպես հավատացել էր, ուղղակի իր բնության հետ կռվում պարտվեց նա: Դուք լեգիտիմ եք, բայց ձեր կադրերին Հիսուսի «կադրերից» տարբերում է այն, որ երբ ձերոնք գալիս են առաջին պլան, դուք գոյություն չունեք: 

Հեղափոխությունն էլ կապ չունի: Նրանք՝ ձեր կադրերը, միջին վիճակագրական մարդիկ են: Նրանք կրծքով կպաշտպանեն իրենց բարեկեցությունը և ոչ թե ձեզ կամ հեղափոխությունը: Այդպիսի մարդիկ դավաճաններ չեն կարող լինել: Որովհետև իրենք իրենց չեն դավաճանել: Իրենց էության մեջ ձեր հաղթանակը չկա: Դավաճանելու համար սերը՝ դավաճանի սերը պետք է անչափելի լինի: 

Հուդայից հետո դավաճանությունը «սխրանք» է, մարդկային էության սխրանք: Եթե այդպիսի մի դավաճան գտնվեր մոլորակում, հավանաբար Քրիստոսի երկրորդ գալուստը չուշանար:

Պետական գործչի միակ սխրանքն այն է, որ իր «դավաճանին» կարողանա կանգնեցնել մինչև համբույրը:

Մենք էլ ենք մեղք, պարո՛ն վարչապետ: Մեզնից է գնում: 

Մհեր Արշակյան
MediaLab.am